Մեկ տարի առաջ երեք ատյաններում կաշառքը 500-50 000 դոլար էր. իսկ ի՞նչ արժե արդարադատությունն այսօր
Թե ինչպես է մեր արդարադատությունը հաջողացնում իրականացվել այնպես, որ կոնկրետ տարածքում, կոնկրետ մարդկանց ներկայությամբ ու մասնակցությամբ մարդ է սպանվում (դիցուք, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան բակում), սակայն սպանողին մինչ օրս ոչ մի կերպ գտնել չի հաջողվում: Ստոր հերյուրանք է, իբրև թե դա հնարավոր է միայն միլիոնավոր դոլար կաշառք տալու դեպքում: Որն իբրև թե տվել է Սուրեն Խաչատրյանը (նման կասկածներ կարող են ծագել միայն վերջացած սրիկայի գլխում):
Ինչ խոսք, մեր դատավորներն Էրքյուլ Պուարո չեն և ոչ էլ միսս Մարփլ: Հե՞շտ է գտնել՝ ով է մարդասպանը, երբ սպանությունը տեսագրվել է, երբ սպանության վայրում սահմանափակ թվով մարդիկ են եղել: Ուղղակի անհնար է: Եվ եթե այս գործում ներգրավված իրավաբանները, մասնավորապես՝ Սուրեն Խաչատրյանի որդու փաստաբանը, ավելի պրոֆեսիոնալ լինեին, կարող են ապացուցել, թե այստեղ իր գործն է արել Ճակատագիրը, որից սպանված Ավետիք Բուդաղյանը ուղղակի չի կարողացել խուսափել: Եվ, հավատացեք, Ավետիք Բուդաղյանի սպանության ամենահավանական տարբերակը սա է, քանի որ կա սպանված, բայց որևէ մեկին սպանության մեջ չեն կասկածում:
Այլ է արտիստ Վարդան Պետրոսյանի դեպքը: Ողբերգական ավտովթարից օրեր անց նրա հանդեպ ընտրվեց կալանքը՝ որպես խափանման միջոց: Դե՜, մինչև պարզվեն գործի հանգամանքները: Այդ Սուրեն Խաչատրյանն է, որ ազատության մեջ գտնվելով` չի կարող իրեն թույլ տալ որևէ ձևով միջամտել գործի քննությանը:
Մեր արդարադատությունն ուներ բոլոր հիմնավոր կասկածները, որ Վարդան Պետրոսյանը հասարակության համար վտանգ ներկայացնող հանցագործ է, որին րոպե առաջ մեկուսացնելն ուղղակի շնորհակալ գործ է:
Մինչ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այս օրերին շարունակվում է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան բակում տեղի ունեցած սպանության գործի քննությունը (սա Մոլիերի գրչին արժանի ֆարս է), լրագրողների հետ նոյեմբերի 29-ին հանդիպեց Սլովակիայի փորձագիտական կենտրոնի ղեկավար Գուստավ Կասանիսկին:
Նրա ղեկավարած փորձագիտական կենտրոնը կատարել է վթարի մոդելավորում, համադրել ավտոմեքենաների դեֆորմացիաները, ուսումնասիրել լուսանկարներն ու եղած այլ տվյալներ, որոնք, ըստ փորձագետի, «100 տոկոս վստահություն են տալիս, որ վթարը տեղի է ունեցել ճանապարհի վրա: Ոչ մի դեպքում վթարը չէր կարող տեղի ունեցած լինել կողնակում»: Փորձագիտական այս եզրակացությանը լրացուցիչ վստահություն է տալիս այն, որ վթարի մոդելավորման վրա աշխատել են 15 այլ մասնագետներ:
Արդարադատությունը հաշվի կառնի՞ հեղինակավոր ու անաչառ փորձագիտական այս խմբի եզրակացությունը: Կուզեի սխալվել, սակայն կարծում եմ՝ ո՛չ, հաշվի չի առնի: Ինչպես նաև վստահ եմ, որ Սուրիկ Խաչատրյանի որդին ու թիկնապահն այս դատավարությունից անմեղ դուրս կգան:
Սակայն, հասկանալի է, որ երկու դեպքում էլ կգործի այն արդարադատությունը, որի մասին այնքան խնամքով, անցած տարի ճիշտ այս օրերին իր հաշվետվության մեջ ներկայացրեց Մարդու իրավունքների պաշտպանը: Զեկույցը կազմողները հղում էին արել «Կոռուպցիայի համաշխարհային բարոմետր-2013» հարցման արդյունքներին, ըստ որոնց՝ Հայաստանում անցկացրած հարցումների մասնակիցների 69 տոկոսը համարել է, որ դատական համակարգը կոռումպացված է կամ ծայրահեղ կոռումպացված, իսկ հարցվածների 18 տոկոսը հայտարարել է դատարաններին կաշառք տալու փաստի մասին:
«Հարցվածների մեծ մասի պնդմամբ՝ կաշառքի սակագները տատանվում են հետևյալ միջակայքում. Առաջին ատյանում՝ 500-10 000 դոլար, Վերաքննիչ դատարանում՝ 2000-15 000 դոլար, Վճռաբեկ դատարանում՝ 10 000- 50 000 դոլար»:
Զեկույցը հրապարակվել էր Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առիթով՝ դեկտեմբերի 10-ին:
Զեկույցում, որը հանիրավի մոռացության է մատնվել, մեր դատաիրավական համակարգի մասին կան շատ հետաքրքիր տեղեկություններ, որոնց մասին, անկեղծ լինենք, գիտեն բոլոր նրանք, ովքեր ստիպված են եղել շփվել ամենակոռումպացված այս համակարգի ներկայացուցիչների հետ:
Եվ այդքանից հետո դատավորները սանկցիաներով կամ ինչ-ինչ օրենքների կիրառմամբ են սպառնում Հայկ Կյուրեղյանին, որը ոտքի չի կանգնում հայտնի՝ «Ոտքի՛, դատարանն է գալիս» իրազեկումից հետո: Ոտքի կանգնում են, եթե չեմ սխալվում, հարգանքից, պատկառանքից ելնելով: Եթե Հայկ Կյուրեղյանը ոտքի չի կանգնում, ուրեմն պատկառանք կամ հարգանք չի տածում դատարանի հանդեպ, գտնում է (ընդ որում՝ ունենալով բոլոր հիմքերը), որ մեր դատարաններում եթե ինչ-որ բան իրականացվում է, ապա ամենևին` ոչ արդարադատություն:
Ընդունված է կարծել, թե մարդու համար ամենակարևորն ազատությունն է: Կամ՝ ազատությունն ու արդարությունը հավասարապես անհրաժեշտ են:
Բայց այդպե՞ս է: Արդարությունն, այդուհանդերձ, ազատությունից անհրաժեշտ է: Մարդը չի կարող ապրել թե՛ առանց թթվածնի, թե՛ առանց ջրի: Սակայն, ըստ բժիշկների, մարդն առանց թթվածնի կմահանա 1-2 րոպե անց, իսկ առանց ջրի կարող է ապրել 5 օր: 5 օրը ևս սահմանափակ ժամանակ է, սակայն 5 օրը նաև հնարավորություն է:
Մեր արդարադատությունն այնքան անարդար ու կոռումպացված է, որ մարդու շունչն իրո՛ք կտրվում է: Մարդասպանին արդարացնող և անմեղ մարդուն դատապարտող դատավորների հավաստիացումը՝ վճիռները հրապարակելուց առաջ. «Հանուն Հայաստանի Հանրապետության», բացարձակ արժանահավատ չեն: Արժանահավատ կլիներ այսպես. «Բոլոր այն ճշմարտությունները, որոնք կներկայացնենք ստորև, ստոր ստեր են»…
Հ.Գ. Վերջին նախադասությունը Կուրտ Վոնեգուտի «Կատվի օրորոց» ստեղծագործությունից է: