Ադրբեջանը պատմության մեջ կմնա որպես իրավապաշտպանների հանդեպ չտեսնված ճնշում գործադրած երկիր. Մույժնիեքս
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` Մարդու իրավունքների հարցերով եվրահանձնակատար Նիլս Մույժնիեքսը հայտարարել է, որ այդ պաշտոնում իր 2.5-ամյա աշխատանքի ընթացքում ամենաբարդ առաքելությունը 2014 թվականի հոկտեմբերին Ադրբեջան մեկնելն էր:
Մույժնիեքսն այս մասին գրել է Facebook-ի իր էջում. «Նավթով ու գազով հարուստ այդ երկիրն ավարտեց Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում նախագահելու իր առաքելությունը: Ադրբեջանը պատմության մեջ կմնա որպես երկիր, ուր իրավապաշտպանների հանդեպ գործադրվել է չտեսնված ճնշում:
Ինձ ծանոթ բազմաթիվ իրավապաշտպաններ գտնվում են Ադրբեջանի բանտերում: Սրտի ցավով այցելեցի Լեյլա Յունուսին` երկրի ամենահայտնի իրավապաշտպանին, Եվրախորհրդարանի` Սախառովի անվան մրցանակի երեք հավակնորդներից մեկին:
Մեր կեսժամյա զրույցի ընթացքում նա արտասվել է` տառապելով դիաբեթից, հեպատիտ C-ից ու երիկամների խնդրից: Ադրբեջանից մեկնելու օրը ևս չորս ամսով երկարաձգվեց Յունուսին կալանքի տակ պահելու ժամկետը:
Ծանր է Եվրոպայի Խորհրդի գլխավոր գործընկերներին բանտում տեսնելը: Դա խանգարում է Ադրբեջանի հետ ԵԽ-ի նորմալ համագործակցությանը: Այդ բռնությունները պետք է դադարեցվեն անհապաղ: