ԵՏՄ-ին անդամակցությունն անշրջելի է և պարտադրված
Երեկ Հայաստանի Սահմանադրական դատարանը քննարկում էր Հայաստանի և ԵՏՄ-ին միանալու համաձայնագրի սահմանադրականության հարցը:
Ինչպես և սպասվում էր, ՍԴ-ն այն ճանաչեց Սահմանադրությանը համապատասխանող: Այն պահին, երբ ՍԴ-ն դռնփակ քննում էր այն հարցը, թե որքանով է համաձայնագիրը համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ մի խումբ քաղաքացիներ, ԱԻՄ և «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչներ ՍԴ-ի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանք պնդում էին, որ համաձայնագիրը հակասահմանադրական է, քանի որ հակասում է Սահմանադրության առաջին անփոփոխ կետին, ըստ որի` Հայաստանն ինքնիշխան պետություն է:
Արդյո՞ք ԵՏՄ-ի հետ կնքված համաձայնագիրը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, և արդյո՞ք դառնալով այդ միության անդամ` Հայաստանը կորցնում է իր ինքնիշխանությունը: Երեկ մինչ ՍԴ որոշումը մենք այս հարցն ուղղեցինք խորհրդարանական բոլոր վեց խմբակցությունների ներկայացուցիչներին:
Ամենախուսափողական պատասխանը տվեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով հայտարարեց, որ այդ հարցին պատասխանել է Լևոն Տեր-Պետրոսյանը հոկտեմբերի 24-ի հանրահավաքում ունեցած իր ելույթի ժամանակ: Մեր այն պնդմանը, թե այնուամենայնիվ, հակասահմանադրակա՞ն է համաձայնագիրը, թե՞ ոչ, Զուրաբյանը այո կամ ոչ պատասխանելու փոխարեն` դարձյալ խորհուրդ տվեց ընթերցել Տեր-Պետրոսյանի ելույթը:
Նշենք, որ այդ ելույթում Տեր-Պետրոսյանը ոչ թե պատասխանել է հարցին, այլ ընդամենը լղոզել է հարցի պատասխանը` ասելով, որ ցանկացած միջազգային կազմակերպության անդամագրվելով և այդ կազմակերպության անդամների հետ փոխադարձ պարտավորություններ ստանձնելով` պետությունները սեփական կամքով մասնակիորեն կորցնում են իրենց ինքնիշխանությունը, որովհետև զրկվում են այդ պարտավորությունների շրջանակում ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքից: Տեր-Պետրոսյանն իր ելույթում ԵՏՄ-ն համեմատել է ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ ԽՎ-ի և մյուս միջազգային կազմակերպությունների հետ:
Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ Հայաստանն իր կամքով չի զիջում իր ինքնիշխանության մի մասը, ավելի կարևոր է հասկանալ` արդյո՞ք այդ մասն այնքան մեծ չէ, որ այն զիջելու դեպքում Հայաստանը դադարում է ինքնիշխան պետություն լինելուց՝ վերածվելով մի այնպիսի պետության, ինչպիսին Խորհրդային Հայաստանն էր, որի անկախացման համար պայքարող Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր Հայաստանի ապաանկախացումն անշրջելի է համարում:
ՕԵԿ խմբակցության անդամ Լևոն Դոխոլյանը մեր նույն հարցին պատասխանելով ասում է, որ այդ հարցը ՍԴ իրավասության տիրույթում է, և ՍԴ-ն պետք է որոշի համաձայնագրի սահմանադրականության հարցը, իսկ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը հայտարարում է, որ համաձայնագիրը բխում է Հայաստանի ազգային շահերից: Սա նշանակում է, որ ՕԵԿ-ը միանգամայն վստահում է ՍԴ-ին և նրա որոշումները համարում է ջրի պես ճշմարտացի, մանավանդ որ, այն համապատասխանում է ազգային շահերի իրենց պատկերացմանը:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ անկեղծորեն խոստովանում է, որ տեխնիկապես հնարավոր չի եղել ծանոթանալ հարյուրավոր էջերից կազմված փաստաթղթին, և խմբակցությունում էլ այս հարցում քննարկում չի եղել: Բայց նա համարում է, որ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին հարկադրված որոշում էր, և այդ հարկադրանքը կապված է մեր անվտանգության խնդիրների հետ: Քանի որ հարկադրված ենք եղել ստորագրել, ի՞նչ իմաստ ունի քննարկել` սահմանադրակա՞ն է, թե՞ ոչ. մոտավորապես այսպես կարելի է ձևակերպել ՀՅԴ դիրքորոշումը:
ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանն ասում է, որ ինքը ԵՏՄ-ին միանալու համաձայնագրում հակասահմանադրական կետեր չի տեսնում: Մարգարյանը ԵՏՄ-ն համարում է տնտեսական միություն և կարծում է, որ այդ միության մեջ որքան Ղազախստանի, Բելառուսի կամ Ռուսաստանի ինքնիշխանությունն է սահմանափակվում, նույն չափով պետք է սահմանափակվի Հայաստանինը, իսկ եթե Հայաստանինն ավելի շատ է սահմանափակվում, ապա դրա մեղավորը Հայաստանի իշխանություններն են, որոնք չեն կարողանում պաշտպանել մեր ազգային շահերը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ևս համարում է, որ համաձայնագրի սահմանադրականության հարցը որոշողը ՍԴ-ն է, և երբ այն ՍԴ-ից կգա խորհրդարան` իրենք կքննարկեն այն և կներկայացնեն իրենց որոշումը:
Միակ խորհրդարանական խմբակցությունը, որը համաձայնագիրը հակասահմանադրական է համարում և գտնում է, որ այն հակասում է Հայաստանի ու Արցախի շահերին, «Ժառանգությունն» է: Խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասում է, որ իրենք ի սկզբանե դեմ են եղել Հայաստանի՝ որևէ նման «ալյանսին» անդամակցությանը, անկախ նրանից` ՀՀ-ն կանդամակցի ԵՏՄ-ի՞ն, թե՞ ԵՄ-ին, որովհետև, եթե Հայաստանը միանում է որևէ ալյանսի առանց Արցախի, ապա դա հեռացնում է Հայաստանն Արցախից:
Ամբողջ աշխարհը տևական ժամանակ խոսում է այն մասին, որ Ռուսաստանի նախագահը նախաձեռնել է նոր Խորհրդային Միության ստեղծում: ՌԴ նախագահն ինքն էլ չի թաքցնում, որ ԽՍՀՄ-ի փլուզումը համարում է 20-րդ դարի աշխարհաքաղաքական աղետներից մեկը, և պարզ է, որ նրա նպատակն այդ աղետի հետևանքների վերացումն է: Եվ այս պայմաններում Հայաստանի քաղաքական ուժերի ներկայացուցիչները փորձում են ԵՏՄ-ն համեմատել ԵԱՀԿ-ի կամ ԵԽ ԽՎ-ի, իսկ Հայաստանը` Ղազախստանի կամ Բելառուսի հետ:
Բոլորի համար էլ պարզ է, որ անդամակցելով այդ միությանը` Հայաստանը կորցնելու է իր ունեցած չնչին ինքնիշխանության մնացորդները, և իր կարգավիճակով մոտենալու է Խորհրդային Հայաստանին: Խմբակցությունների մեծ մասի ներկայացուցիչների, բացի ՕԵԿ-ից, պատասխաններից պարզ էր մի բան. Հայաստանը դատապարտված է միանալ այդ որոշմանը, բայց իրենք չեն կարող խոստովանել կամ բացահայտ խոսել դրա մասին, որովհետև կբացահայտեն իրենց անզորությունը: Նրանց հույսն այն է, որ, ի տարբերություն ԽՍՀՄ-ի, ԵՏՄ-ն ավելի կարճ կյանք կունենա: