«Անհեթեթություն է, որ Արտակ Բուդաղյանի քրեական գործով տուժողի իրավահաջորդ հանդես գա Էմիլ Բուդաղյանը»

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ավետիք Բուդաղյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը: Քրեական գործով վերջին դատական նիստի ընթացքում դատավորը որոշել է վերացնել 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած դեպքերի մասնակից Նիկոլայ Աբրահամյանի տուժողի և Էմիլ Բուդաղյանի տուժողի իրավահաջորդի կարգավիճակը: Դատարանը նշել էր, որ այս երկու անձինք կապ չունեն մեղադրանքի ծավալի հետ: Դատարանը որոշել է Նիկոլայ Աբրահամյանին հարցաքննել որպես վկա, անհրաժեշտության դեպքում որպես վկա հարցաքննել նաև Ավետիք Բուդաղյանի հորը՝ Էմիլ Բուդաղյանին:

Այժմ քրեական գործով տուժողի կարգավիճակ ունի միայն Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կինը՝ Լորետա Բարսեղյանը:

«Ես գտնում եմ, որ դատարանն իրավասություն չուներ օրենքով նման որոշում կայացնելու: Երբ ես դատարանին հարցրի, թե ո՞ր օրենքի հիման վրա է այդպիսի որոշում կայացրել, դատարանը ո՞ր օրենքով նման լիազորություն ունի, դատարանն ասաց՝ ես դա կայացրեցի, որովհետև օրենքով ինձ արգելված չէ այդպիսի որոշում կայացնելը, բայց կա հակառակ կանխավարկածը. պետական մարմինները, այդ թվում` դատարանը, ոչ թե իրավասու են կատարել ամեն ինչ, ինչ օրենքով արգելված չէ, այլ հակառակը. նրանք կարող են կատարել միայն այն, ինչ օրենքով ուղիղ իրենց վերապահված է: Տվյալ դեպքում դատարանը, իմ կարծիքով, իր լիազորությունների սահմաններից դուրս եկավ»,- խոսելով դատարանի որոշման մասին՝ մեզ հետ զրույցում ասաց գործով ամբաստանյալ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

AlumyanՄեր հարցին՝ արդյոք որոշումը կարո՞ղ է ազդեցություն ունենալ Էմիլ Բուդաղյանի իրավունքների վրա, փաստաբանը պատասխանեց. «Իհարկե: Էմիլ Բուդաղյանը սրանից հետո դատավարությանը որպես ակտիվ կողմ այլևս չի կարողանա մասնակցել, միջնորդություններ անել, դատական ակտը բողոքարկել: Իհարկե, նրա իրավունքների վրա անդրադառնում է: Ուրիշ բան է, որ ես այնտեղ նաև Արտակ Բուդաղյանի պաշտպանն եմ ու այդ լիազորությունները ես կիրականացնեմ` որպես Արտակ Բուդաղյանի պաշտպան: Դա ուրիշ բան է: Կոնկրետ այս գործով կարելի է տեխնիկապես իրականացնել այն, ինչից կզրկվի Էմիլ Բուդաղյանը: Բայց, մեծ հաշվով, Էմիլ Բուդաղյանին զրկեցին մի շարք իրավունքներից»: Հայկ Ալումյանից հետաքրքրվեցինք, թե նրա կարծիքով` ինչո՞վ է պայմանավորված դատարանի որոշումը, եթե նրա կարծիքով` դատարանը դուրս է եկել իր լիազորություններից: Ի պատասխան` փաստաբանն ասաց, որ ինքը դա նախ և առաջ պայմանավորում է նախաքննության կոպիտ սխալներով. նրա խոսքով՝ դատարանում չկա ամբաստանյալ, ում մեղադրում են Ավետիք Բուդաղյանի սպանության համար.

Կարդացեք նաև

«Անհեթեթ մի շարք որոշումների արդյունքում ստացվեց այնպես, որ տուժող կա, բայց ամբաստանյալ, որի գործողությունների հետևանքով այս մարդը տուժել է, գոյություն չունի: Դրա համար էլ այս ամբողջ աբսուրդն առաջացավ: Եվ դատարանն այդ աբսուրդային վիճակից փնտրում է ելքեր, և ելքը գտավ այնտեղ, որտեղ իրականում չպիտի փնտրվեր ելքը»:

Հարցին, թե իր կարծիքով՝ դատարանը որտե՞ղ պետք է փնտրեր այդ ելքը, փաստաբանը պատասխանեց, որ դատարանը վերջնական դատական ակտով պետք է փաստեր մի շարք հանգամանքներ. «Նախ, իմ կարծիքով՝ արդարացներ: Դա, իհարկե, դեռ ապագայի հարց է: Հուսով եմ, որ արդարացման դատավճիռ պիտի կայացվի Արտակ Բուդաղյանի վերաբերյալ, բայց դրա հետ միասին նկարագրական-պատճառաբանական մասում նաև գնահատականներ պետք է տրվեին, թե ինչու է ստեղծվել այս անհեթեթ իրավիճակը»:
Փաստաբանն ասաց նաև, որ դատարանի այս որոշումը բողոքարկման ենթակա է. «Նույնիսկ առանձին ակտի ձևով չկա այդ որոշումը: Ես ասացի՝ Դուք ինձ տվեք այդ որոշման օրինակը, ծանոթանամ, ասաց՝ ես դա առանձին ակտի ձևով չեմ կայացրել, դա պարզապես բանավոր ձևով հայտարարել եմ, ձայնագրվել է»:

Խոսելով դատարանի որոշման մասին՝ տուժող Լորետա Բարսեղյանի ներկայացուցիչ Ռուբեն Սահակյանն ասաց, որ դատարան է ուղարկվել Արտակ Բուդաղյանի կողմից սպանության սպառնալիքներ տալու մեղադրանքով գործը. «Այդ մեղադրանքն առաջադրելու համար հիմք է հանդիսացել Լորետա Բարսեղյանի դիմումը, որ Արտակ Բուդաղյանը սպառնալիքներ է տվել: Այստեղից տրամաբանություն՝ ո՞վ է տուժողը գործով՝ Լորետա Բարսեղյանը: Հետևաբար՝ միայն և միայն նա պետք է լինի տուժողը, բայց դատարան է ուղարկվել ամբողջ գործը՝ կապված 2013թ. հունիսի 1-ի իրադարձությունների հետ, որում եղել են տուժողներ նաև Նիկոլայ Աբրահամյանը, որը տուժող է ճանաչվել միայն Ավետիք Բուդաղյանի կողմից իր վրա կրակելու և մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ:

Հիմա եկեք տրամաբանենք, չխոսենք օրենքի մասին, որքանո՞վ է տրամաբանական, որ Արտակ Բուդաղյանի կողմից սպանության սպառնալիքներ տալու վերաբերյալ գործով որպես տուժող պետք է հանդես գա նաև Նիկոլայ Աբրահամյանը:

Տրամաբանություն բացարձակապես չկա: Հետևաբար՝ դատարանը շատ ճիշտ է վարվել, որ կայացրել է որոշում՝ նրան դատակոչի ցուցակից որպես տուժող հանելու մասին: Ինչի՞ մասին է խոսքը: Ովքեր որ ասում են հակառակը՝ թող բացատրեն օրենքը: Ովքեր որ ասում են հակառակը՝ թող ասեն՝ իրենք իրավաբա՞ն են, թե՞ իրավաբան չեն, ովքեր որ ասում են հակառակը, թող ասեն՝ ինչո՞ւ են այդ բանն անում, արդյոք շահարկման համա՞ր չեն անում»:

Խոսելով Էմիլ Բուդաղյանի՝ տուժողի իրավահաջորդի կարգավիճակը վերացնելու որոշման մասին, փաստաբանն ասաց. «Դա անհեթեթություն է, որ Արտակ Բուդաղյանի քրեական գործով տուժողի իրավահաջորդ հանդես գա Էմիլ Բուդաղյանը: Տուժողի իրավահաջորդն այն անձն է, որն օժտված է տուժողի իրավունքներով, որը չի կարող իրականացնել իր իրավունքները: Տվյալ դեպքում Ավետիք Բուդաղյանը մահացել է, Ավետիք Բուդաղյանի մահվան կապակցությամբ տուժողի իրավահաջորդ է ճանաչվել նրա հայրը: Հետևաբար՝ եթե նա հանդես է գալիս այս գործով՝ Արտակ Բուդաղյանի գործով որպես տուժողի իրավահաջորդ, ապա ստացվում է, որ նա հանդես է գալիս մեղադրանքի կողմից: Ո՞ւմ է մեղադրում, ո՞ւմ պետք է մեղադրի տուժողի իրավահաջորդ Էմիլ Բուդաղյանը: Իր որդի Արտակ Բուդաղյանի՞ն: Ո՛չ: Արտակ Բուդաղյանն Ավետիք Բուդաղյանի մահվան մեջ ուղղակի առնչություն չունի: Խոսքն ուղղակի առնչության մասին է:

Հետևաբար՝ արդյոք աբսուրդ չէ՞, որ Էմիլ Բուդաղյանը գործով հանդես գա որպես տուժողի իրավահաջորդ, և եթե Արտակ Բուդաղյանի մասով, դիցուք, ընդունենք, որ կայացվի մեղադրական դատավճիռ կամ արդարացման դատավճիռ, իրավունք ունենա բողոքարկելու այդ որոշումը, այդ դատական ակտը: Էլի աբսուրդ: Դատարանը ճիշտ ղեկավարվեց, որ 58-րդ հոդվածի համաձայն՝ տուժող է հանդիսանում այն անձը, որին հանցագործությամբ պատճառվել է ֆիզիկական, բարոյական կամ գույքային վնաս: Նիկոլայ Աբրահամյանին սպառնալիքներ տալով ոչ մի տեսակի վնաս չի պատճառվել, հետևաբար՝ նա ինչպե՞ս կարող է որպես տուժող հանդես գալ: Նույնը Էմիլ Բուդաղյանը:

Ինչո՞ւ պետք է հանդես գա որպես տուժողի իրավահաջորդ, եթե իրեն չի պատճառվել ոչ գույքային, ոչ ֆիզիկական, ոչ բարոյական վնաս Արտակ Բուդաղյանի կողմից սպառնալիքներ տալու արդյունքում: Ահա սա պրիմիտիվ բացատրությունը, որ ես տվեցի: Ի դեպ, այդ մասին ես ասել եմ դատական առաջին նիստում: Դատավորը, չգիտես ինչու, անտեսեց այդ բանը: Երկրորդ թե երրորդ նիստում այդ բանն ասացի, էլի անտեսեց, հետո ինքնուրույն որոշում կայացրեց: Երևի ինչ-որ տեղ գտավ, որ ճիշտը դա է, և ճիշտ վարվեց»:

Տեսանյութեր

Լրահոս