Համլետ Հարությունյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին. Արտահերթ ընտրությունների մասին խոսք լինել չի կարող
«Իշխանությունները միշտ էլ պատրաստ են երկխոսության ցանկացած հարցով, բայց ոչ այնպիսի հարցերի շուրջ, որոնք տրամաբանության շրջանակներից դուրս են»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը՝ մեկնաբանելով հոկտեմբերի 10-ի հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքը, որ երկխոսության և փոխզիջումային լուծումների առաջարկները պետք է բխեն իշխանություններից:
Հարցին՝ խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրությունները տրամաբանության շրջանակներո՞ւմ են, Հ. Հարությունյանը պատասխանեց. «Տրամաբանությունից դուրս են, արտահերթ ընտրությունների մասին խոսք լինել չի կարող օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից ելնելով: Արտահերթ ընտրությունները քաղաքական ճգնաժամի հետևանքով է լինում, որը Հայաստանում գոյություն չունի: Այսինքն՝ ունի, բայց ընդդիմության կողմից սարքովի գաղափար է»:
Հիշեցնենք, որ հանրահավաքի ժամանակ Լ. Տեր-Պետրոսյանը խոսել էր արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին ու նշել, որ վարչախմբից այլևս սպասելիք չունենալով, այսուհետև նրան պահանջներ կամ փոխզիջումային առաջարկներ, առավել ևս վեջնագրեր չեն ներկայացնելու, իրենց ծրագրերն ու նպատակները հստակ են, ուստի երկխոսության և փոխզիջումային լուծումների առաջարկները պետք է բխեն իշխանություններից։