Երևանի բնակիչը մեղադրվում է անչափահաս դստեր նկատմամբ սեռական ակտին բնորոշ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ

Դատարանը որոշել է նրան տեղավորել հոգեբուժարանում

Առաջին ատյանի դատարանի որոշմամբ՝ Երևանի բնակչի նկատմամբ կիրառվել են բժշկական բնույթի հարկադրական միջոցներ՝ տեղավորելով հոգեբուժական կազմակերպությունում` ընդհանուր տիպի հոգեբուժական բաժանմունքում:
Նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր տանը դստերը պառկեցրել է մահճակալին, հանել վերջինիս տաբատը և ներքնազգեստը, ինքը հանել է իրենը ու իր սեռական օրգանն ուղղելով երեխայի կողմը՝ պառկել է վերջինիս վրա և կատարել սեռական ակտին բնորոշ անառակաբարո գործողություններ: Հետագայում նրան մեղադրանք է առաջադրվել նաև կնոջը սպանության սպառնալիքներ տալու համար:

Ինչպես նշված է առաջին ատյանի դատարանի որոշման մեջ, նշանակվել է կրկնակի ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ ամբաստանյալը տառապել և տառապում է մի քանի հիվանդություններով: Իրավախախտումները կատարելիս գտնվել է հիվանդագին խանգարված վիճակում, որը զրկել է նրան իր գործողությունների վտանգավորությունը գիտակցելու և դրանք ղեկավարելու ունակությունից: Ներկայումս նա նույնպես չի կարող գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք: Ըստ փորձաքննության եզրակացության՝ իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ ամբաստանյալին հարկ է ճանաչել անմեղսունակ: Իր ներկա հոգեկան վիճակով նա չի կարող մասնակցել դատաքննչական գործողություններին, կարիք ունի հսկողության, խնամքի և հարկադիր բուժման՝ ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում:

Դատարանն ապացուցված է համարել, որ ամբաստանյալը կատարել է օրենքով չթույլատրված արարքներ, սակայն դրանք կատարելու պահին գտնվել է անմեղսունակության վիճակում, ներկայումս նա նույնպես զրկված է իր գործողությունների վտանգավորությունը գիտակցելու և դրանք ղեկավարելու հնարավորությունից:

Նշենք, որ դատարանի այս որոշումը հրապարակումից հետո մեկ ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան:

Տեսանյութեր

Լրահոս