«Նախագահը ցույց տվեց, որ դատարանն ինքն է»
Սեպտեմբերի 24-ին Կոլումբիայի համալսարանում հյուրընկալված
Սերժ Սարգսյանին հարց էին ուղղել Հայաստանում քաղբանտարկյալների մասին:
Սերժ Սարգսյանը նախ հայտարարել էր, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, և խոսելով Շանթ Հարությունյանի մասին` նշել էր. «Շանթ Հարությունյանը հանցագործություն է արել, նա հանցագործություն է կատարել»: Նախագահը նաև հարց էր հնչեցրել, թե ԱՄՆ-ում խուլիգանություն կատարած անձին չե՞ն դատապարտում:
Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանն անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի վերոնշյալ հայտարարությանը` նշեց, որ այդպիսով նախագահը կանխորոշեց գործի ելքը: «Սույն դատաքննության ընթացքում ամբողջությամբ հերքվեց մեր պաշտպանյալների՝ Շանթ Հարությունյանի և մյուսների կողմից խուլիգանություն կատարելու փաստը, և մենք հույս ունեինք, տեսնում էինք, ակնկալում էինք, որ ամեն դեպքում արդարադատություն պետք է իրականացվի, և անձինք պետք է արդարացվեն:
Մինչդեռ այս վճռական պահին, երբ արդեն պաշտպանական ճառերի ժամանակահատվածն էր, և վիճաբանությունների փուլում ենք գտնվում, արդեն Հայաստանի Հանրապետության նախագահը կանխորոշեց գործի ելքը և ըստ էության կայացրեց մեղադրական դատավճիռ»,- ասաց փաստաբան Ինեսսա Պետրոսյանը, ապա ավելացրեց,- Ակնհայտ է` Հայաստանի Հանրապետության նախագահն արդեն ցուցում տվեց, իմ կարծիքով, և, ըստ էության, արդեն ամեն ինչ պարզ էր»:
Փաստաբանն ասաց նաև, որ միանշանակ խախտվել է անձանց անմեղության կանխավարկածը. «Դա արդեն պարզ է և, ըստ էության, դատարանի համար էլ սա ազդեցություն էր, որ ուղղորդում էր, թե ինչպիսի դատական ակտ պետք է կայացվի»: Նշենք, որ Սահմանադրության համաձայն՝ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ դատավճռով:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը մեզ հետ զրույցում՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե Հայաստանում քաղբանտարկյալ չկա, ասաց, որ աշխարհում չի եղել և չկա այնպիսի պետություն, որն ընդունում է, որ քաղբանտարկյալներ ունի:
«Բոլոր երկրները, որոնք քաղբանտարկյալներ ունեն, հիմնականում ավտորիտար կամ բռնապետական տիպի երկրներ են, բայց այդ բոլոր երկրներում քաղաքական բանտարկյալներն իրենց քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով են դատապարտվում: Հասարակությունը կամ միջազգային կազմակերպություններն են որոշում՝ արդյոք նրանք քաղբանտարկյալնե՞ր են, թե՞ ոչ: Ի դեպ, ասեմ, որ այդ տեսակետից Խորհրդային Միությունում կային քաղբանտարկյալներ, որոնք հստակ հոդվածով էին դատապարտվում՝ հակախորհրդային քարոզչություն: Ըստ էության, այդ հոդվածը քաղաքական էր, բայց կային նաև քողարկված քաղաքական բանտարկյալներ, որոնք այս կամ այն պատրվակով իբր քրեական հանցագործություններ են կատարել և դատապարտվել են: Հայաստանում էլ տարբեր ժամանակներում՝ անկախ Հայաստանում, եղել են քաղբանտարկյալներ, և ոչ մի իշխանություն՝ ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ էլ Սերժ Սարգսյանը, չեն ընդունել, որ նրանք քաղբանտարկյալներ են: Դա ընկալման հարց է, ինչպես նշեցի:
Այդ ընկալումով ես համարում եմ և նշել եմ մեր զեկույցում, որ Շանթ Հարությունյանը, իր ընկերները և Վոլոդյա Ավետիսյանը քաղբանտարկյալներ են: Ինչո՞ւ: Որովհետև Շանթ Հարությունյանի և մյուսների արարքը քաղաքական էր, երթը խոչընդոտվեց Ոստիկանության կողմից: Եթե նույնիսկ ընդունենք, որ ընդհարում է եղել, և այդ ցուցարարներն ինչ-որ մեղք ունեին, նրանց լավագույն դեպքում կարող էին վարչական պատասխանատվության ենթարկել, ինչպես Կազանում, երբ 100-ից ավելի մարդկանց` ֆուտբոլասերների նկատմամբ եղավ, որոնք և՛ ընդհարում ունեցան ոստիկանների հետ, և՛ հրկիզեցին տարբեր նստարաններ, ու նրանց նկատմամբ միայն հարուցվել են վարչական վարույթներ:
Այսինքն՝ միայն վարչական վարույթով կարող էին ազատվել: 1 տարի կալանքի տակ պահելով նրանց՝ սա արդեն ցույց է տալիս, որ դա քաղաքականություն է, նրանք քաղաքական բանտարկյալներ են: Վոլոդյա Ավետիսյանի հարցն էլ ուրիշ է. նրան հնարովի մեղադրանք առաջադրվեց, իսկ մենք իրականում գիտենք, թե ինչի համար էր դա: Այսպիսով՝ մենք համարում ենք, որ Շանթը, իր ընկերները, գումարած Վոլոդյա Ավետիսյանը քաղբանտարկյալներ են: Իշխանությունը չի ընդունելու և չի էլ ընդունի, ինչպես ցանկացած իշխանություն աշխարհում»:
Խոսելով Սերժ Սարգսյանի հնչեցրած այն հայտարարության մասին, թե Շանթ Հարությունյանը հանցագործություն է կատարել, Ավետիք Իշխանյանն ասաց. «Կարելի է ելնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից, Հայաստանի Սահմանադրությունից, Քրեական օրենսգրքից՝ նշել, որ դա անմեղության կանխավարկածի խախտում է, նա դրանով նաև ցուցում տվեց դատարաններին: Այդ ամենը կարելի է ասել, և այդ ամենը ճիշտ է, բայց իմ կարծիքով՝ նախագահի այդ հայտարարությունը բավականին անկեղծ էր: Ի՞նչ տեսակետից: Փաստորեն դա պոռթկում էր, որով նախագահը ցույց տվեց, որ դատարանն ինքն է, որ իրականություն է, որ Հայաստանում դատական իշխանությունը քաղաքական որոշումներ կայացնող օղակի դակիչ մարմին է»: