ՄԻԵԴ-ը Բաքվից պահանջում է բացատրել՝ ինչու մինչև հիմա Կարեն Պետրոսյանի դին ՀՀ-ին չի հանձնվել. panarmenian.net
panarmenian.net-ը գրում է. Սեպտեմբերի 10-ին Ադրբեջանում գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի ընտանիքը ներկայացնող աշխատանքային խումբը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)` խնդրելով դատարանի միջամտությունը Կարեն Պետրոսյանի դին անհապաղ և անվնաս վիճակում ընտանիքին վերադարձնելու հարցում:
Ինչպես հայտնել է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն, սեպտեմբերի 12-ին ՄԻԵԴ-ն Ադրբեջանի կառավարությանը խնդրել է մինչև սեպտեմբերի 26-ը բացատրություններ ներկայացնել «Կարեն Պետրոսյանի մարմնի վերադարձման հարցի առնչությամբ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման և դին ընտանիքին վերադարձնելու ձգձգումների պատճառների մասին»:
Օգոստոսի 7-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած Կարեն Պետրոսյանը, ով Թովուզի շրջանում ձերբակալվել էր, օգոստոսի 8-ի առավոտյան, «հանկարծամահ է եղել»։ Որպես մահվան պատճառ նշվում է «սիրտ-անոթային անբավարարությունը»։ Պետրոսյանի դին բժշկական փորձաքննություն է անցնում Գանձակի դատաբժշկական կենտրոնում։
Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունն արդեն տեղեկացված է դեպքի վերաբերյալ։
Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը լուսանկարներ ու տեսագրություն էր տարածել, որտեղ Կարեն Պետրոսյանին, ռազմական համազգեստ հագցրած, բռնի ուժով բերում էին Ադրբեջանի ԶՈւ Շամխորի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքփերովի մոտ՝ փորձելով Չինարիի բնակչին որպես «դիվերսանտ» ներկայացնել։
Մինչդեռ Չինարիի գյուղապետը հայկական լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել էր, որ գերին իրենց համագյուղացին է, քաղաքացիական անձ է։Ադրբեջանական կողմը, չբավարարվելով գերեվարված ՀՀ քաղաքացու նկատմամբ կիրառված ակնհայտ անմարդկային վերաբերմունքով, Կարեն Պետրոսյանին նվաստացրել է, տանջանքների և կտտանքների ենթարկել` հասցնելով նրան մահվան. այս ամենի ապացույցն ադրբեջանական լրատվամիջոցներով շրջանառվող տեսանյութերն ու լուսանկարներն են:
Օգոստոսի 14-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել` նշելով, որ Ադրբեջանում գերության մեջ գտնվելու ընթացքում Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ:
Սա առաջին դեպքը չէ, երբ խաղաղ բնակիչ է զհովում ադրբեջանական գերության մեջ կամ դրանից հետո: 2010 թ. հոկտեմբերի 5-ին Բաքվում ինքնասպանություն գործեց 18-ամյա հովիվ Մանվել Սարիբեկյանը, որը պատահաբար էր հատել սահմանը:
Մանրամասներն՝ այստեղ