«Հող` գազի դիմաց». Մերկելի խոսնակը հերքեց Պուտինի հետ գաղտնի բանակցությունների մասին լուրը
Բրիտանական «The Independent» պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ Գերմանիան և Ռուսաստանը մշակում են խաղաղության գաղտնի ծրագիր, որի նպատակը Ուկրաինայի ճգնաժամի շուրջ փոխզիջման կայացումն է:
Հեղինակը «Հող` գազի դիմաց» հոդվածում նշում է` գաղտնի ծրագիրը, որի վրա աշխատում են և´ Գերմանիայի կանցլեր Մերկելը, և´ Ռուսաստանի նախագահ Պուտինը, կախված է երկու հիմնական հավակնություններից:
Գործարքի համաձայն` Ռուսաստանը պետք է կայունացնի վիճակը Ուկրաինայի սահմանին և ֆինանսական օժանդակություն հատկացնի ծանր վիճակում գտնվող երկրի տնտեսությանը, մասնավորապես՝ նրա հետ կնքելով նոր գազային համաձայնագիր և Ուկրաինային գազ մատակարարելով անվտանգ գազամուղներով:
Սրա դիմաց Մերկելը պարտավորվում է նպաստել միջազգային հանրության կողմից Ղրիմի անկախության ճանաչմանը և միացմանը Ռուսաստանին, ինչը «The Independent»-ը քիչ հավանական է համարում:
Երկրորդը, Գերմանիան համաձայնում է լուրջ օգնություն տրամադրել Ռուսաստանի տնտեսությանը` Մոսկվայի հետ կնքելով նոր էներգետիկ համաձայնագիր:
Գաղտնի բանակցություններին մոտ կանգնած թերթի աղբյուրները հայտնում են, որ «կայունացման ծրագրի» առաջին քայլը պետք է կատարի Ռուսաստանը` դադարեցնելով արևելյան Ուկրաինայի անջատողականներին ֆինանսական և ռազմական օգնության տրամադրումը: Իսկ Ուկրաինայի նախագահը պետք է պարտավորվի Ուկրաինան չմտցնել ՆԱՏՕ-ի կազմի մեջ:
Այդուհանդերձ, Գերմանիայի կանցլերի մամուլի ծառայությունն այսօր հերքել է այդ լուրը:
Բրիտանական «Բի-Բի-Սի» հաղորդմամբ` Մերկելի մամուլի քարտուղար Քրիստիանա Վիրտցը հայտարարել է, որ Մերկելը և Պուտինը որևէ գաղտնի բանակցություն Ուկրաինայի հարցով չեն վարել: