Հեռակառավարվող Հայաստանի շանսը՝ 50/50
Ուկրաինական իրադարձություններից հետո Արևմուտքի և Ռուսաստանի միջև առաջացած դիմակայությունը շարունակվում է: Որքա՞ն այն կտևի, ի՞նչ ավարտ կունենա, ի՞նչ ազդեցություն կթողնի աշխարհակարգի, միջազգային իրադրության վրա, թերևս, որևէ մեկը չի կարող ասել: Անգամ ամենահեռատես ու ամենականխատես փորձագետներն ու վերլուծաբանները: Որովհտև այդ հարաբերությունների վրա ազդող գործոնների թվում կան այնպիսիք, որոնք չեն կարող հաշվարկել անգամ Բժեզինսկիների նման ստրատեգներն ու գեյթսների նման ալգորիթմավորողները:
Ինչպես, օրինակ՝ Վլադիմիր Պուտինի անձնական որակները, բնավորությունը, նախասիրությունները կամ նիկրտումները: Այսինքն՝ աշխարհում այսօր ընթացող դիմակայությունը կարող է ավարտվել ինչպես՝ Ռուսաստանի, այնպես էլ՝ Արևմուտքի հաղթանակով: Հասկանալի է, իհարկե, որ հաղթանակներն ու պարտությունները նման հարաբերություններում շատ պայմանական են: Բայց ամեն դեպքում, եթե կա դիմակայություն, ապա դրա ավարտը նշանավորելու է դրա կողմերից որևէ մեկի եթե ոչ՝ հաղթանակը, ապա՝ դիրքերի ամրապնդումը: Անկախ նրանից, որ ընթացիկ գործընթացներն ամենևին չեն վկայում այս դիմակայության մեջ Ռուսաստանի բարենպաստ դիրքերի մասին, և իրականում Ռուսաստանի պարտությունը շատ ավելի հավանական է, քան հաղթանակը, ընդունենք, որ այն հավասար է, ասենք, 50/50-ի:
Այսինքն՝ Ռուսաստանի հաղթանակը հնարավոր է այնքան, որքան պարտությունը: Սա մեզ համար կարևոր է այն իմաստով, թե որտեղ և ինչ պայմաններում կարող է հայտնվել Հայաստանն աշխարհաքաղաքական այս դիմակայության ելքերից յուրաքանչյուրի դեպքում: Ակնհայտ է, որ Հայաստանի ռազմավարությունը, եթե, իհարկե, կարելի է իրականացվող իրավիճակային ու մակերեսային քայլերը ռազմավարություն անվանել, կառուցված է Ռուսաստանի հաղթանակի հաշվարկի վրա: Լայն իմաստով, նաև դա է Եվրասիական միությանն անդամակցելու՝ ՀՀ իշխանությունների գոնե ներքին արդարացումը:
Ողջ խնդիրն այն է, սակայն, որ Հայաստանի իշխանությունը պատկերացում անգամ չունի (ունենալու դեպքում նրա քայլերը չէին լինի այնպիսին, ինչպիսին որ են), թե ինչ կարող է լինել Ռուսաստանի թեկուզ պայմանական պարտության դեպքում, որը կարող է արտահայտվել ամենատարբեր դրսևորումներով: Օրինակ, ենթադրենք՝ Ռուսաստանում ինչ-ինչ գործոնների ազդեցության տակ տեղի ունենա իշխանափոխություն, իշխանության գան ոչ թե կայսերապաշտական ու ազգայնական ուժերը, ինչպիսին որ են այսօր, այլ, ասենք, ազատականները: Գան ու հայտարարեն, որ Եվրասիական միությունն անհեթեթություն է, որ Ռուսաստանը ցանկանում է ոչ թե դիմակայել, այլ իրականում համագործակցել արևմտյան աշխարհի ու հանրության հետ, և պատրաստ է հաղթահարել դրան խանգարող բոլոր խոչընդոտները:
Հաշվի առնելով այսօրվա իրավիճակը, այս և մի շարք այլ սցենարներ, իհարկե, գրեթե անհավանական են թվում: Բայց քաղաքական գործիչները սիրում են ասել, որ քաղաքականության մեջ ոչինչ բացառված չէ: Հետևաբար, եթե պետությունն առաջնորդվում է ոչ թե ամենօրյա ռեժիմով կայացվող որոշումներով, իրականում ոչ թե կայացվող, այլ պարտադրվող որոշումներով, ապա պետք է ունենա առնվազն մեկ-երկու այլընտրանքային ռազմավարություն՝ իրավիճակի այս կամ այն սցենարով զարգացման դեպքում համարժեք քայլեր անելու համար:
Արտաքին քաղաքական ասպարեզում առնվազն վերջին մեկ-երկու տարում Հայաստանի կատարած քայլերը ցույց են տալիս, որ Հայաստանը չունի ոչ միայն այլընտրանքային, այլ անգամ հիմնական՝ միակ ռազմավարություն: Որովհետև, ինչպես բազմիցս ենք նշել, Հայաստանը կարևորագույն բոլոր հարցերում որոշումների կայացման իրավունքը (իսկ արտաքին քաղաքական ռազմավարությունը կարևորագույններից մեկն է, եթե ոչ՝ ամենակարևորը) զիջել է Ռուսաստանին: Ու ապավինում է Ռուսաստանի հաջողությանը:
Այսինքն՝ Ռուսաստանը կհաղթանակի՝ Հայաստանն էլ հետը: Չհաղթանակելու դեպքում հայտնի չէ՝ ի՞նչ կլինի Ռուսաստանի հետ, հետևաբար՝ առավել քան անհայտ է Հայաստանի ճակատագիրը: Ժողովրդական լեզվով սա կոչվում է «նստել թախտին, սպասել բախտին»: Կամ՝ ռուսների սիրած բառապաշարով՝ երկիրը կառավարել «ավտոպիլոտի» ռեժիմով: Այսինքն՝ չկառավարել: Եթե անգամ կառավարել, ապա՝ առանց «պիլոտի»: Այսինքն՝ լավագույն դեպքում՝ հեռակառավարել: Մոսկվայից: Որի «պիլոտը» կամ կկործանի հանդիպակաց թռչող «օբյեկտին», կամ ինքը կկործանվի: