Արմեն Մարտիրսյանի կարծիքով՝ ԱԳՆ-ն չպետք է արձագանքի Կիսելյովի հայտարարություններին

«Հայաստանում միայն պետք է զարգանան հայկական դպրոցները, մեր կրթությունը հայեցի է, և մենք կարիքը չունենք որևէ երկրի լեզվով այստեղ մեծածավալ կրթական ինչ-որ ծրագրեր իրականացնենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` խոսելով «Россия сегодня» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Դմիտրի Կիսելյովի հայտարարությունների մասին, թե Հայաստանում չկան ռուսական դպրոցներ և Հայաստանի հետաքրքրության շրջանակում պետք է լինի ռուսական դպրոցներ ունենալը:

Ա. Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանում ընդամենը կարող է որոշ դեպքերում օրենքին համապատասխան օտար լեզվով ծրագրեր կյանքի կոչվեն, ուրիշ որևէ ձևով, ըստ նրա՝ Դ. Կիսելյովի ասածը չի ընդունվում. «Դա ուղղակի ինչ-որ անձի մեծապետական, կայսերական մոտեցում է, որը, միանշանակ, հերքել է պետք: Իսկ ո՞վ ասաց, որ Հայաստանում ինչ-որ լեզվով պետք է մեծածավալ կրթություն տեղի ունենար, որ լեզվով էլ դա լինի: Միանշանակ, Հայաստանում պետք է կրթությունը լինի հայեցի, հայերեն լեզվով և իր ասածը որևէ ձևով ընդունելի չէ»:

Հարցին, թե ի՞նչ եք կարծում՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն պետք է ինչ-որ կերպ արձագանքե՞ր Դ. Կիսելյովի այդ հայտարարություններին, Ա. Մարտիրոսյանը պատասխանեց. «Չեմ կարծում: Դ. Կիսելյովը պաշտոնական անձ չէ: Պարզ է, որ իրենց գաղափարախոսությունը ներկայացնողներից է, և ես խիստ զարմանում եմ, որ Ազգային Ժողովում` օրենսդիր մարմնում, նմանատիպ ընդունելություն է լինում: Եթե լիներ պաշտոնական անձ, մի փոքր կարելի էր դիվանագիտական էթիկայի շրջանակներում հասկանալ: Նմանատիպ մոտեցում լրագրողի նկատմամբ, կարծում եմ, այդքան էլ ճիշտ չէ»:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ նիստում անդրադարձել է ռուս լրագրող Դմիտրիվի Կիսելյովի երեկվա հայտարարություններին՝ ասելով. «Կարծում եմ, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պետք է քննարկի Դմիտրի Կիսելյովին ՀՀ տարածքում persona-non-grata (անցանկալի անձ) հայտարարելու մասին հարցը։ Փաստորեն դատապարտում եմ նաև նիստին ներկա ՀՀ ԱԺ պատգամավորների պահվածքը, որոնք չեն գտնվել անհրաժեշտ բարձրության վրա և կարծում եմ որ Հայաստանը պետք է բոլոր օտարերկրացիներին հստակ ուղերձ հղի որ նման պահվածք ունեցող յուրաքանչյուր օտարերկրացի արժանանալու է հստակ հակահարվածի»:

 

Տեսանյութեր

Լրահոս