Խփի՛ր Ամերիկային, փրկի՛ր Հայաստանը

Այսօր խորհրդարանում տեղի է ունեցել Հայ-ռուսական խորհրդարանական ակումբի հերթական՝ հինգերորդ նիստը, որի քննարկման թեման էր «Հասարակական կազմակերպությունները՝ որպես պետական քաղաքականության իրականացման գործիք»: Նիստին ռուսական կողմից մասնակցում էին «Россия сегодня» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Դմիտրի Կիսելյովը, Արտաքին քաղաքական հետազոտությունների և նախաձեռնությունների ինստիտուտի գլխավոր տնօրեն Վերոնիկա Կրաշեննիկովան և ԱՊՀ երկրների երիտասարդների միությունների նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը:

Հայկական կողմից նիստին մասնակցում էին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ով նախագահում էր նիստը, ԱԺ պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Տաճատ Վարդապետյանը, Հայկ Բաբուխանյանը, բազմաթիվ հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Ի՞նչ է ասել Դմիտրի Կիսելյովը, և ինչո՞ւ է նա եկել Հայաստան: Ըստ էության, նրա ամբողջ ելույթը եղել է հակաամերիկանիզմի դասախոսություն այն մասին, թե որքան վատն է ԱՄՆ-ը և նրա քաղաքականությունը, որ ԱՄՆ-ը փորձում է ամբողջ աշխարհում հաստատել «գլոբալ տիրապետություն», որ այդ երկիրն ամբողջ աշխարհում սփռում է «արյուն և տառապանքներ», որ այդ երկրի ռազմական բյուջեն կազմում է մյուս բոլոր երկրների ռազմական բյուջեների կեսը և օգտագործվում է խաղաղ երկրները ռմբակոծելու և ավերելու վրա: Կիսելյովը զգուշացրել է նաև, որ ԱՄՆ-ը օգտագործում է այլ երկրներում գործող հասարակական կազմակերպություններն այդ երկրներում քաոս և անիշխանություն կազմակերպելու, այդ միջոցով ոչ ցանկալի իշխանություններին հեռացնելու և դրանց փոխարեն խամաճիկ իշխանություններ կարգելու համար:

Գրեթե նույն քարոզչությունը շարունակել է տիկին Վերոնիկա Կրաշեննիկովան, ով հայ հասարակությանը «թասիբի գցելու» համար հիշեցրել է, որ Հայաստանի քաղաքական պատմությունը 6 անգամ ավելի մեծ է, քան ԱՄՆ-ինը, որն ընդամենը 300-ամյա պատմություն ունի:

Կարդացեք նաև

ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը հետ չի մնացել ռուսական պատվիրակությունից՝ հայտարարելով. «Եվրոպական արժեհամակարգն իր էությամբ հակաքրիստոնեական է»: Հնարավոր է, որ Հայ-ռուսական խորհրդարանական ակումբի հաջորդ նիստի թեման լինի «Հայ-ռուսական համատեղ խաչակրաց արշավանքը՝ ընդդեմ նողկալի ԱՄՆ-ի և Եվրոպայի»:

Տեսանյութեր

Լրահոս