Բաժիններ՝

ԱԳ փոխնախարար. «Երկաթուղու վերականգնումը զգալիորեն իրավիճակը կփոխի, բայց այստեղ որոշում կայացնողը Հայաստանը չէ»

Անցած տարվա սկզբին Երևան կատարած այցի ընթացքում Վրաստանի արդեն նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ Աբխազիայի միջով երկաթուղին անպայման կվերականգնվի: «Իհարկե, ճանապարհը պետք է բացվի, և այն կբացվի։ Այդ ճանապարհը կլավացնի հարաբերությունները Աբխազիայի հետ և կբարելավի տնտեսությունը։ Սակայն ցավոք, շատ հաճախ այն, ինչ լավ է տնտեսության համար, վատ է քաղաքականության համար։ Կարծում եմ, որ այդ հարցը չափազանց քաղաքականացված է։ Ճանապարհի բացումը պետք է տեղի ունենա այն ժամանակ, երբ այդ հարցը իրարանցում չի առաջացնի»,- ասել էր Իվանիշվիլին:

Դրանից հետո բանակցություններ էին ընթանում աբխազական երկութուղու բացման շուրջ, որին աջակցելու պատրաստակամություն հայտնել էր նաև ՀՀ արտաքին գերատեսչությունը: «Հայաստանը չափազանց շահագրգռված է երկաթուղու աբխազական հատվածի բացմամբ և կարևորում է դա»,- այն ժամանակ ասել էր նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ի՞նչ արդյունքներ կամ տեղաշարժեր կան երկաթուղու բացման ուղղությամբ: 168.am-ի այս հարցին ՀՀ ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը դժվարացավ պատասխանել. «Չեմ կարող ասել, թե ինչ վիճակում են բանակցությունները»:

«Երկաթուղու վերականգնումն, իհարկե, զագալիորեն իրավիճակը կփոխի, բայց այստեղ որոշում կայացնողը Հայաստանը չէ»,- հավելեց Ս. Մանասարյանը:

Կարդացեք նաև

Աբխազական երկաթուղին Հայաստանի համար լուրջ կենսական նշանակություն ունեցող ճանապարհ է, որի նշանակությունն առավել կարևորվեց Մաքսային միությանն անդամակցելու որոշումից հետո:

Երկաթուղու աբխազա-վրացական հատվածի բացումը Հայաստանի համար ռազմավարական առումով նշանակալի է, քանի որ դա դեպի Ռուսաստան ամենակարճ և էժան ուղին է։ Միաժամանակ, Մաքսային միության հետ ընդհանուր սահմանի բացակայության պայմաններում երկաթուղու դերակատարությունն ավելի էր կարևորվում՝ բեռնափոխադրումների ժամանակ մաքսազերծման խնդիրները լուծելու տեսանկյունից: Շատ մասնագետներ նույնիսկ տեսակետ էին հայտնում, որ միայն երկաթուղու բացման դեպքում իմաստ ունի Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս