Պուտինն առաջարկել է Թրամփին և Սի Ծինփինին նոյեմբերին եռակողմ հանդիպում անցկացնել՝ Ուկրաինայի ճակատագիրը որոշելու համար․ WSJ
Ամերիկյան The Wall Street Journal (WSJ) պարբերականի «Putin Floats a Summit With Trump and Xi to Decide Ukraine’s Fate» վերնագրով հոդվածում նշվում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է նոյեմբերին եռակողմ հանդիպում անցկացնել Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի հետ՝ Ուկրաինայի պատերազմի կարգավորման հարցը քննարկելու համար։
Ըստ WSJ-ի՝ Պուտինն այդ գաղափարն առաջ է քաշել հոկտեմբերի 9-ին Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։ Նպատակը Ուկրաինայի շուրջ պատերազմն ավարտելու պայմանները քննարկելն է՝ Ռուսաստանի համար շահավետ լուծման հասնելու ակնկալիքով։
Կրեմլն առաջարկել է եռակողմ բանակցություններն անցկացնել նոյեմբերի 18–19-ին Չինաստանի Շենչժեն քաղաքում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության՝ APEC-ի գագաթնաժողովի շրջանակում։ Ըստ հրապարակման՝ առաջարկվող հանդիպմանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասնակցությունը նախատեսված չէ։ WSJ-ն նշում է, որ նման ձևաչափը մտահոգություններ կարող է առաջացնել Կիևում, ինչպես նաև Վաշինգտոնի և Եվրոպայի դաշնակիցների շրջանում։
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ Թրամփը դեռ չէր համաձայնել մասնակցել հանդիպմանը, թեև կարող էր դրական վերաբերվել առաջարկին՝ հաշվի առնելով պատերազմն ավարտելու իր ցանկությունը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ հնարավոր հանդիպման շուրջ քննարկումներ են ընթանում, սակայն հանդիպման և դրա օրակարգի վերաբերյալ հստակ պայմանավորվածություն դեռ չկա։ Նա նաև նշել է, որ երեք կողմերն էլ ընդունում են նման հանդիպման հնարավորությունը։
Հրապարակման համաձայն՝ ռուսական կողմը դիվանագիտական ուղիներով առաջարկը փոխանցել է Պեկինին, իսկ չինական կողմը դեմ չի արտահայտվել գաղափարին՝ պայմանով, որ Թրամփը նույնպես համաձայնի։ Սի Ծինփինի համար նման հանդիպումը հնարավորություն կարող է դառնալ՝ ամրապնդելու Չինաստանի դիրքերը միջազգային դիվանագիտության մեջ։
WSJ-ի վերլուծությամբ՝ Պուտինը փորձում է օգտագործել Թրամփի հետ հարաբերությունների բարելավումը՝ Ուկրաինայի հարցում Մոսկվայի համար առավել նպաստավոր պայմաններ ստանալու նպատակով։ Հնարավոր եռակողմ ձևաչափը նաև թույլ կտար Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Չինաստանին քննարկել Ուկրաինայի ապագան՝ առանց եվրոպական երկրների անմիջական մասնակցության։
Հոդվածում նշվում է նաև, որ Պուտինի նախկին հետախուզական կապեր ունեցող աղբյուրներից մեկի գնահատմամբ՝ ռուսական կողմը նման ձևաչափը դիտարկում է որպես մեծ տերությունների միջև ազդեցության գոտիների շուրջ համաձայնության հասնելու հնարավորություն՝ այն համեմատելով Յալթայի համաժողովի հետ։

