Փոխառաջարկ և առերեսվելու հրավեր
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստին Հայաստանի Հանրապետության նախագահի բացման խոսքի մեջ համեմատաբար աւելի ուշագրաւ է հետևեալ բաժինը.
«Պաշտոնական Անկարան շարունակում է խոսել պատմաբանների հանձնաժողով ստեղծելու և արխիվները բացելու մասին:
Նախ և առաջ հայտնի է, որ Հայաստանի արխիվները միշտ բաց են եղել բոլոր այն հետազոտողների համար, ում հետաքրքրել է հարցի գիտական մասը: Բաց են եղել նաև գիտական հաստատություններում և թանգարաններում պահվող նյութերը: Բայց ողջ հարցը նրանում է, որ Հայոց ցեղասպանության ճշմարտությանն առերեսվելու համար արխիվային աշխատանք ընդհանրապես չի պահանջվում: Բավական է մտնել ցանկացած հայկական տուն, ցանկացած ընտանիք և վկայությունները կլցնեն ցանկացած ունկնդրի սիրտը: Բավական է լինել Ծիծեռնակաբերդում ապրիլի 24-ին և տեսնել, թե ո՞րն է այդ օրվա խորհուրդը յուրաքանչյուր հայի համար` Հայաստանում և Սփյուռքում:
Բավական է գնալ Սփյուռքի ցանկացած համայնք և հարցնել` ինչպե՞ս են ձեր նախնիները հայտնվել այստեղ: Եթե Թուրքիայի իշխանություններին հետաքրքրում է ճշմարտությունը, ուրեմն նրանք պետք է գան Հայաստան և ապրիլի 24-ին լինեն հայ ժողովրդի կողքին: Չեմ կարծում, թե դրանից հետո նրանք արխիվներ այցելելու մասին միտք հնչեցնել կկարողանան: Օգտվելով այս առիթից` պաշտոնապես հրավիրում եմ Թուրքիայի Նախագահին, ով էլ որ ընտրվի առաջիկա ընտրությունների ժամանակ, այցելելու Հայաստան 2015 թվականի ապրիլի 24-ին և առերեսվելու Հայոց Ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին»:
Բնականաբար այստեղ, իր հերթին լուսարձակ գրավողը Թուրքիայի նախագահին ուղղված հրավերն է Սերժ Սարգսյանի կողմից։ Բայց նախքան այդ, կենտրոնանանք պատմաբանների միացյալ հանձնաժողովի ստեղծման թուրքական առաջարկի` նախագահ Սարգսյանի կողմից մերժմանը և դրա փոխառաջարկին։ Սա հիշեցնում է արդեն նախորդ նախագահին Էրդողանի նշանավոր նամակի դիմաց կատարած փոխառաջարկը. ու թեև բովանդակությունը տարբեր է այն առումով, որ նախագահ Քոչարյանը առաջարկում էր պատմաբանների փոխարեն ստեղծել միջկառավարական հանձնաժողով, նախագահ Սարգսյանը ասում է, որ արխիվային հետազոտության կարիք չկա, այսուհանդերձ թուրքերը կարող են գալ և ուսումնասիրել մեր արխիւները։ Իհարկե ոչ համատեղ հանձնաժողովի տեսքով։
Այստեղ, իհարկե, երկու կարևոր իրողություն պետք է վերհիշել. նախ այն, որ ֆուտբոլային դիվանագիտության մոսկովյան հայտարարությունը պայմանական համաձայնություն էր տվել պատմաբանների միացյալ հանձնաժողովին։ Պայմանը այն էր, որ հայկական կողմը կհամաձայնի ստեղծել այն միայն Անկարայի կողմից սահմանի բացման դեպքում։ Ինչ-որ մերժումի դիվանագիտական ձևին համահունչ արտահայտչաձև էր։ Իսկ երկորդը, որը աւելի վաւերականություն է հուշում, վերաբերում է Երևան-Անկարա արձանագրություններին, որտեղ կա կողմերի համաձայնություն երկու ժողովրդների դարավոր վեճերը համատեղ պատմագիտական քննարկման ենթարկելու։
Այժմ նախագահի հայտարարածը համազոր է սրա հերքմանը. և դա կարևոր է, որովհետև ասվում է մի միջավայրում, որտեղ համախմբվել է համայն հայության ներկայացուցչությունը։ Գուցե իր նախադեպը չունեցող ներկայացուցչական տարողությամբ և համընդգրկվածությամբ։
Այսքանը պատմաբանների միացյալ հանձնաժողով ստեղծելու թուրքական առաջարկի հրապարակային պաշտոնական մերժման վերաբերյալ։ Այս փոխառաջարկը ծառայեցվել է իբրև հիմնաւորում հրաւերի ուղղմանը։ Այսինքն՝ թուրքական առաջարկի դիմաց մերժողական դիրք որոշելու փոխարեն, արխիւները բաց հայտատարելով, և հրաւեր հղելով թուրք հետազոտողներին գալու և արխիվները ուսումնասիրելու, նախագահը շրջել է թուրքական առաջարկը։ Եվ ավելին, պատմության հետ առերեսվելու, այդ արխիվների ուսումնասիրությանը կարիքը չզգալու համար հրավիրել է Թուրքիայի ներկայիս նախագահին ապրիլի 24-ին գալու Երևան։
Թվում է, թե քաղաքական տրամաբանության աշխատելը ունի որոշակի հետևողականություն։ Միացյալ հանձնաժողովի դիմաց փոխառաջարկ, հետո նաև Էրդողանի «ցավակցության» դիմաց Երևան գալու հրաւեր։ Փոխառաջարկն ու հրաւերը իրենց հիմնաւորումներով խելամիտ քայլեր են և փորձում են շրջել Անկարայի ճշտած խաղի կանոնները։ Երկու դիտարկում այսուհանդերձ կարող է նկատի ունենալ որոշ կետեր։
Նախ այն, որ երկու դեպքերում առաջին քայլը թուրքական կողմն է առնում և տպավորություն է ստեղծում որ մենք հակազդողի դիրքում ենք։ Խորքում, սակայն, հայկական կողմի հակակառաջարկները, կամ գուցե միջազգային ընտանիքի նկատառումով կատարվող փոխառաջարկները հայկական կողմի համար առավելություններ կապահովեն։ Եթե…
Նախագահ Սարգսյանի հայտարարությունը միայն ներքին սպառման համար չէ և ոչ էլ զուտ Անկարային ուղղված, ինչպես որ Էրդողանի կամ Դավութօղլուի բարձրաձայնումները։ Միջազգային ընտանիքն ու միջազգային հանրային կարծիքը պիտի ընկալեն պաշտոնական Երևանի կողմից առնվող կարևոր քայլերը։ Դրա համար էլ հայտարարությունների և հրավերի լուսաբանումն ու մեկնաբանությունները շատ կարևոր են։ Տեղեկատվական ոլորտի մեջ հայկական կողմը աշխույժ նախաձեռնողականությամբ հանդես գալու բոլոր պատճառներն ունի։
Մեր արխիվները բաց են, և Թուրքիայի նախագահը հրավիրվել է Երևան 100-ամյակին։ Կգա՞ն արխիվներ հետազոտելու, թե կուղարկե՞ն իրենց նախագահին 2015-ի ապրիլին, դա իրենց գործն է։ Իրենց գործն է միաժամանակ միջազգային ընտանիքին բացատրելը թե ինչու չեն գալիս։
Իսկ մեր գործը մինչև այդ, միջազգային հանրային կարծիքը տեղեկացված պահելն է հայկական կողմի նախաձեռնությունների մասին, կամ թե ո՞վ և ինչո՞ւ է մերժում կառուցողական առաջարկները։
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր