Ով է պատասխանատու լոգոյի գրագողության համար
ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Արզումանյանն այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2013թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանից հետաքրքրվեց, թե ո՞վ է պատասխանատու Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպական հանձնաժողովի ընտրած լոգոյի՝ անմոռուկի գրագողության համար:
«Դա պարզ գրագողություն է, օգտագործվել է մեկ այլ ռուսական կազմակեպության լոգոն: Ո՞վ է պատասխանատուն»,- ասաց Ա.Ազրումանյանը՝ նշելով, որ այսօր հեռուստատեսությունում հազարավոր դոլարներ են ծախսվում:
Փոխնախարարի խոսքով, թեև ԱԳՆ-ն հանձնաժողովի անդամ է, սակայն լոգոյի ընտրության հետ կապ չունի. «Արտգործնախարարությունը որևէ կերպ ընգրկված չի եղել այդ գործընթացում: Կոնկրետ կազմակերպություն է զբաղվել այդ հարցով ու մենք դա տեսել ենք ձեզ հետ միասին»:
Նշենք, որ լոգոյի ընտրությունն իրականացրել է «Շարմ» կազմակերպությունը: Ընդ որում՝ մանուշակի պատկերով լոգոները տարածված են ոչ միայն Ռուսաստանում, այլև շատ այլ երկրներում: