Բաժիններ՝

ԱՄՆ-ն և Ավստրալիան Բրազիլիայում նախագահական ընտրություններից առաջ փակել են դիվանագիտական ներկայացուցչությունները

ԱՄՆ-ն անվտանգության սպառնալիքների պատճառով ժամանակավորապես կասեցրել է Բրազիլիայում իր դեսպանատան և հյուպատոսությունների աշխատանքը՝ նախագահական ընտրություններից երկու օր առաջ։ Դրանից հետո Ավստրալիան նույնպես փակել է Բրազիլիայում իր դեսպանատունը՝ հղում անելով անվտանգության նկատառումներին, հայտնում է Associated Press-ը:

ԱՄՆ դեսպանատունը տեղեկացրել է, որ ուրբաթ օրվանից հյուպատոսական ծառայությունների մատուցումը ժամանակավորապես դադարեցվում է, և օգնության կարիք ունեցող ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է չայցելել դեսպանատուն, հյուպատոսություններ կամ այլ դիվանագիտական օբյեկտներ։ Փոխարենը խորհուրդ է տրվել սահմանված ուղիներով կապ հաստատել հերթապահ աշխատակիցների հետ։

Պետդեպարտամենտը չի հստակեցրել սպառնալիքների բնույթը և որոշումն ուղղակիորեն չի կապել նախագահական ընտրությունների հետ։ Գերատեսչության ներկայացուցիչը հայտարարել է, որ Վաշինգտոնն աշխատում է բրազիլական իշխանությունների հետ՝ անվտանգության սպառնալիքները չեզոքացնելու ուղղությամբ:

Նույն օրը Բրազիլիայի ֆեդերալ ոստիկանությունը խուզարկություններ և նյութերի առգրավում է իրականացրել Սան Պաուլոյում և Դաշնային օկրուգում։ Դա իրականացվել է այն հետաքննության շրջանակում, որը վերաբերում է ամերիկյան դիվանագիտական օբյեկտներին հնարավոր սպառնալիք ներկայացնող ծրագրերին:

Ոստիկանությունը գործողությունն անվանել է կանխարգելիչ և հայտնել, որ դա օտարերկրյա հետախուզական ծառայությունների հետ ընթացող համագործակցության արդյունք է։ Միևնույն ժամանակ, քննիչները նախնական ռիսկերի հաստատումներ չեն գտել և հանցավոր կազմակերպությունների հետ կապված կասկածյալներ չեն հայտնաբերել: Գործողության ընթացքում առգրավվել է կապի սարքավորում, հետաքննությունը շարունակվում է:

Բրազիլիայում Ավստրալիայի դեսպան Սոֆի Դևիսը հայտնել է, որ Բրազիլիայում ավստրալական դեսպանատունը նույնպես փակվել է ուրբաթ օրը: Նա հղում է արել ԱՄՆ նախազգուշացմանը և ավստրալացիներին խորհուրդ է տվել խուսափել Բրազիլիայում ամերիկյան դեսպանատներից, հյուպատոսություններից և այլ դիվանագիտական օբյեկտներից:

Դիվանագիտական ներկայացուցչությունների փակումը տեղի է ունեցել նախագահական ընտրությունների առաջին փուլի նախօրեին, որը կայանալու է կիրակի՝ հոկտեմբերի 4-ին։ Նախագահի պաշտոնի համար պայքարում են երկրի գործող ղեկավար Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան և նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի որդին՝ սենատոր Ֆլավիու Բոլսոնարուն։ Եթե թեկնածուներից որևէ մեկը չստանա ձայների ավելի քան 50%-ը, երկրորդ փուլը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031