Դոնեցկում պարետային ժամ է մտցվել
ZN.UA-ի փոխանցմամբ՝ ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը (ԴԺՀ) հայտարարել է իր տարածքում պարետային ժամ մտցնելու մասին: Այս մասին Twitter-ի միջոցով հայտնել է ԴԺՀ-ի մամլո ծառայությունը: Պարետային ժամն առնչվում է ժամը 22.00-06.00-ն ընկած ժամանակահատվածին:
ԴԺՀ-ի ներկայացուցիչների խոսքերով՝ տվյալ ժամերին առանց չափազանց մեծ անհրաժեշտության փողոց դուրս գալը վտանգավոր է մարդկանց կյանքի համար: Մայիսի 26-ին էլ ԴԺՀ-ում մտցվել էր ռազմական դրություն:
Պարետային ժամը մտցվել է այն բանից հետո, ինչ Կիևը հայտարարեց Ուկրաինայի ՆԳՆ-ի վերջնագրի մասին, որում նշված էր, որ եթե աշխարհազորայինները վայր չդնեն զենքը, ապա նրանց դիրքերին հարված կհասցվի գերճշգրիտ զենքով:
Սրանից առաջ Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Վիտալի Յարեմը հայտարարել էր, որ Ուկրաինայի արևելքում հակաահաբեկչական գործողությունը շարունակվելու է ընդհուպ մինչև զինյալների ամբողջական ոչնչացում: