Բաժիններ՝

Մայիսի 29-ին Աստանայում կքննարկվի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու հարցը

Կրեմլի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ մայիսի 29-ին Աստանայում (Ղազախստանի Հանրապետություն) պետք է անցկացվի Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստը:

Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի առաջնորդները պլանավորում են ստորագրել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը, որն ուժի մեջ է մտնելու 2015 թվականի հունվարի 1-ից: Միության ստեղծումը հիմնադիր երկրներին դուրս կբերի ինտեգրման ավելի բարձր մակարդակ:

Երեք երկրները պարտավորություններ են ստանձնում՝ երաշխավորելու ապրանքների, ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի ազատ տեղաշարժը, տնտեսության առանցքային ոլորտներում (էներգետիկ, արդյունաբերություն, գյուղատնտեսություն, տրանսպորտ) իրականացնելու համաձայնեցրած քաղաքականություն:

Դրանով իսկ ավարտվում է ԱՊՀ-ի տիրույթում խոշորագույն (170 միլիոն մարդ) ընդհանուր շուկայի ձևավորումը, որը կդառնա տնտեսական զարգացման նոր հզոր կենտրոն: Նախատեսվում է բանակցությունների ժամանակ քննարկել Մաքսային միության ու Միասնական տնտեսական տիրույթի ձևավորման գործնական ասպեկտներ:

Դիտարկվելու են եվրասիական տնտեսական ինտեգրման մասնակիցների կազմի հետագա ընդլայնմանն առնչվող հարցեր, այդ թվում նաև Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու և Մաքսային միության ու Միասնական տնտեսական տիրույթի նորմատիվային-իրավական բազային Ղրղզստանի օրենսդրության ադապտացման «ճանապարհային քարտեզի» նախապատրաստման հարցերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս