«Qnac es?», «Du tesar?? Sax uxel em u texadrel, nayel es». բռնաբարության մեջ կասկածվողի ու քննիչի sms հաղորդագրությունները միմյանց (տեսանյութ). hetq.am
Hetq.am-ը գրում է. 28-ամյա Հասմիկը «Мой Мир» սոցիալական ցանցի միջոցով ծանոթանում է 32-ամյա Արմենի հետ եւ մի քանի անգամ հանդիպում: Հասմիկը մտածում է լուրջ հարաբերություններ սկսելու մասին (անունները փոխված են):
«Արմենը առաջարկում է սեռական հարաբերություններ ունենալ, երբ մերժում եմ նրան, տեսանկարահանում է կիսամերկ վիճակում, հետո ինձնից գումար պահանջում եւ, ի վերջո, բռնաբարում է ինձ: Ինքն ինձ սկզբում լավ էր վերաբերվում, լուրջ տպավորություն էր թողնում, մտածեցի` շփվեմ: Մի անգամ ասաց՝ ուզում եմ հանդիպենք, բայց իմ ուզած ձեւով պիտի հագնվես, գաս: Իր ուզած ձեւն էլ շրջազգեստ հագնելն էր: Քանի որ ես աշխատում էի, չհասցրեցի փոխվել, գնացի սովորական հագուստով: Կասկադի աստիճանների մոտ դեռ չէի հասել, ինքն ինձ հեռվից տեսավ, զանգեց, ասաց՝ հետ գնա: Ես հասկացա, որ խնդիրը իմ շորի մեջ է: Ես շատ զարմացա, քանի որ ինձ համար անհասկանալի էր անծանոթի ասածներին ենթարկվելը: Հետ գնացի ու որոշել էի այլեւս չշփվել: Հետո ինքը զանգեց, հետ կանչեց ինձ՝ թե խոսենք: Սկսեց գոռալ փողոցում. «Ինքն էլ էր տենց անում, դրա համար էդպես եղավ»: Ես հարցրի, թե «ինքն» ով է, ում մասին է խոսում: Հետո նոր խոստովանեց, թե ամուսնացած-բաժանված է: Կնոջից բաժանվել է, որովհետեւ իրեն չէր ենթարկվում: Դրանից հետո մենք ահագին ժամանակ չհանդիպեցինք: Մի օր զանգեց, խնդրեց հանդիպել: Ես իրենից ոչ մի վտանգ դեռ չէի զգում: Ասաց` գնանք խոսելու, ու մենք խոսելու համար, չգիտես ինչու, հայտնվեցինք «Վալենսիա» հյուրանոցային համալիրում»,- պատմում է Հասմիկը:
Հյուրանոցի սենյակում Արմենը, Հասմիկի պատմելով, ցանկացել է սեռական հարաբերություն ունենալ: Մերժում ստանալուց հետո բռնի կերպով փորձել է քաշել, հանել աղջկա հագուստը, որից հետո տեսանկարահանել է նրան կիսամերկ վիճակում՝ անկողնում նստած: Այդ օրը որեւէ սեռական հարաբերություն տեղի չի ունեցել: Տեսանկարահանելուց հետո Արմենը հեռացել է, սակայն բազմիցս զանգել, գումար եւ հանդիպում է պահանջել՝ սպառնալով տեսանյութը հրապարակել եւ ցույց տալ աղջկա ընտանիքի անդամներին:
Շանտաժի, ֆիզիկական բռնության եւ սպառնալիքի միջոցով Արմենը 3 անգամ աղջկան ստիպել է մեքենայի մեջ սեռական բնույթի գործողություններ կատարել: «Խփում էր, մազերիցս էր քաշում, սպառնում էր, որ տեսագրությունը բոլորին ցույց կտա, չէր թողնում մեքենայից դուրս գամ»,- ասում է Հասմիկը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: