Կաննի փառատոնն ավարտվում է. թուրք և ռուս ռեժիսորները հաղթելու մեծ շանսեր ունեն
Այսօր երեկոյան Կաննում տեղի կունենա 67-րդ միջազգային կինոփառատոնի դափնեկիրների պարգևատրման արարողությունը: Իրականում այն պետք է կայանար վաղը՝ մայիսի 25-ին, սակայն կիրակի օրը Ֆրանսիայում Եվրախորհրդարանի ընտրություններն են, հետևաբար փառատոնի տնօրինությունը որոշել է փակման արարողությունն անցկացնել մեկ օր շուտ:
Այն կսկսվի Երևանի ժամանակով ժամը 21.00: Միջոցառումը կվարի ամերիկացի հայտնի կինոռեժիսոր Քվենտին Տարանտինոն:
Կաննի 67-րդ փառատոնի մրցութային ծրագրում ներկայացված է 18 ժապավեն: Այս տարի ակնհայտ ֆավորիտ չկա, սակայն, կինոքննադատներն առավել հավանական են համարում, որ գլխավոր մրցանակը՝ «Ոսկե արմավենին», բաժին կհասնի թուրք ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեյլանի «Ձմեռային քուն» ժապավենին:
Բարձր վարկանիշ ունեն նաև բրիտանացի Մայք Լիի «Պարոն Թերներ», բելգիացի Դարդեն եղբայրների «Երկու օր, մեկ գիշեր», շվեյցարացի Ժան-Լյուկ Գոդարի «Հրաժեշտ լեզվին», ֆրանսիացի Օլիվիե Ասայասի «Զիլս-Մարիա», ռուս Անդրեյ Զվյագինցևի «Լևիաթան» ֆիլմերը:
Վերջինս արդեն համարվել է տարվա կինոմատոգրաֆիստական իրադարձություն և գեղարվեստական բացահայտում: Մինչև Կաննում բուռն ծափահարությունների արժանանալը «Լևիաթանը» դիտելուց հետո ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել էր, որ այն իրեն դուր չի եկել:
Այն դեպքում, երբ բրիտանական The Guardian հեղինակավոր ամսագիրը ֆիլմը բնութագրել է որպես «ռուսական կինոյի գլուխգործոց», իսկ The Hollywood Reporter-ը Զվյագինցևին համարում է Կաննի գլխավոր մրցանակի հիմնական հավակնորդ: Ինքը՝ Զվյագինցևը մեկնաբանել է, որ ֆիլմի գլխավոր թեման մարդու և պետության փոխհարաբերություններն են: Իսկ Լևիաթանն աստվածաշնչյան կերպար է, որը մարմնավորում է բնության չար ուժերը և սատանային: Այս կերպարը ռեժիսորն օգտագործել է իշխանություններն ամենակարողությունն արտահայտելու համար:
Ինչ վերաբերում է Ատոմ Էգոյանին, ապա կանադահայ ռեժիսորի «Գերիները» թրիլերը Կաննի վարկանիշային աղյուսակում նախավերջին հորիզոնականն է զբաղեցնում և հաղթելու քիչ շանսեր ունի: