Հայհոյանքը՝ կոմունիկացիայի սիրելի միջոց
Ոչ նորմատիվային լեքսիկոնը, հայհոյանքը, եթե չեմ սխալվում, առաջներում համարվում էր կառապաններին բնորոշ խոսակցական լեզու: Կառապանների՝ մտրակի հարվածներից ուժեղ հայհոյանքներին հոգնած ու ձանձրացած ձիերը չէին արձագանքում:
Ժամանակի ընթացքում հայհոյանքը տարածվեց հասարակության մյուս շերտեր` առավել հարստանալով, նոր բովանդակություն ստանալով և դառնալով հատկապես տղամարդկանց լեքսիկոնի կարևորագույն բաղադրիչը: Հետո հանկարծ պարզվեց, որ կանայք ևս դեմ չեն իրենց որոշ էմոցիաներ արտահայտել հենց հայհոյանքներով: Եվ այսօր արդեն բոլորիս ականջն այնքան է վարժված ամենակեղտոտ հայհոյանքներին, որ անգամ ամենաամաչկոտ կանանց համար այն լսելն արդեն ինչ-որ սարսափելի բան չէ:
Ամեն դեպքում, ոչ ոք ականջներն այլևս չի փակում և չի շիկնում իր ներկայությամբ հնչած հայհոյանքից:
Ոչ նորմատիվային լեքսիկոնով արտահայտվում են գրեթե բոլորը: Նեղ միջավայրում հայհոյանքներով առատ պատմությունները, գնահատականներն ընկալվում են որպես անբռնազբոսության նշան՝ հատուկ հատկապես մտերմիկ միջավայրին:
Սոցիալական ցանցում, մասնավորապես Ֆեյսբուքում, որոշ օգտատերեր հայհոյանքներ կիրառում են նույն անկաշկանդությամբ, ինչպես կիրառում են «հաց» կամ «պանիր» բառերը:
Ի վերջո, սոցցանցի պատն իրենց անձնական տարածքն է, կարող են գրել՝ ինչ ցանկանում են: Եվ չես կարող առարկել. մարդիկ ազատ են իրենց անձնական տարածքում արտահայտվել այնպես, ինչպես ցանկանում են: Նրանք վստահ են՝ հայհոյանքներով առատ ստատուսները խոսում են մտքի ազատության, անվախ բնավորության մասին: Եվ այդ ստատուսներն էլ իրենց պես ազատ ու քաջարիների համար են:
Ոչ ոք չի կարող ժխտել, որ հնարավոր հակառակորդից տասնյակ կիլոմետրերով հեռու, բնակարանի ամուր պատերով ու կողպված դռնով պաշտպանված, միևնույն է, չտեսնված խիզախություն է պահանջում «լիբերալ» կամ «Պուտին» բառերը գրել այնպիսի տառադարձությամբ, որ հմուտ ընթերցողները նկատեն հեղինակի անձնական հակակրանքն ազատականների կամ ՌԴ նախագահի հանդեպ: Թեև, կարող եմ պնդել, գրողներն այնքան էլ վստահ չեն, որ այդ ստատուսը Պուտինն անձամբ է կարդում և կարմրում: Այդ դեպքում ո՞ւմ համար են այդ հայհոյախոսությունները:
Ընկերոջդ համառ պարզունակությունը ձանձրացնո՞ւմ է, սեղմիր կոճակն ու այլևս նրան չես հիշի: Սակայն, հոպ, ևս մեկը: Ահա և մյուսը:
Ի վերջո, ամոթխածներն ունեն ընտրություն՝ կարդալ մայր Թերեզայի մտքերը կամ նյութեր Հռոմի Պապի մասին:
Հետաքրքիր միտում եմ նկատել, գուցե դո՞ւք էլ. հայհոյանքները թափանցել են նաև ինտելեկտուալ զրույցներ, հայհոյում են նաև կրթված մարդիկ: Եվ ոչ թե զայրույթի պիկին, երբ նորմատիվ լեքսիկոնն արդեն անզոր է արտահայտել ցասումը, այլ հենց այնպես, իմիջիայլոց, անգամ ենթագիտակցորեն:
Հայհոյանքը դարձել է ամենասովորական զրույցի, ստատուսի բաղադրիչը: Ինչ խոսք, կրթված մարդու հայհոյանքը ևս «կիրթ» է. նա բարեկրթորեն գրում է հայհոյանքի առաջին տառը և դնում կետեր, իսկ երկար հայհոյանքը ներկայացնում է հապավումով: Մնացածը փորձված ընթերցողն առաջին տառից կհասկանա: Անգամ հետաքրքիր է՝ մտքում լրացնել բաց թողնված տառերը՝ ճիշտ տեղում դնելով անհրաժեշտ ձայնավորներն ու բաղաձայնները:
Հայհոյանքին առանձնահատուկ կարգավիճակ է տրված: Ոչ նորմատիվային լեքսիկոնն այսօր ավելի լեգիտիմ է, քան մեր իշխանությունները: Հայհոյում են բոլորը, քանի որ հանկարծ պարզվեց, որ առանց հայհոյանքի տղամարդիկ իսկական տղամարդիկ չեն, կանայք ժամանակակից չեն, երեխաներն առաջադեմ չեն: Հայհոյանքը ոչ միայն երկրորդ, երրորդին ուղղված զայրույթի կոնցենտրացիա է՝ անառողջ ինչ-որ ֆանտազիաների բանավոր թվարկմամբ:
Տղամարդիկ, և սա արդեն համատարած է՝ եզակի բացառություններով, մեկ նախադասության մեջ բազմիցս գործածում են հայհոյական բառեր՝ ուղղված հենց իրենց: Պարզվում է, նրանց խոսքը գրոշի արժեք չունի, համոզիչ չէ՝ առանց ինքնանվաստացուցիչ պիտակների: Այս դեպքում արդեն հղում է արվում հայոց այբուբենի երկրորդ և երրորդ տառերին: «Լինեմ սա» կամ «Լինեմ նա»գ
Հայհոյանքները կամ միմյանց՝ առանց կաշկանդվելու, պիտակներ կպցնելը, ինքնասփոփման, կուտակված էներգիան արագ պարպելու միջոց է:
Բանը հասել է այնտեղ, որ հայհոյանքն արդեն դադարել է ունենալ էմոցիոնալ այն ազդեցությունը, որին կոչված էր ի սկզբանե: Այլ կերպ ասած՝ հայհոյանքն իր նախնական գործառույթը փոխել է:
Սեռական բնույթի ամենախայտառակ հայհոյանքն առաջին ռեակցիան է, որը զայրացած տղամարդը կարող է իրեն թույլ տալ անգամ հրապարակային տեղում, բազմաթիվ կանանց ու աղջիկների ներկայությամբ՝ վստահ, որ արժանի հակահարված է տվել «խուլիգանին»:
Ինչպես կառավարության խոստումները, ինչպես բառերը, խոսքը, արժեզրկվել են նաև հայհոյանքները: Ժամանակն է նոր բան մտածել…