Կառավարության ծրագրին դեմ չքվեարկեց նույնիսկ Նիկոլ Փաշինյանը

Հայաստանում անակնկալներ չեն լինում. վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարության ներկայացրած ծրագիրն անցավ ՀՀԿ-ականների միահամուռ կողմ քվեարկությամբ: Խորհրդարանական մյուս հինգ խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը՝ հայտարարելով, որ բոյկոտում են քվեարկությունը:
Ընդդիմության նման քվեարկությունն առավել քան տարօրինակ էր, քանի որ նրանք ավելի շատ փորձում էին պաշտպանել կառավարությանը, քան դեմ էին արտահայտվում դրան:

Օրինակ, ԲՀԿ-ական Գուրգեն Արսենյանը չէր զլացել և ուսումնասիրել էր, թե տարբեր լրատվամիջոցներ ինչպես են լուսաբանում կառավարության ծրագրի քննարկման ընթացքը, և արձանագրել, որ տարբեր թերթեր և կայքեր եզրակացրել են, թե իշխանության մեջ կան ուժեր, որոնք այնքան էլ լավ չեն տրամադրված Աբրահամյանի կառավարության նկատմամբ, և նրանք կուրախանան, եթե կառավարությունը ձախողվի:

Անձամբ Արսենյանին կառավարության ծրագիրը «Ոչ թևաթափ է անում, ոչ էլ հույսեր է ներշնչում»: «Ժառանգություն» խմբակցության նախագահ Ռուբեն Հակոբյանն իշխանությանը մեղադրում է փողասիրության և իշխանությունը սեփական շահերին ծառայեցնելու մեջ.

«Մեր իշխանությունները ցույց են տվել, որ իմունիտետ չունեն փողի նկատմամբ, հենց փող են տեսնում՝ հոգեխանգարմունքի մեջ են ընկնում»: Իսկ թե ինչու «Ժառանգությունը» դեմ չի քվեարկում փողասեր իշխանության ներկայացրած ծրագրին, Հակոբյանը բացատրում է կառավարության ինքնավստահությամբ. եթե կառավարությունն ասում է, որ ինքը կարող է իրականացնել այդ ծրագիրը, ապա թող միայնակ փորձի իրականացնել:
Ընդհանրապես չորս խմբակցությունները միասին Հովիկ Աբրահամյանին մեղադրում էին այն հարցում, որ նա քաղաքական գնահատական չի տալիս նախորդ կառավարության գործունեությանը, չի ասում, թե ինչ թերացումներ է ունեցել նախորդը, և ինչն է, որ իրենք պատրաստվում են փոխել:

Կարդացեք նաև

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին չի բավարարում այն, որ այս կառավարությունը հայտարարում է, որ իրենց ծրագիրը նախորդի շարունակությունն է: Բայց եթե իրենք դեմ էին նախորդին, անհասկանալի է, թե ինչու դեմ չեն նոր կառավարության ծրագրին:

Իրականում, անկախ ձևակերպումներից՝ պարզ է, որ խորհրդարանական քառյակի համար Հովիկ Աբրահամյանը բավական ընդունելի վարչապետի թեկնածու է: Նրանք պատրաստ էին դրա մասին բարձրաձայն հայտարարել, բայց քանի որ իրենք ընդդիմադիր են և չեն կարող կողմ քվեարկել, ստիպված էին չմասնակցել քվեարկությանը: Այդ իմաստով ամենաազնիվը Հրանտ Բագրատյանն էր, ով հայտարարեց, որ թեև կառավարության ծրագրի մեջ կան ընդունելի կետեր, բայց կան նաև որոշ անորոշություններ, և այդ պատճառով ինքը ձեռնպահ է քվեարկում:

Նա այդ հայտարարությունն արեց իր և Ալեքսանդր Արզումանյանի անունից: Հասկանալի էր նաև ՕԵԿ խմբակցության այլևս նախկին անդամ Կարեն Բոթոյանի պահվածքը: Բոթոյանը հայտարարեց, որ ինքը դուրս է գալիս ՕԵԿ-ից և կողմ է քվեարկում կառավարության ծրագրին: Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ Բոթոյանը «Եվրոպա» ընկերության սեփականատեր Սերգեյ Մանուկյանի փեսան է: Իզուր էր Հեղինե Բիշարյանը բողոքում, թե կառավարության ծրագիրը թատերականացված շոու էր, քանի որ գործարարը պաշտպանված չէ իշխանության ճնշումներից: Մի՞թե այն ժամանակ, երբ Բոթոյանը մտնում էր ՕԵԿ խմբակցություն, իրենք չգիտեին, որ նա մտնում է՝ հենց իշխանության հետ լինելու, և ոչ թե՝ իշխանությանն ընդդիմանալու համար: Այսպիսով խորհրդարանական մեծամասնությունը համալրվեց ևս մեկ «անկախ» պատգամավորով:

Անհասկանալի էր միայն Նիկոլ Փաշինյանի քվեարկությունը: Նա երեկ այնպես հիմնավոր էր դեմ արտահայտվել կառավարության ծրագրի և այն ներկայացրածների անձերին, որ քվեարկությանը նրա չմասնակցելն ուղղակի զարմանք առաջացրեց: Միակ դեմ քվեարկողը Խաչատուր Քոքոբելյանն էր, որ ևս պետք է տարօրինակ համարել, քանի որ Քոքոբելյանը վերջերս էր կողմ քվեարկել շքեղության հարկի վերացմանը, որն ընդդիմադիրները համարում էին այս կառավարության առաջին անընդունելի քայլերից մեկը:

 

Տեսանյութեր

Լրահոս