Բաժիններ՝

Վերնիսաժի մոտ կրակոցներից տուժածներից 2-ի վիճակը ծանր է. մյուս 3-ը տեղափոխվել են հիվանդասենյակ

Մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների արդյունքում վիրավորված անձանցից երկուսի վիճակը ծանր է: Այս մասին 168.am-ին տեղեկացրին «Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրի» մամուլի ծառայությունից:

Ալվինա Բադալյանը, Մնացական Սուքիասյանն ու Նորայր Հարությունյանը երեկ տեղափոխվել են հիվանդասենյակ, նրանց վիճակ գնահատվում է կայուն բավարար:

Վալերի Հովյաննիսյանն ու Մյասնիկ Հայրպետյանը դեռևս գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը, բժիշկների գնահատմամբ, կայուն ծանր է: Հիվանդանոցից հայտնեցին նաև, որ դեռ հայտնի չէ՝ երբ հիվանդները դուրս կգրվեն հիվանդանոցից:

Հիշեցնենք, որ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել, ապա կալանավորվել է Գոռ Առաքելյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 10-րդ կետերով (խուլիգանական դրդումներով երկու կամ ավելի անձանց սպանության փորձ՝ շատերի կյանքի համար վտանագավոր եղանակով), ինչպես նաև՝ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Կարդացեք նաև

Երեկ Գ. Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանը, խոսելով Գ Առաքելյանին առաջադրված մեղադրանքի մասին, ասել էր. «Համենայնդեպս, կան վկաներ, որոնք հստակ նշել են իրադրությունը՝ թե ինչ է տեղի ունեցել: Նշված հանգամանքների առկայութան դեպքում բացառվում են նախ խուլիգանական դրդումները, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակը, առավել ևս՝ երկու և ավելի անձանց սպանության փորձը: Ես հստակ նշեցի՝ բոլորի վնասվածքները որովայնից, գոտկատեղից ներքև հատվածում են: Եթե գտնում ենք, որ ցանկացած անձ բոլորին սպանելու դիտավորություն ունի ու հնարավորություն կա կրակելու՝ իր դիմաց կանգնած, ի՞նչ եք կարծում՝ ոտքերին կկրակի՞, թե՞ որովայնից վերև՝ կենսականորեն ավելի կարևոր օրգաններին»:

Նշենք նաև, որ Գոռ Առաքելյանը, ըստ ոստիկանության, բացատրական աշխատանքների շնորհիվ` մայիսի 18-ին ներկայացել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից էլ հանձնվել է Կենտրոնական քննչական բաժին: Նա ներկայացրել է հրազեն հանդիսացող «Մակարով» ատրճանակի տիպի, 1 չլիցքավորված փամփշտատուփով, առանց գործարանային համարի ատրճանակ:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս