Բաժիններ՝

«Պարոն կառավարությունը, մեր վերին մեծության քաջ նազարները սաղ քաղաքը ծախեցին ». Քանդակագործ (տեսանյութ)

«Նախ հարց է առաջանում, թե ինչո՞ւ է վաճառվում: Շատ տարօրինակ է դա, և արդյո՞ք դա վաճառքների տրամաբանական շարունակությունը չէր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մարզահամալիրի ճակատային մասի քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը` խոսելով Մարզահամերգային համալիրի աճուրդի հանելու մասին:

Նա տարօրինակ է համարում համալիրը վաճուրդի հանելը. «Ի՞նչն է սրա հիմքում: Նախ, որ պետական հարկերը չեն կարողանաում տալ, այդ դեպքում պետությունը թող օգնի, դոտացիա տա որոշ ժամանակով, կամ վարկ տա: Ես շնորհակալ եմ Մուրադյան եղբայրներից, որ նրանք կատարյալ վերականգնեցին կառույցը: Այն քանդված վիճակում էր: Բոլորը դժգոհում էին, թե ինչու վաճառեցին, բայց դրանով փրկեցին ամբողջ կառույցը: Այդ կառույցի հետ ես անմիջական կապ ունեմ:Սկզբից մինչև վերջ գիտեմ, թե ինչ դժվարությամբ, ինչ բարդություններով է կառուցվել: Այդ ժամանակ Սովետական միությունում բոլոր նման կառույցները կոնսերվացվեցին, թույլ չտվեցին շարունակել: Միակ կառույցը, որ կառուցվել է, դա Մարզահամերգային համալին է եղել: Հիմա եթե արդեն վերականգնված է, գեղեցիկ է, ինչո՞ւ են դնում աճուրդի: Ո՞վ է առնողը, և ինչո՞ւ է պետությունը ուզում ազատվել այդ շենքից»:

Ըստ Ֆ. Առաքելյանի` այժմ դրսից եկեած որևէ մեկը, հատկապես աղանդներից մեկը կգնի և կդարձնի ակումբ. «Դա ճիշտ է՞»:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը չի կիսում Ֆ. Առաքելյանի մտահոգությունը, քանի որ միշտ էլ սեփականությունը վաճառքի ընթացքի մեջ է: Ըստ նրա`դրանով է այն ապրում:

«Բայց մեզ մոտ մի յուրահատկություն կա: Այդ վախը կա և դրանից մի քիչ  անվստահություն կա: Եթե մենք ունենայինք թափանիցիկ համակարգ, թե  ում վաճառեցին, ինչ գնով, պայմանագրի մեջ ինչ կետեր են նախատեսված, շատ հանգիստ կլինեինք: Բայց վերջին տարների փորձը ցույց տվեց, որ եթե չլուսաբանված կամ հանրությանը անհայտ մեկին վաճառվում է այդ շենքը, շինությունը, դրանից երկու-երեք տարի հետո մենք ականատես ենք լինում մի նրա փլուզման վտանգին, կամ այնպիսի ձևախեղումների, որ այդ հուշարձանից, կամ շենքից ոչինչ չի մնում»:

Մ. Մինասյանն ասաց, որ այդ անվստահությունը գալիս է նրանից, որ արդեն որերորդ շենքն է կանգում է այդ վտանգի եզրին. «Օրինակ օդանավակայանը, (մենք դեռևս չունենք այն նախագիծը, որով նա պետք է պահպանվի), Աճառյանի դպրոցը, Փակ շուկան (որը կորցրեց ամբողջ իր հմայքը): Ու այս ամենից հասարակության  մեջ իրոք դժգոհություն է լինում այն իմաստով, որ անվտահության մեծ ալիք է բարձրանում»:

Մ. Մինասյանին ֆինանսական հարցերն ամենևին չեն հետաքրքրում. «Բայց եթե մենք պայմանագրում հստակ չասենք, որ համաձայն գոյություն ունեցող օրենքների՝ նոր սեփականատերը պետք է առնի և թողնի կառույցի ֆունկցիան այնպես ինչպես կա և չպետք է ձեռք տա Մարզահամերգային դահլիճի ճարտարեպությանը, այդ դեպքում որևիցե խնդիր չեմ տեսնում»:

Իսկ Ֆ.Առաքելյանն այնուամենայնիվ տեսնում է խնդիր. «Քանի որ պարոն կառավարությունը, մեր վերին մեծության քաջ նազարները սաղ քաղաքը ծախեցին, գործարանները սարքեցին ռեստորան, սուպերմարկետ, ոչինչ չթողեցին ժողովրդին: Բա որ սա՞ էլ դարձնեն մի նման ախմախ բան: Դրա համար կետ առ կետ պարոնները պետք է գրեն: մենք նրանց չենք խնդրում, մենք պահանջում ենք իրենցից: 25 տարի է դուք անընդհատ կառապան եք փոխում: Բայց ի՞նչ է փոխվել: Ոչ մի բան»:

Անի Քեշիշյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս