«Սրանք իրենց երեխաների աչքերին գոնե կարողանո՞ւմ են նայել». Լևոն Զուրաբյանը՝ իշխանությունների մասին
Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երկարատև և անշրջելի խաղաղություն է խոստանում մի ուժ, որի կառավարման տարիներին`
– ունեցանք 10 ռազմական բախում Ադրբեջանի հետ,
– կորցրեցինք Արցախը որպես մի ամբողջ հայկական աշխարհ, ինչի նման բան եղել էր միայն 1915 թվականին, երբ կորցրեցինք արևմտյան հայկական աշխարհը,
– կորցրեցինք 5000 մարդկային կյանք,
– հանձնեցինք ռազմավարական բարձունքներ՝ ստանալով մի քանի կիլոմետրի սահմանազատում,
– հանձնեցինք Հայաստանի Հանրապետության 200-ից ավելի քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածք,
– ստանձնեցինք Ադրբեջանին միակողմանի «անխոչընդոտ» միջանցք հանձնելու միջազգային պարտավորություն,
– ընդունեցինք Ադրբեջանի անխտիր բոլոր պահանջները խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ,
և այդ ամենից հետո
– միևնույն է չունենք Ադրբեջանի ստորագրությունը խաղաղության պայմանագրի տակ,
– չունենք հաղորդակցության ուղիների ապաշրջափակում, մասնավորապես, հայ-թուրքական սահմանի բացում,
– մեզանից պահանջում են հանել Սահմանադրությունից հղումն անկախության հռչակագրի վրա,
– մեզանից պահանջում են ադրբեջանական անկլավների վերադարձ,
– մեզանից պահանջում են 300.000 ադրբեջանցիների վերադարձ Հայաստան,
– մեզանից պահանջում են պատմամշակութային ինքնության «դենացիֆիկացիա», ներառյալ «տարածաշրջանային անվտանգության սպառնալիք»` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կազմաքանդում:
Հա, հաստատ վստահեցինք:
Սրանք իրենց երեխաների աչքերին գոնե կարողանո՞ւմ են նայել»։

