Բաժիններ՝

ՀԷՑ-ը տուգանվեց 20 միլիոն դրամով

Այսօր՝ մայիսի 16-ին, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում տեղի ունեցավ նիստ, որի օրակարգում էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատասխանատվության ենթարկելու հարցը:

Խնդիրը կապված է Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 շենքի էներգամատակարարման հետ։ Բնակիչների՝ ՏՄՊՊՀ-ին ուղղված դիմումի համաձայն, շենքի շինարարական աշխատանքները դեռևս 4 տարի առաջ ամբողջությամբ ավարտվել են, շենքը հանձվել է շահագործման, սակայն ՀԷՑ-ը պատշաճ չի իրականացնում շենքի էլեկտրամատակարարումը՝ փաստացի հնարավորություն չտալով բնակիչներն բնակություն հաստատել այնտեղ։

ՀԷՑ-ը պարզաբանում է, որ կառուցապատող «Միլլար» ընկերությունը չի վճարել պայմանագրով նախատեսված գումարները (15 միլիոն դրամ), ինչի պատճառով հնարավոր չի եղել իրականացնել էլեկտրամատակարարում:

Ըստ բնակիչների՝ իրենք 4 տարի շարունակ դիմել են ՀԷՑ-ին, սակայն խնդիրը չի կարգավորվել։ Ավելին, ՀԷՑ-ը յուրաքանչյուր բնակչից պահանջել է վճարել 138 հազար դրամ, էլեկտրամատակարարումն իրականացնելու համար:

Ուսումնասիրելով խնդիրը՝ ՏՄՊՊՀ-ն «ՀԷՑ»-ի գործողությունները և պահանջը անօրինական համարեց, քանի որ էներգամատակարարման ոլորտում միակ ընկերությունը հանդիսանում է «ՀԷՑ»-ը, և բնակիչները չունեն այլընտրանքային տարբերակ։ Ըստ ՏՄՊՊՀ-ի, կառուցապատող ընկերությունը իր պարտավորությունները չի կատարել, սակայն դա բնակիչների խնդիրը չէ։ Հետևաբար, ըստ հանձնաժողովի, ՀԷՑ-ը իրավասու չէ կամայական սկզբունքներով որոշել՝ բնակիչներին էլեկտրաէներգիա տրամադրել, թե ոչ:
Հաշվի առնելով այս ամենը՝ հանձնաժողովը որոշեց ՀԷՑ-ին տուգանել 20 միլիոն դրամով և պարտավորեցնել ընկերությանը 7-օրյա ժամկետում բնակիչների հետ կնքել էներգամատակարարման պայմանագրեր։

ՀԷՑ-ը, հիշեցնենք, նախկինում բավականին մեծ չափի տուգանքներ է վճարել նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի քանի որոշումներով՝ կրկին բնակիչների հետ ունեցած խնդիրների պատճառով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս