Բաժիններ՝

Յանուկովիչի ու նրա կլանի շնորհիվ այժմ լրջորեն մեկնարկել է գլոբալ կոռուպցիայի դեմ պայքարը. Բիլդտ

Ռուսական Новая Газета թերթին տված հարցազրույցի ժամանակ Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Ռուսաստանի տնտեսական ու կոռուպցիոն խնդիրներին:

Բիլդտը ճիշտ չի համարել արևմտյան պատժամիջոցների հարցում Ռուսաստանի ու Իրանի տնտեսությունները համեմատելը՝ ընդգծելով, որ ռուսական տնտեսությունն ունի այլ կառուցվածք և ավելի շատ է կախված ներկրումից, ինչը հատկապես վերաբերվում է բարձրտեխնոլոգիական ոլորտին:

Բիլդտին հիշեցրել են, որ ոչ վաղ անցյալում նա հայտարարել է, թե Ռուսաստանը վերջին ամիսներին կորցրել է 150 միլիարդ դոլար, և խնդրել են մանրամասնել, թե որտեղից է նա ստացել այդ գումարը:

Ի պատասխան՝ Բիլդտը հայտարարել է, որ 60 միլիարդ դոլար կազմել է Ռուսաստանից կապիտալի արտահոսքը, բացի այդ, տվյալ թվի մեջ են մտնում նոր փոխառությունների թանկացումը կամ սահմանափակումը, տասնյակ միլիարդների հասնող պարատքի մարման անհրաժեշտությունը, ուղիղ ներդրումների կասեցումը, առևտրային պայմանների վատթարացումը:

Բիլդտին հարցրել են, թե ինչու Արևմուտքում միայն հիմա՝ պատժամիջոցների համատեքստում, հիշեցին ռուսական կոռուպցիայի մասին, և մի՞թե Արևմուտքին դուր չի գալիս, որ ռուսական «կեղտոտ փողերը» պահվում են Եվրոպայում: Բիլդտը բացասական պատասխան է տվել.

«Ոչ: Եվրոպան իր քաղաքական համակարգի շնորհիվ նվազագույնի է հասցրել կոռուպցիան: Մենք երկու պատճառով չէինք կարող զբաղվել այդ թեմայով՝ կապված օֆշորների ու մեր երկրներում «փողեր լվանալու» հետ:

Նախևառաջ մենք լավ չենք հասկացել խնդրի էությունը, իսկ այժմ լավ ենք հասկանում դա: Դրա համար շնորհակալություն նաև Լազարենկոյին, Յանուկովիչին ու նրա կլանին, Ֆիրտաշին ու մյուսներին: Եվ երկրորդ՝ մենք ելնում ենք իրավունքի գերակայությունից (rule of law):

Եթե այլ երկրում հարուցված չեն քրեական գործեր, չկան իրավական օգնության կամ դատական որոշման մասին միջնորդություններ, ապա մեզ համար դժվար է քրեական գործեր հարուցելը, չկան անհարաժեշտ հիմնավորումներ: Համոզված եմ, որ այժմ լրջորեն մեկնարկել գլոբալ կոռուպցիայի, մեքենայությունների ու «լվացումների» դեմ պայքարը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս