Խնամիս ու ես

Երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է մի քանի տասնյակ խոշոր գործարարների հետ ու, ինչպես պաշտոնական հաղորդագրությունն է ասում, նրանց հետ քննարկել է «տնտեսության ներկայիս վիճակին և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ»: Հանդիպումից հետո դրան մասնակցած, մեղմ ասած, խոշոր գործարարների կամ, ավելի հասկանալի լեզվով ասած` օլիգարխների կցկտուր խոսքերից պարզ դարձավ, որ Աբրահամյանը նրանց հավաքել էր «ախպերավարի զրուց անելու», ինչը, մեր պաշտոնյաների ու գործարարների մեծամասնությանը հոգեհարազատ բառապաշարով` կոչվում է «սխոդկա»: Իրականում երեկվա այդ հանդիպումը ոչ այլ ինչ էր, քան խմբակային հաղորդում հանցագործության մասին: Միանգամից մի քանի հանցագործությունների:

Նախ` երեկ Մելիք-Ադամյան փողոցում էին հավաքվել բոլոր նրանք, ում Սահմանադրությամբ արգելվում է զբաղվել բիզնեսով՝ ԱԺ պատգամավորները և կառավարության անդամները: Նրանք, իհարկե, բոլորը հայտարարում են, թե բիզնեսով չեն զբաղվում, այլ ընդամենը սեփականատերեր են: Այդ դեպքում, սակայն, հարց է առաջանում` ինչո՞ւ վարչապետի հետ հանդիպմանը չէին ներկայացել նրանց բիզնեսների մենեջերները: Մյուս կողմից, սակայն, այդ հարցը ծիծաղելի է, քանի որ այդ դեպքում վարչապետի փոխարեն էլ մյուս գործարարների հետ պետք է հանդիպեր նրա ձկնաբուծարաններից կամ գործարաններից մեկի տնօրենը: Իսկ ամենամեծ հարցն այն է՝ ո՞վ էր երեկ հանդիպում խոշոր գործարարներին՝ ՀՀ վարչապե՞տ Հովիկ Աբրահամյանը, թե՞ ՀՀ ամենախոշոր գործարարներից, կալվածատերերից մեկը՝ Հովիկ Աբրահամյանը:

Եվ երբ նա հանդիպման ընթացքում խոստանում էր այլևս բոլորի համար ապահովել հավասար պայմաններ, դա վերաբերում էր վարչապե՞տ Հովիկ Աբրահամյանին, թե՞ գործարար Հովիկ Աբրահամյանին: Անհեթեթ թվացող այս հարցերը պայմանավորող պատճառներն են իրականում Հայաստանի ամենամեծ խնդիրները: Իսկ դրանք երեկվա ու նման հանդիպումների ընթացքում ոչ թե լուծվում, այլ ավելի են խորանում: Ինչ վերաբերում է հանդիպման ընթացքում հնչած մտքերին, որոնց մասին տեղեկություններ են փոխանցել մտագործունեության նկատմամբ առանձնապես մեծ հակում չունեցող խոշոր գործարարները, ապա դրանք ևս ամբողջությամբ ենթակա են Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներին:

Հիմնական միտքը, որն, ըստ գործարարների, արտահայտել է Հովիկ Աբրահամյանը, եղել է հետևյալը. եկեք անցյալի մասին քիչ խոսենք, գիծ քաշենք ու ամեն ինչ սկսենք զրոյից, մտածենք ապագայի մասին: Որպես բաժակաճառ` դա, իհարկե, բարեհունչ է, սակայն որպես վարչապետի դիրքորոշում, մեղմ ասած, տարակուսելի: Որովհետև դա նշանակում է այն, ինչն ընդունված է անվանել հարկային համաներում: Ավելի պարզ ասած՝ Աբրահամյանի ասածը հետևյալն է. «մեզանից ով՝ ինչ արել-չի արել նախկինում, որքան հարկեր է թաքցրել կամ որքանով է գործել ստվերում, գլուխը՝ քարը. այսօրվանից սկսում ենք աշխատել մաքուրով»: Անցումային շրջանում գտնվող մի շարք երկրներում այդ պրակտիկան տարածված է, սակայն կա մի նրբություն:

«Գիծ քաշվում է» ոչ թե որևէ մեկի ցանկությամբ կամ կամքով, եթե անգամ այդ մեկը «լավ ախպեր» է, այլ օրենքով: Մինչդեռ Հովիկ Աբրահամյանը, փաստորեն, իրեն հավասարեցրել է օրենքին: Սա քաղաքացիակա՞ն, քրեակա՞ն, թե՞ Սահմանադրական դատարանի ընդդատության խնդիր է՝ թող պարզեն իրավաբանները: Բայց երեկվա հանդիպման ամենամեծ ինտրիգը ոչ թե այդքան խոշոր գործարարների միաժամանակյա ներկայությունն էր միևնույն վայրում, այլ ամենախոշորներից մեկի՝ Գագիկ Ծառուկյանի բացակայությունը:

Երևի այն պատճառով, որ երեկվա հանդիպման ընթացքում քննարկված հարցերը նրան չեն վերաբերել: Իսկ հանդիպման ընթացքում, ինչպես նշեցինք, խոսվել է հավասար պայմանների մասին: Իսկ ի՞նչ հավասար, պայմանների մասին կարող է խոսք լինել, եթե վարչապետը խնամի է: Կամ խնամին` վարչապետ:

Տեսանյութեր

Լրահոս