ԿԳՄՍՆ-ն պատրաստվում է դատի տալ Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպչին՝ ավելի քան 534 մլն դրամի պահանջով. Factor.am
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պատրաստվում է դատական հայց ներկայացնել «Դոպինգ Սփեյս» ընկերության դեմ՝ Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպման համար հատկացված պետական միջոցներից ավելի քան 534 միլիոն դրամի վերադարձն ապահովելու նպատակով։ Այս մասին Factor TV-ին հայտնել են նախարարությունից՝ գրավոր հարցմանն ի պատասխան։
Հիշեցնենք՝ 2023 թվականին Երևանում նախատեսված, սակայն չկայացած ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի համերգի կազմակերպման համար պետական բյուջեից «Դոպինգ Սփեյս» ընկերությանը հատկացվել էր շուրջ 2.3 միլիարդ դրամ։ Հետագայում նույն ծրագրի շրջանակում կազմակերպվել էր Ջենիֆեր Լոպեսի համերգը։
Նախարարության տրամադրած տեղեկության համաձայն՝ 2023 թվականի օգոստոսի 18-ին կնքված պայմանագրի շրջանակում «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ին հատկացվել է 2 միլիարդ 318 միլիոն 596 հազար 843 դրամ։
Ընկերության ներկայացրած ֆինանսական հաշվետվությունների ուսումնասիրության արդյունքում նախարարությունը պարզել է, որ պետական բյուջե վերադարձման ենթակա տնտեսված գումարը կազմում է 502 միլիոն 459 հազար 679 դրամ։ Բացի այդ, առկա է 7 միլիոն 815 հազար 883 դրամ տուգանք և պայմանագրով սահմանված առնվազն 24 միլիոն 381 հազար դրամի պարտավորություն, որի մասով ևս վճարում չի կատարվել։
Այսպիսով, նախարարության ներկայացրած տվյալներով՝ պետության նկատմամբ ընկերության ֆինանսական պարտավորությունները կազմում են առնվազն 534.6 միլիոն դրամ։
«Ներկայում նախարարությունում պատրաստվում է «Դոփինգ Սփեյս» ընկերության դեմ գումարի բռնագանձման պահանջով հայցադիմումը, որին օրենսդրությամբ սահմանված կարգով կտրվի համապատասխան իրավական ընթացք»,- հայտնել են նախարարությունից։
Նոյեմբերի 5-ին Factor TV-ի հետ զրույցում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել էր, որ ընկերությունից գումարի վերադարձի հարցում առաջիկայում նորություն կլինի։ Լրագրողի հարցին՝ արդյոք գործընթացը շարունակվելու է դատական ճանապարհով, նախարարը պատասխանել էր․ «Հուսով եմ՝ ավելի տրամաբանական կարգավորում կունենանք»։
Սակայն, դատելով նախարարության վերջին պատասխանից, ընկերության հետ արտադատական կարգով համաձայնության հասնել չի հաջողվել, և այժմ գերատեսչությունը պատրաստվում է գումարի բռնագանձման պահանջով դիմել դատարան։
Հիշեցնենք՝ 2025 թվականի հունվարին Անդրեասյանը հայտարարել էր, որ նախարարությունը դիմել է համերգի կազմակերպիչ ընկերությանը՝ պահանջելով վերադարձնել պետական բյուջեից հատկացված գումարը։ Իսկ 2026 թվականի սեպտեմբերին հայտնել էր, որ Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպումից հետո նախարարությունը ընկերությունից ավելի քան 500 միլիոն դրամի վերադարձի պահանջ ունի։
Այս տարի արդեն «Դոպինգ Սփեյս» ընկերությանը COP17 համաժողովի կազմակերպչական ծառայությունների շրջանակում շուրջ 3,5 միլիարդ դրամի նոր պետական պայմանագրեր էին վստահվել։

