Հանրաքվե եղավ, մարդկանց մեծ մասը կողմ է քվեարկելու նոր Սահմանադրությանը. Նիկոլ Փաշինյան

ՔՊ-ական Մարիա Կարապետյանն ԱԺ-ում հարց ուղղելով իր քաղաքական կնքահորը՝ Նիկոլ Փաշինյանին, անդրադարձավ ՔՊ-ի Սահմանադրությունը փոխելու գործընթացին՝ ընդդիմադիրների ակտիվ պայքարի համատեքստում։

«Խորհրդարանական ընդդիմությունը նոր Սահմանադրության հանրաքվեի համատեքստում դուրս է եկել քաղաքացիների հետ շփման, և իր համար կարևոր բացահայտումներ է արել առ այն, թե ինչու չպետք է խոչընդոտի այդ նոր Սահմանադրության այս խորհրդարանում հանրաքվեի դնելու որոշմանը։ Մասնավորապես, «Հայաստան» խմբակցության ղեկավարը վերջերս  հրապարակային արձանագրել է, որ քաղաքացիների հետ շփումներից իր տպավորությամբ (բառացի եմ մեջբերում)՝ «կա մարդկանց մի խումբ, որն ընդհանրապես չգիտի, որ այսօր կա սահմանադրական փոփոխության հարց։

Եվ բացահայտել են նաև մեկ այլ խումբ քաղաքացիների, ովքեր, իրենց պնդմամբ, ընտրած լինելով մեզ՝ «Քաղաքացիական պայմանագրին», դեմ են նոր Սահմանադրությանը, ինչը պիտի որ տրամաբանորեն նշանակի, որ կարող են լինել նաև քաղաքացիներ, ովքեր մեզ չեն ընտրել, բայց կողմ կլինեն նոր Սահմանադրությանը,- նախ երկար պրոլոգով այս արձանագրումներն արեց ՔՊ-ականը, ապա հետաքրքրվեց,- Դո՛ւք ինչպիսի՞ տարբերություններ եք նկատում խորհրդարանական անցած ընտրությունների և գալիք նոր Սահմանադրության հանրաքվեի միջև՝ թե՛ բովանդակային իմաստով, թե՛ ձևի իմաստով, թե՛ ովքեր են մասնակցում այդ որոշման կայացմանը, ինչ ընթացակարգերով, և ինչու այս խորհրդարանը չպետք է խոչընդոտի քաղաքացիներին այդ հարցին պատասխանելու հարցում»։

Նիկոլ Փաշինյանն արձագանքելով հարցին՝ սկսեց պատմել․ «Խոսքը, ի վերջո, Սահմանադրության տեքստի և ընդհանրապես նոր Սահմանադրության ընդունման օրակարգի առումով պետության տեսլականի մասին է և պետության մոդելի մասին է։ Նոր Սահմանադրության հայեցակարգը և գաղափարաբանությունը առաջարկում է հենվել «իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա՝ Հայաստանի Հանրապետությունն իր միջազգայնորեն ճանաչված տարածքով ֆիքսել որպես պետություն, և փակել կոնֆլիկտների էջը, և պետությունը զարգացնել և այն փոխանցել սերնդեսերունդ։

Կարդացեք նաև

Ի վերջո, նոր Սահմանադրության ընդունումը մի բանի մասին է, և նոր Սահմանադրության ուղերձը մեկն է, որ մենք փակում ենք կոնֆլիկտների էջը ընդհանրապես, բոլոր ուղղություններով կոնֆլիկտների էջը փակում ենք և խաղաղությունը դարձնում ենք, ըստ էության, անշրջելի։

Հիմա, եթե այս ընդհանուր քաղաքական բանավեճը թարգմանենք․մի կողմում այս տեսլականն է, մյուս կողմում այն տեսլականն է, որ Հայաստանի Հանրապետությունը մենք պետք է դարձնենք որպես հենման կետ՝ անընդհատ այլ Հայաստանների մեր փնտրտուքը ապահովելու համար։ Այսինքն՝ մենք պետք է հենվենք այսօրվա Հայաստանի Հանրապետության վրա, որպեսզի գնանք և փնտրենք և ձեռք բերենք նոր Հայաստաններ՝ այդ նոր Հայաստանները կկոչենք Արցախ, թե կկոչենք Արևմտյան Հայաստան, թե կկոչենք ուրիշ անունով․․․ ընտրությունը սրա մեջ է, որ մենք, ի վերջո, ունենում ենք հարատև պետություն, թե չենք ունենում։ Որովհետև այս երկրորդ ճանապարհը մեզ, ի վերջո, բերելու է…

Նախ դա՝ այդ օրակարգը, ըստ էության, պատմական ցիկլերի սխալ մեկնաբանության և մեր պատմությունը չիմանալու արդյունք է, թույլ տվեք ասել, իսկ երկրորդը՝ ի վերջո, մեր պատմության հետ առերեսվելու, և այն պատմական շանսը, որ մենք այսօր ունենք՝ պետություն ունենալու և այդ պետությունը ոչ միայն ունենալու, այլև սերնդեսերունդ փոխանցելու, այդ շանսը օգտագործելու։

Ակնհայտ է, որ անկախ նույնիսկ քվեարկության արդյունքներից, այդ մի կողմ դնենք, Սահմանադրությունները՝ ներառյալ գործող Սահմանադրությունը, իրենք ձևավորվել են կոնֆլիկտը սպասարկելու տրամաբանությամբ, և Սահմանադրության նոր տեքստը խաղաղությունը սպասարկելու համար է։ Եվ թույլ տվեք ասեմ՝ ինչ կխոսեն, ինչ բանավեճեր կլինի, իմ համոզմունքը արտահայտեմ, որ հանրաքվեի արդյունքներով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնությունը գնալու է և կողմ է քվեարկելու նոր Սահմանադրությանը, որովհետև այդ Սահմանադրությանը կողմ քվեարկելով՝ ինքը քվեարկում է իր սերունդների օգտին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30