15-ամյա տղան պնդեց, որ հոր սիրուհու մերկ լուսանկարներն ինքն է տեղադրել «Odnoklassniki.ru» կայքում. «Փաստինֆո»
pastinfo.am-ի փոխանցմամբ՝ «Odnoklassniki.ru» սոցիալական ցանցում ամուսնու սիրուհու մեկ լուսանկարները տեղադրել է ոչ թե կինը՝ 37-ամյա Ռուզաննան, այլ նրա անչափահաս որդին: Այսպիսի հայտարարությամբ այսօր հանդես եկավ ամբաստանյալը: Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօրվա դատական նիստում ամբաստանյալը նշեց, որ ի սկզբանե չի ցանկացել, որպեսզի որդին ներքաշվի այս պատմության մեջ և նախաքննական մարմնին հայտնել է, որ ինքն է այդ լուսանկարները տեղադրել սոցիալական կայքում, սակայն իր 15-ամյա անչափահաս որդին պնդել է, որ պետք է դատարանում հայտնի այդ մասին:
Պաշտպանական կողմի միջնորդությամբ այսօր դատարանում հարցաքննվեց անչափահաս Էրիկը, ում օրինական ներկայացուցիչն էր հայրը: Էրիկը հայտարարեց, որ ինքն է հոր սիրուհու անվամբ էջ ստեղծել և տեղադրել նրա մերկ նկարները, որպեսզի վերջինս ամաչի և իր էջից ջնջի հոր հետ լուսանկարները:
Անչափահաս վկայի խոսքերով՝ տանն ունեն մեկ համակարգիչ, որից օգտվում են բոլորը։ Ըստ նրա՝ մայրը չունի բավարար գիտելիքներ՝ համակարգչից օգտվելու համար. տղան մորը սովորեցրել է միայն, թե ինչպես նամակագրական կապ հաստատի և այդպես հաղորդակցվի ՌԴ-ում գտնվող ամուսնու և ընկերուհիների հետ:
Անչափահաս վկան նշեց, որ տարիներ շարունակ իրենց տանը տեղի ունեցած վեճից հասկացել է, որ հայրը սիրուհի ունի, բացի այդ, տուժողն անընդմեջ զանգահարել է իրենց տուն, օրվա բոլոր ժամերին, անգամ հնչել են սպառնալիքներ տղայի հասցեին:
Տղան պատմեց, որ մի օր հոր սիրուհին գիշերը զանգահարել է իրենց տուն և ասել, որ հորը փոխանցի հեռախոսը, սակայն տղան ասել է, որ նա քնած է և չի կարող արթնացնել, որից հետո տուժողը հեռախոսը փոխանցել է մի տղամարդու, ով սպառնացել է տղային՝ ոտքերն ու գլուխը կոտրել:
Անչափահաս վկան նշեց, որ հերթական անգամ ՌԴ մեկնելիս հայրն իր հեռախոսի հիշողության կրիչը տանն է թողել, իսկ որդին էլ նրան խնդրել է որպեսզի թույլ տա օգտվել դրանից եւ այդ կրիչի մեջ էլ տղան հայտնաբերել է տուժողի մերկ լուսանկարները։ Վկայի խոսքերով՝ սկզբում չի հասկացել, որ դրանք հոր սիրուհու՝՝ Գայանեի լուսանկարներն են, ում պատճառով իրենց տանն անընդհատ վիճաբանություններ են եղել:
Տղան նաև նշեց, որ «Odnoklassniki.ru» սոցիալական ցանցում այցելել է հոր անվամբ բացված էջը, որտեղ տեղադրված բազմաթիվ լուսանկարներում պատկերված են եղել հայրը, սիրուհին և 1 տարեկան երեխա, մի շարք նկարներում հայրն ու սիրուհին եղել են գրկախառնված: Հայրը տղային հավաստիացրել է, որ դա իր էջը չէ, իսկ վերջինս էլ խնդրել է, որպեսզի սիրուհին ջնջի այդ նկարները:
15-ամյա տղան դատարանում պատմեց, որ չնայած իր խնդրանքներին լուսանկարները սոցիալական ցանցից տուժողը չի հանել։ Ուստի՝ ինքն էլ որոշել է նոր էջ բացել տուժողի անվամբ և տեղադրել է հոր հիշողության կրիչի մեջ հայտնաբերած տուժողի մերկ լուսանկարները, որպեսզի, ինչպես անչափահաս վկան ասաց, «տեսնի ու ամաչի, ջնջի մյուս նկարները»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: