Առաջին եռամսյակում հանցագործությունները նվազել են
Այս տարվա առաջին եռամսյակում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 20,5%-ով։
ԼՂՀ կառավարությանն առընթեր ոստիկանության կայքի փոխանցմամբ՝ հանցավորության ընդհանուր կառուցվածքում աճել են տնտեսական գործունեության (3,7%-ից 13,8%), հասարակական անվտանգության, հասարակական կարգի եւ բնակչության առողջության (24,3%-ից 30,0%) դեմ ուղղված հանցագործությունների մասնաբաժինները, փոխարենը նվազել են մարդու (10,3%-ից 7,5%), սեփականության (35,5%-ից 33,8%) ու պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի (18,7%-ից 11,3%) դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշիռները:
Հաշվետու ժամանակահատվածում 15-ով նվազել են միջին ծանրության, 5-ով՝ ծանր եւ 8-ով՝ քրեական հետախուզության գծով գրանցված հանցագործությունները, իսկ առանձնապես ծանր հանցագործություններ չեն արձանագրվել։
Ոստիկանության մարմինների կողմից ապրիլի 1-ի դրությամբ հետախուզման մեջ է գտնվում 65 հանցագործ եւ 11 անհայտ կորած: