Բաժիններ՝

Մահացել է մեր հայրենակիցը՝ Հարի դը Հորզը

Օրեր առաջ արևմտյան լրատվամիջոցները հաղորդեցին միջազգային ասպարեզում ճանաչում ունեցող լուսանկարիչ-լրագրող, Associated Press գործակալության երկարամյա աշխատակից, մեր հայրենակից Հարի Գունդակջյանի մահը (Harry Koundakjian): Հարի Գունդակջյանը մահացել է ապրիլի 21-ին, Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում՝ 83 տարեկանում, սրտի վիրահատությունից հետո առաջացած բարդություններից:

Նրա մասին գրում են՝ վետերան լրագրող, հսկա մարդ, որ ճարպկությամբ թափանցում էր ամենակարևոր տեղերը, Միջին Արևելքի ֆոտոլրագրության հայրը, նշանավոր՝ Հարի դը Հորզ (Harry the Horse) մականունը նա ստացել է իր արագաշարժության և խոշոր կազմվածքի պատճառով:

Սիրիայում 1930 թվականին ծնված Գունդակջյանը փոքր տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Լիբանան, որտեղ էլ դպրոցն ավարտելուց տարիներ հետո սկսել է զբաղվել լուսանկարչությամբ և ֆոտոլրագրությամբ: 22 տարեկանում նա Associated Press գործակալության արտահաստիքային թղթակիցն էր Լիբանանում, միաժամանակ աշխատում էր Բեյրութում տպվող ֆրանսերեն «L’Orient» օրաթերթում, ինչպես նաև թղթակցում էր արաբական մամուլին:

Hari (3) Hari (6) Hari (1)

Կարդացեք նաև

1966 թվականից նա արդեն Associated Press գործակալության հաստիքային ֆոտոլրագրողն էր միջինարևելյան 13 երկրներում, Հյուսիսային և Արևելյան Աֆրիկաներում, Թուրքիայում և Իրանում: Իր գործունեության երկու տասնամյակն անցկացնելով պատերազմներով, պառակտումներով, հեղափոխություններով և քաղաքական ու հասարակական իրադարձություններով հարուստ Միջին Արևելքում՝ Հարի Գունդակջյանը լուսանկարել է այնպիսի նշանավոր քաղաքական, պետական, ռազմական ու մշակութային գործիչների, ինչպիսիք են Ռիչարդ Նիքսոնը, Յասեր Արաֆաթը, Հաֆեզ Ասադը, Հոսնի Մուբարաքը, Անվար Սադաթը, Հորդանանի Հուսեյն թագավորը, արաբ աշխարհահռչակ երգչուհի Ֆեյրուզը, Անգլիայի Ելիզաբեթ թագուհին, պաղեստինցի կին հեղափոխական գործիչ Լեյլա Խալիդը, Հռոմի պապ Պողոս 6-րդը և այլք:

Hari (5) Hari (9)

Լուսանկարիչն առանձին լուսանկարչական շարքեր ունի Լիբանանի քաղաքացիական երկարամյա պատերազմից, արաբ-իսրայելական հակամարտությունից, եզակի լուսանկարիչներից է, որ 1972 թվականին ներկա է եղել Մյունհենի Օլիմպիական կոտորածին, որի ժամանակ պաղեստինցի բանակայինները պատանդ վերցրին Երուսաղեմը բռնագրաված ռեժիմի օլիմպիական թիմի անդամներին:

Hari (7) Hari (10) 1017041_623772761050748_680916259178861089_n

Թեժ կետերից պատրաստած նրա ֆոտոռեպորտաժները Associated Press գործակալության լրահոսի միջոցով զարդարել են միջազգային հեղինակավոր ամսագրերի շապիկներն ու օրաթերթերի առաջին էջերը: Հորդանանի Հուսեյն թագավորի հարսանեկան ֆոտոշարքի (1978թ), Յասեր Արաֆաթի՝ երեխաներով շրջապատված լուսանկարի և Հռոմի պապ Պողոս 6-րդի՝ Երուսաղեմ, Պակիստան և Թուրքիա կատարած առաջին այցի ֆոտոռեպորտաժի համար Հարի Գունդակջյանը «Life» և «Time» ամսագրերի կողմից ստացել է հեղինակավոր մրցանակներ:

Hari (4)

Նա արաբ-իսրայելական հակամարտության օրերին նախագահական օդանավում ուղեկցել է Հենրի Քիսինջերին, ինչպես նաև ԱՄՆ Առաջին տիկին Փեթ Նիքսոնին՝ Աֆրիկա կատարած խաղաղության շրջայցի ժամանակ: Գունդակջյանը տիրապետում էր ութ լեզվի, խոսում էր մաքուր հայերեն, այցելել է նաև Հայաստան:

1979 թվականին Հարի Գունդակջյանը Միջին Արևելքից մեկնել է Միացյալ Նահանգներ, ուր մինչև 2006 թվականը Associated Press գործակալությունում արդեն իբրև լուսանկարչական ռեպորտաժների խմբագիր է աշխատել: Իր հարուստ լուսանկարչական արխիվից նա ժամանակ առ ժամանակ լուսանկարներ է նվիրել սփյուռքում լույս տեսնող հայկական թերթերին («Ասպարեզ», «Ազդակ»), ինչպես նաև ունեցել է թվով 50 թեմատիկ ցուցահանդես՝ նվիրված պատերազմներին, երկրի առաջնորդներին, օլիմպիական խաղերին, եվրոպական գեղեցկության մրցույթներին, բնական աղետներին. «Ես հայկական քիթ ունեմ: Այն աչքի է ընկնում ոչ միայն իր տեսքով, այլև սուր հոտառությամբ, այդ իսկ պատճառով ես կարողանում էի զգալ լավ լուսանկարն անգամ հեռվից»:

«Իմ վզից միշտ ֆոտոխցիկ է կախված եղել: Նույնիսկ թաղվելուց ես կուզենամ թաղվել իմ սարքի հետ. այն ինձ երջանկություն է բերել»,- ասել է նշանավոր հայ լուսանկարիչը:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս