ԱՄՆ-ը ԿԺԴՀ-ին կասկածում է միջուկային նոր փորձարկում նախապատրաստելու մեջ
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան հնարավոր է՝ պլանավորում է իրականացնել միջուկային նոր փորձարկում:
Դրա հետ կապված՝ Վաշինգտոնը Փհենյանին կոչ է արել չձեռնարկել որևէ քայլ, որը կսպառնա տարածաշրջանի խաղաղությանը: Հարավկորեական աղբյուրների տվյալներով՝ ԿԺԴՀ-ի Պունգերի ստորգետնյա միջուկային զորավարժարանում վերջին 6 շաբաթվա ընթացքում (մարտի սկզբից մինչև ապրիլի 19-ը) նկատվել է մեծ ակտիվություն, ինչը կարող է վկայել միջուկային փորձարկման նախապատրաստության մասին:
ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին հայտարարել է, որ իրենք ուշադիր հետևում են Կորեական թերակղզում տիրող իրավիճակին և նախկինի նման ԿԺԴՀ-ին կոչ են անում զերծ մնալ տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող գործողություններից:
ԿԺԴՀ-ն իրեն միջուկային պետություն է հռչակել 2005 թվականին և 2006, 2009 ու 2013 թվականներին իրականացրել է միջուկային փորձարկումներ: