Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի պատմությունը մեզ է հասել Եկեղեցու Սրբազան Ավանդության միջոցով. Զաքարիա Սրբազան
Այսօր Ս․ Աստվածածնի վերափոխման տոնն է, որի պատմությունը մեզ է հասել Եկեղեցու Սրբազան Ավանդության միջոցով։ Այս մասին ֆեսյության իր էջում գրել է Զաքարիա Սրբազանը։
«Հիսուս խաչի վրա կրած Իր չարչարանքների ժամանակ անգամ չմոռացավ մորը և նրան խնամատարության հանձնեց Ս․ Հովհաննես ավետարանչին (տե՛ս Հովհ. 19․ 26-27): Շուրջ 12 տարի Աստվածամայրը հարատևում էր աղոթքների, պահքի մեջ և հաճախ այցելում սիրելի Որդու գերեզմանին։ Այդ այցերից մեկի ժամանակ նրան է հայտնվում Գաբրիել հրեշտակապետն ու ավետում Տիրամոր` երկրային աշխարհից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը: Ս․ Աստվածածինն այս բարի լուրը հայտնում է ազգականներին ու մյուս բոլոր քրիստոնյաներին` պատվիրելով իրեն թաղել Գեթսեմանիի ձորակում:
Այդ ժամանակ քարոզությունից վերադառնում է Ս․ Հովհաննես ավետարանիչը, և Տիրամայրը նրան հայտնում է ամեն ինչ և պատվիրում, որ առաքյալը Ս. Պատարագ մատուցի, որպեսզի ինքը վերջին անգամ Ս. Հաղորդություն ընդունի: Հաղորդվելուց հետո Ս․ Աստվածամայրը գնում է Վերնատուն:
Մինչ առաքյալները լաց էին լինում, Ս․ Հովհաննես առաքյալը վերցնում է մի տախտակ ու տալիս Ս․ Կույսին և խնդրում, որ նա իր պատկերը դրոշմի դրա վրա: Տիրամայրը վերցնում է տախտակը, խաչակնքում և դնում երեսին, այնուհետև թրջում այն իր արցունքներով և խնդրում Աստծուց, որ այդ տախտակի միջոցով մարդիկ բժշկվեն ախտերից և զանազան հիվանդություններից։ Երբ առաքյալները շրջապատում են մահիճը, ուր պառկած էր Տիրամայրը, աննկարագրելի մի լույս է հանկարծ երևում: Ներկաները սարսափում են, իսկ սենյակի վերևում հրեշտակների զորքերով հայտնվում է Քրիստոս Աստված: Տեսնելով Հիսուսին` Ս․ Աստվածամայրն ավանդում է հոգին:
Երբ հանդիսավոր թափորը շարժվում է դեպի Գեթսեմանի, հանկարծ ներկաների գլխավերևում լուսավոր և պսակաձև մի ամպ է գոյանում` առաջնորդելով թափորը: Երուսաղեմի անհավատ բնակիչները, չարացած այս ամենից, գնում և ամեն ինչ հայտնում են հրեա քահանայապետներին և դպիրներին: Վերջիններս էլ ամեն ինչ անում են թափորը ցրելու համար: Սակայն պսակաձև ամպը ձախողում է նրանց չար մտադրությունը` պարսպի նման շրջապատելով նրանց: Շատերը կուրանում են, բայց վերագտնում իրենց մարմնավոր տեսողությունն ապաշխարելուց հետո։
Այդ օրը նաև մեկ այլ հրաշք է կատարվում: Մի հրեա քահանա, տեսնելով հանդիսավոր թափորը, մոտենում է դագաղին` այն տապալելու մտադրությամբ: Սակայն երբ դիպչում է դագաղին, հրեշտակն աննյութեղեն թրով կտրում է նրա երկու ձեռքերը: Ձեռքերը մնում են դագաղի վրա, իսկ քահանան ընկնում է և խորապես զղջում իր արածի համար: Ս․ Պետրոս առաքյալը, տեսնելով քահանայի զղջումը, բժշկում է նրան: Հետագայում այս քահանան դառնում է Քրիստոսի սիրո վարդապետության ջերմեռանդ տարածողներից»,-գրել է նա։

