Որ մին զարկի, ջարդի հազար
Չարաչար սխալվում են բոլոր նրանք, ովքեր հայտարարում են, թե վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի նշանակումը որևէ փոփոխություն չի կարող արձանագրել: Բովանդակային առումով, գուցե այդ տեսակետի հեղինակներն իրավացի են: Հայաստանն այնպիսի վիճակում է, և քաղաքական համակարգն այնպիսի կանոններով է գործում, որ նույնիսկ Ադամ Սմիթն ու Քեյնսը վարչապետի պաշտոնում չէին կարողանա որևէ բան փոխել:
Բայց Հովիկ Աբրահամյանի վարչապետությամբ «տեսարաններն» ավելանում են գրեթե նույն արագությամբ, ինչ արագությամբ` նվազում է «հացը»: Իսկ միգթե դա արդեն փոփոխություն չէ: Երեկ Աբրահամյանը մասնակցել է ,Դ!եմ եմե շարժման` նախագահի նստավայրի դիմաց կազմակերպված ակցիային և փորձել է ընդհանուր հայտարարի գալ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող երիտասարդների հետ:
Վարչապետի այցը Բաղրամյան 26 կարծես այնքան էլ թշնամաբար չի ընդունվել, ավելին շատերը նրա մեջ տեսել են գործընկերոջ, հասարակության համար պայքարի անխոնջ մարտիկի: Այսպես որ, եթե այսպես շարունակվի, կարճ ժամանակ անց Հովիկ Աբրահամյանը կարող է դուրս գալ ՀՀԿ-ից և կենսագրության մեջ «կուսակցական պատկանելությունը» տողի դիմաց լրացնել` «Ժողովրդի ծոցից դուրս եկած»:
Իսկ թե ո՞ւմ կուսակցությունն էր ժողովուրդը, կարծում ենք` որևէ մեկը չի մոռացել: Դա` իմիջիայլոց: Հովիկ Աբրահամյանի ու նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի միջև սարերի ու ձորերի տարբերություն կա: Ոչ միայն այն պատճառով, որ վերջինս ծագումով քարքարոտ Վանաձորից է, իսկ Աբրահամյանը` խոպան Արարատյան դաշտավայրից: Տիգրան Սարգսյանին կարելի է մեղադրել գրեթե ամեն ինչում, բացի պոպուլիզմից:
Ոչ այնքան այն պատճառով, որ նա դիմադրում էր պոպուլիզմի գայթակղությանը ու ականջահաճո հայտարարություններ ու ակնահաճո գործողություններ չէր անում: Այլ` որովհետև նույնիսկ պոպուլիստական հայտարարությունները Տիգրան Սարգսյանն անում էր իրականությունից այնքան կտրված ու այնպիսի լեզվով, որ անգամ նրա վարորդի վրա դա հազիվ թե ազդեցություն թողներ:
Հովիկ Աբրահամյանը նրա հակապատկերն է: Նա աշխատանքային առաջին իսկ օրվանից զբաղվում է միայն ու բացառապես պոպուլիզմով` արտոնություններ փոքր ու միջին ձեռնարկություններին, ընդունելություն` Բուզանդի փողոցի բնակիչների համար, կասեցում` կուտակային կենսաթոշակները չվճարողներից գանձվելիք տույժերին, այցելություն դրա դեմ պայքարող երիտասարդներինգ Իսկական` «որ մին զարկի, ջարդի հազար»:
Իհարկե, գուցե Հովիկ Աբրահամյանը հաջողի իր այս ձեռնարկումներում և, ասենք, կարողանա կասեցնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն ընդհանրապես: Նա այդպիսով կդառնա հասարակության առնվազն 80 տոկոսի սիրելին:
Ենթադրություն, թե ինչպիսի վերաբերմունքի կարժանանա Աբրահամյանն այդ դեպքում նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, ով ՀՀԿ ԳՄ նիստում պատգամեց շարունակել բոլոր, այդ թվում` կենսաթոշակային բարեփոխումները, կարող է հնչել` որպես գործադիր իշխանությունը բռնությամբ տապալելու կոչ: Հետևաբար` ավելի ռացիոնալ կլինի ենթադրել, որ բանը դրան չի հասնի: Բայց, անկախ ամեն ինչից` որպես վարչապետ` Հովիկ Աբրահամյանը կմնա Հայաստանի պատմության մեջ իր աննախադեպ քայլով: Առաջին անգամ գործող վարչապետը մասնակցել է գործող նախագահի դեմ անցկացվող բողոքի ակցիային:
Մնում է` դա սովորություն չդառնա:
Նախագահի նստավայրի դիմաց երբեմն ակցիաներ են անցկացվում նաև նախագահի հրաժարականի պահանջով: Ի դեպ, «Հրաշալի քառյակից» որևէ ուժ չէր մասնակցում «Դ!եմ եմ»-ի ակցիային, այն դեպքում, երբ, ինչպես ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը, այնպես էլ ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը համարում են կեղեքիչ և հարստահարող ու պայքարում են դրա դեմ:
Իսկ գուցե Հովիկ Աբրահամյանը մասնակցում էր` նաև որպես «Հրաշալի քառյակի» ներկայացուցի՞չ: «Երբեք չեմ ընդունել ու չեմ ընդունում մութ անկյունում նստած խառնակչությամբ զբաղվելու գործելաոճը»,- Լևոն Տեր-Պետրոսյանին ուղղված պատասխանում ասել էր Հովիկ Աբրահամյանը` այնքան էլ չմանրամասնելով, երբեք չի ընդունել խառնակչությամբ զբաղվելու երևույթն ընդհանրապե՞ս, թե՞ դրանով մութ անկյունում նստած զբաղվելը` մասնավորապես:
Նկատենք, որ Բաղրամյանը Երևանի ամենալուսավոր փողոցներից մեկն է, եթե ոչ` ամենալուսավորը: