Օլիգարխները
«Օրինաց Երկիր» կուսակցության ֆորմալ հեռացումն իշխանությունից և ցատկն ընդդիմադիր դաշտ վկայում է ոչ միայն տեսանելի և ոչ այնքան ապագային միտված իշխանական նախագծումների, այլ նաև Հայաստանի քաղաքական համակարգի տրանսֆորմացիայի, դեգրադացման ևս մեկ քայլի մասին:
Ենթադրենք՝ ՕԵԿ-ն ապրիլի 23-ից՝ մեռելոցից հետո սկսում է որպես ընդդիմադիր ռեաբիլիտացվելու գործընթացը: Ինչպե՞ս, որքա՞ն ժամանակում, ի՞նչ նյութական ու քարոզչական միջոցներով՝ ըստ էության, տեխնիկական հարցեր են:
Իսկ ինչպիսի՞ տեսք կարող է ունենալ Հայաստանի քաղաքական համակարգը, ասենք, 6 ամիս կամ մեկ տարի հետո, եթե ոչ իշխանական ուժերը հավատարիմ մնան այսօրվա իրենց հայտարարություններին ու կոալիցիա չկազմեն իշխանության հետ, ՀՀԿ-ն էլ ստիպված լինի միայնակ կառավարություն ձևավորել:
Կստացվի արտաքուստ միատարր իշխանություն և կրկին արտաքուստ՝ բազմաբևեռ ընդդիմություն կամ ոչ իշխանական ուժերի համակարգ: Գուցե անգամ «Հրաշալի քառյակը» դառնա «Զարմանահրաշ հնգյակ» ու իսկական հրաշքներ գործի Հովիկ Աբրահամյանի դեմ պայքարում:
Սակայն կարևորը ոչ միայն ու գուցե ոչ այնքան այդ ուժերի հրապարակային գործունեությունն է լինելու, որքան դրանց բովանդակությունը՝ բառի նեղ և լայն իմաստներով: Հիմա ոչ իշխանական ուժերը գործում են «1+3» սխեմայով, որում «Բարգավաճ Հայաստանը» դոմինանտ ազդեցություն ունի և համարյա բրգաձև հիերարխիկության սկզբունքով համակարգում է մյուսների գործունեությունը:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մեկն է այն խոշոր գործարարներից, ում Հայաստանում և ոչ միայն Հայաստանում անվանում են օլիգարխ:
Սակայն ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ընդդիմության դաշտ տեղափոխվելով՝ Գագիկ Ծառուկյանի մենիշխանությունը՝ ոչ իշխանական օլիգարխի մենիշխանությունը, կարող է խախտվել: Արթուր Բաղդասարյանն անապահով խավի ներկայացուցիչ չէր նաև մինչև 2008 թվականը, սակայն դրան հաջորդած 6 տարիների ընթացքում կարողացել է հայկական չափանիշներով օլիգարխին համարժեք կամ գրեթե համարժեք նյութական կարողություն ձեռք բերել: Հասկանալի է, որ տվյալ դեպքում խնդիրը Բաղդասարյանի ու Ծառուկյանի կարողությունների մեխանիկական համեմատությունը չէ, գուցե վերջինը մի քանի տասնյակ միլիոն դոլարով ավելին ունի, քան ՕԵԿ նախագահը: Խնդիրը կարգն է, ավելի պարզ լեզվով ասած՝ «կալիբրը», որով Բաղդասարյանը կարող է հավակնել Ծառուկյանի հետ հավասարվելուն:
Այսպիսով, Հայաստանում կարճ ժամանակ անց կարող է գործել բազմաթիվ օլիգարխներից բաղկացած իշխանություն և առնվազն երկու օլիգարխներից բաղկացած ընդդիմություն կամ ոչ իշխանական ուժերի համակարգ: Այսինքն՝ քաղաքական պայքարի անվան տակ հասարակությանը ներկայացվող կլանային պայքարն ավելի առարկայական դրսևորում կստանա՝ երկու օլիգարխիկ կենտրոններ կշարունակեն պայքարել ազդեցության գոտիների համար՝ փողը դարձնելով այլևս ոչ թե դոմինանտ, այլ՝ միակ գործոն:
Թվում է, թե այդ կանոնով իշխանությունը միշտ ավելի նպաստավոր պայմաններում է, քանի որ փողին գումարվում են նաև վարչական լծակները: Այո, դա այդպես է: Բայց իշխանությունը չունի այն, ինչ ունի օլիգարխիկ ոչ իշխանական համակարգը՝ իշխանությանը քննադատելու և քարոզական դիվիդենտներ ստանալու հնարավորություն: Եթե քառյակի հռետորական անձնակազմը համալրվի Արթուր Բաղդասարյանով, ապա նրա ու Լևոն Տեր-Պետրոսյանի համատեղ աշխատանքը կարող է «սարեր շուռ տալ»:
Տեր-Պետրոսյանն իր ելույթներով կբավարարի իբրև թե ինտելեկտուալ տեքստերի ու դավադրության տեսությունների սիրահար մասսաներին, Բաղդասարյանն՝ իր պոպուլիզմով կառաջնորդի ավելի «հասարակ» զանգվածին, որին ընդդիմադիր ռահվիրաների մեծ մասը համարում է լյումպեն՝ բնականաբար, քաղաքական կամք ու համարձակություն չունենալով այդ մասին արտահայտվել նաև հրապարակավ:
ՀԱԿ կուսակցությունը ձևավորելիս՝ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում էր, որ իրենք բուրժուադեմոկրատական հեղափոխություն են իրականացնելու Հայաստանում:
Նրա խոստումը կարելի է գրեթե կատարված համարել՝ մի փոքր, բայց սկզբունքային վերապահմամբ. Հայաստանում բուժուազիան հաղթանակեց դեմոկրատիային, փողը՝ մտքին ու գաղափարին, պատեհապաշտությունը՝ սկզբունքայնությանն ու արժեքներին: