ԱԽՔ-ը կդառնա՞ ազգանվեր, խաղաղասեր քաղաքացի՝ ԱԽՔ
«Օրինաց Երկիր» կուսակցությունը՝ հայտարարելով կոալիցիայից դուրս գալու և նոր կոալիցիային մաս չկազմելու մասին, դժվարին վիճակի մեջ է դրել ընդդիմադիր կամ ոչ իշխանական ուժերին, առաջին հերթին՝ Հայ ազգային կոնգրես կուսակցությանն ու նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին: Այն, թե ով էր Արթուր Բաղդասարյանը մինչև ապրիլի 16-ը, հայտնի է բոլորին, այն, թե ինչպիսի կուսակցություն էր ՕԵԿ-ը մինչև կոալիցիայից դուրս գալը, ևս բոլորը գիտեն: Բայց նշանակո՞ւմ է դա արդյոք, որ ՕԵԿ-ի առջև՝ դեպի ընդդիմության միասնական գիրկը դռները փակված են:
Եթե այս հարցադրումն առաջադրվեր մինչև 2010 թվականը, ապա պատասխանը միանշանակ բացասական կլիներ: Քանի որ մինչ այդ քաղաքական դաշտում կար հստակ քաշված գիծ՝ բոլոր այն ուժերն ու գործիչները, ովքեր որևէ առնչություն են ունեցել 2008 թվականի մարտի 1-ի ոճրագործությանը, չեն կարող տեղ ունենալ հասարակության վստահությունը վայելող ընդդիմության կողքին կամ շարքերում:
«Գծի տերն» էլ Լևոն Տեր-Պետրոսյանն էր. բավական էր նա հանրահավաքային ելույթում ոսկեղենիկ մայրենիով անվանարկեր որևէ գործչի՝ նրա հեղինակությունը զրոյացված համարելու համար: Բայց դրանից հետո շատ ջրեր են հոսել, ու նույնքան ժամանակներ են փոխվել: Լևոն Տեր-Պետրոսյանը 2010 թվականին նախ սկսեց ու տապալեց իշխանության հետ երկխոսությունը, իսկ արդեն 2011 թվականին զարկ տվեց ԲՀԿ-ի հետ համագործակցության գաղափարական հենք հանդիսացած «քաղաքագիտական վերլուծության» իրականացմանը:
Եթե սկզբում քաղաքական «սարսափ» կարող էր համարվել և համարվում էր մարտի 1-ի 10 զոհերի սպանության պահանջատեր ուժի և նույն ուժի կողմից մարտի 1-ի սպանություններին անմիջական մասնակցություն ունենալու մեջ մեղադրված ԲՀԿ-ի համագործակցությունը, ապա ժամանակի ընթացքում դա դարձավ «քաղաքագիտական նորմ», իսկ դրա քաղաքական ու ոչ միայն քաղաքական բարոյականությունը կասկածի տակ դնողները՝ իշխանությանը ծախվածներ:
Ավելի ուշ պիտի չար լեզուները սկսեին խոսել, որ «քաղաքագիտական վերլուծությունը» ոչ միայն ու ոչ այնքան՝ քաղաքական, որքան՝ «բիզնես պրոյեկտ» էր՝ ցանկացած բիզնես նախագծին բնորոշ ատրիբուտներով, այդ թվում ու առաջին հերթին՝ հաջողության դեպքում՝ ֆինանսական եկամուտներով:
Ուշադրություն դարձրեք, մինչև օրս ոչ ԲՀԿ-ն է ներողություն խնդրել Մարտի 1-ին ունեցած առնչության համար, ոչ ՀԱԿ-ն է պաշտոնապես ներողություն խնդրել ԲՀԿ-ից՝ զրպարտելու ու նրա նախագահ Գագիկ Ծառուկյանի անունը Մարտի 1-ին ՊՆ-ից զենք ստացած օլիգարխների ցուցակում ընդգրկելու համար: Այսինքն՝ նախկին մեղադրանքներն ու առնչությունները պահպանվել են, փոխվել են, սակայն, քաղաքական ու քարոզչական գնահատականները՝ ԲՀԿ-ն ու Գագիկ Ծառուկյանը՝ ավազակապետության հենասյունից ու քրեաօլիգարխիայի ներկայացուցչից, Տեր-Պետրոսյանի տեքստերում վերածվել են հայաստանածին ուժի ու Իվանիշվիլիից ոչ պակաս գործչի:
Այս տրանսֆորմացիան մի առիթով Տեր-Պետրոսյանի կողմից որակվել է՝ որպես «ռեալ-պոլիտիկի» կամ քաղաքական պրագմատիզմի դրսևորում:
Հիմա ՕԵԿ-ը դուրս է եկել կոալիցիայից ու հայտարարել է ընդդիմություն դառնալու մասին: Ընդդիմության «տեղեկանք տվողը» շարունակում է մնալ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով Արթուր Բաղդասարյանին, ինչպես հայտնի է, դիմում էր ու է՝ ԱԽՔ-ով:
Առաջին հայացքից՝ թվում է, թե Արթուր Բաղդասարյանն ու ՕԵԿ-ը որևէ շանս չունեն ընդդիմության, Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ընդունելության արժանանալու և լավագույն դեպքում պետք է սպասեն սարկաստիկ ու վիրավորական նոր՝ Բաղդասարյանի դիմակը հերթական անգամ պատռող բնորոշումների:
Բայց դա՝ միայն առաջին հայացքից: Քանի որ, եթե Մարտի 1-ին ուղղակի մասնակցություն ունենալու մեջ մեղադրված, ավազակապետության ու քրեաօլիգարխիայի հենասյուն որակված մեկը կարող է դառնալ Հայաստանում ժողովրդավարացման ու սահմանադրական կարգի վերականգնման առհավատչյան, ապա ի՞նչն է խանգարում, որ Մարտի 1-ին որևէ ուղղակի առնչություն չունեցած ու միայն ՀՀԿ-ի հետ կոալիցիայի ստորագրմամբ Մարտի 1-ին նպաստած Արթուր Բաղդասարյանը ևս դառնա «հրաշալի»:
ԱԽՔ հապավումն էլ կարելի է վերաբացել ու հայտարարել, որ իրականում «ԱԽՔ» ասելով՝ Տեր-Պետրոսյանը նկատի ուներ՝ «Ազգանվեր, խաղաղասեր քաղաքացի»: Թեև, հաշվի առնելով նախադեպերը, հարցը պետք է վերաշարադրել. ոչ թե՝ ի՞նչը, այլ՝ «ինչքա՞նն է» խանգարում, որ դա տեղի ունենա:
Այս հարցի պատասխանը թող գտնեն Արթուր Բաղդասարյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը: Հատկապես, որ ժամանակին առաջինն այնքան հիացած էր երկրորդով, որ նրա պատվին գիրք էր գրել: Դա, ի դեպ, կարող է որոշակի զեղչի հնարավորություն հանդիսանալ Արթուր Բաղդասարյանի համար: