Բաժիններ՝

Արտակ Քալանթարյան. Հայը` Microsoft-ից

Արտակ Քալանթարյանը ճանաչված հայ ծրագրավորող է, առաջին հայերից, որ աշխատել է Microsoft և Amazon ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններում: 1990-ականների կեսերին Հայաստանից ԱՄՆ տեղափոխվելով` նա ոչ մի օր չի կտրել կապը Հայաստանի հետ: Իսկ մինչ այդ անցել է Հայաստանի համար դժվարին տարիներով` հովհարային անջատման պայմաններում գրելով առաջին ծրագրերն ամերիկյան շուկայի համար, և մասնակցել Հայաստանում առաջին ՏՏ ընկերության հիմնմանը: Չնայած գիտնական, ծրագրավորող Ա. Քալանթարյանը 1990-ականներից բնակվում է

ԱՄՆ-ում և գերազանց տիրապետում է անգլերենին, սակայն խոսում և գրում է գեղեցիկ ու մաքուր հայերենով: Դա հավանաբար գալիս է նրա ընտանիքից. Արտակ Քալանթարյանը գրող, հրապարակախոս Արտաշես Քալանթարյանի որդին է (Արտաշես Քալանթարյանին կարելի է հիշել «Իմ տունը քո տունն է» հաղորդաշարից): Երկար տարիներ աշխատելով Microsoft և Amazon ընկերություններում` այսօր Արտակ Քալանթարյանն ԱՄՆ-ում կնոջ հետ վարում է սեփական ՏՏ ընկերությունը: Նույն ուղին են ընտրել նաև նրանց երեխաները:

«168 Ժամի» հետ զրույցում Արտակ Քալանթարյանը ներկայացրեց իր տեսակետները Հայաստանում այսօր տիրող իրավիճակի և իր գործունեության մասին:

– Արտակ, Դուք Ղարաբաղյան շարժման առաջին ուսանողական ցույցերի մասնակիցներից եք: Հետաքրքիր է` երկու տասնամյակ հետո ինչպե՞ս եք գնահատում այդ շարժումը: Ի՞նչ տվեց այն Հայաստանին:

Կարդացեք նաև

– Գնահատում եմ այնպես, ինչպես գնահատում էի այն ժամանակ: Այն, իմ կարծիքով` ազգային-ազատագրական փայլուն շարժում էր և Հայաստանին հնարավորություն տվեց ազատվելու կոմունիստական բռնապետության ճիրաններից, իսկ Արցախի հայությանը` դառնալու իր երկրի ու մշակույթի տերը: Արդյո՞ք ամեն ինչ իդեալական ստացվեց: Ո՛չ:

Ակնհայտ է, որ մենք բռնապետությունից անցանք կիսաազատ ֆեոդալիզմի և հիմա նորից գնում ենք դեպի մի այլ բռնապետության գիրկը: Բայց դա բոլորովին չի նշանակում, որ շարժումը պետք չէր: Անկախ նրանից` հրեշտակնե՞ր էին այդ շարժման ղեկավարները, թե՞ հրեշներ (հավանաբար` ո՛չ մեկը, ո՛չ մյուսը), հնարավոր չէ ժխտել, որ շարժումը ժողովրդական էր: Ուղղակի այն պետք էր և հիմա էլ պետք է շարունակել:

Դժբախտաբար, ինչ ղեկավարություն էլ լինի, եթե ժողովրդի վերահսկողությունից դուրս է գալիս թեկուզ մի վայրկյանով, դառնում է պատուհաս: Միամտություն կլինի հույս փայփայել, որ եթե լավ կառավարություն ունենանք, ամեն ինչ լավ կլինի: Պետք է այնպիսի համակարգ ստեղծվի, որ կառավարությունը, ժողովրդի լեզվով ասած, «շան պես» վախենա իր իսկ ժողովրդից և հասարակական կարծիքից:

Ինչպես ասել է ամերիկյան հեղափոխական Թոմաս Փեյնը` «Կառավարությունը նույնիսկ լավագույն դեպքում` անհրաժեշտ չարիք է, իսկ վատագույն դեպքում` անտանելի չարիք»: Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ Հայաստանում գործ ունենք այդ վատագույն դեպքի հետ: Մենք անընդհատ բողոքում ենք, թե որքան վատն է մեր կառավարությունը, և անընդհատ նեղվում ենք, թե ինչո՞ւ կառավարությունն այս կամ այն բանը չի անում:

Աստված մի արասցե` այդ ապաշնորհներն ավելին անեն: Կառավարությունը պետք է միայն նպաստավոր պայմաններ ստեղծի, որ մարդիկ աշխատեն ու վայելեն իրենց աշխատանքի պտուղները: Ըստ իս, նույնիկ իդեալական դեպքում, կառավարությունը հիմնականում պետք է զբաղվի երկրի անվտանգության ապահովմամբ, նորմալ օրենքների ու հակակշիռների ստեղծմամբ: Ուրիշ ոչնչով:

Չեմ էլ հասկանում այն տրամաբանությունը, թե մեր ղեկավարությունը լավը չի, բայց որ փոխենք` կարող է ավելի վատը լինի: Այդպիսի հանդուրժողականությունն է պատճառը, որ ղեկավարներն արմատներ են գցում ու ազգի համար դառնում պատուհաս: Հիշում եմ Սենեկայի հայտնի միտքը` ստրկատիրության դեմ պայքարի մասին. «Նրանք ոչ թե ուզում են ստրկատիրությունը վերացնել, այլ ուզում են իրենք ստրկատեր դառնալ և ստրուկներ ունենալ»: Պետք է փոխել իշխանությունը. եթե հաջող չստացվի, պետք է կրկի՛ն փոխել:

Կան նաև դրական զարգացումներ: Ինչպես 60-ականների ազատության բուրմունքը մի շարք անհատներ ծնեց, որոնք պատրաստ էին 80-ականներին պայքարել երկրի ազատության ու անկախության համար, այնպես էլ` 80-90-ականների շնորհիվ այժմ ունենք զգալի թվով երիտասարդներ, որոնց համար այս ստատուս-քվոն ընդունելի չէ, որոնք պատրաստ են պայքարել իրենց և ուրիշների իրավունքների ու ազատությունների համար: Իմ հույսը հենց այդ երիտասարդներն են:

Artak-Kalantaryan

– Եվ գործելու համար ի՞նչ է անհրաժեշտ այդ երիտասարդներին:

– Հիմնականը նրանք ունեն: Ամենակարևորը` «Դ!եմ եմ» շարժումը ժամանակի ընթացքում պետք է փոխվի` «Կողմ եմ»-ի. կողմ եմ ազատ, օրինական ու արդար հասարակարգի, մրցակցային տնտեսության, անձի իրավունքների գերակայության: Սա այսօր ամենակարևորն է: Եթե արդարություն կա, ապա ժողովուրդը կարող է նույնիսկ ամենադժվար պայմաններին դիմանալ և իր ուժերով ծաղկեցնել երկիրը: Հեռվից միգուցե հե՞շտ է խորհուրդներ տալը…

Դժվարն այն է, ինչ այսօր Հայաստանում անում են, ցավոք, սակավաթիվ, բայց համառ հերոսները` վտանգելով իրենց բարեկեցությունը, ազատությունը և նույնիսկ կյանքը: Եվ պետք չէ մի խումբ մարդկանց հորինած կանոններով խաղալ: Պետք է պայքարել ամեն քայլափոխի, ամեն միջոցով: Պետք է ոչ մի մեծ կամ մանր ֆեոդալի հանգիստ չթողնել: Արդեն փոքր ու մեծ հարցեր չկան, նահանջելու տեղ չկա: Եթե մի փոքր էլ նահանջենք, տարիներ հետո սերունդներն ասելու են. «Ինչպիսի՜ հնարավորություն կորցրեց հայ ազգը»:

– Արտակ, Ձեր հայրական ընտանիքում բոլորը գրական, մշակութային ճանապարհով են գնացել, հետաքրքիր է, Դուք ինչպե՞ս ընտրեցիք ճշգրիտ գիտությունը:

– Իրոք, մանկությունս մշակութային միջավայրում է անցել: Վայելքով հիշում եմ, թե ինչպես ընտանիքով հավաքվում էինք հայրիկիս գրասեղանի շուրջը, կարդում և քննարկում նրա գրած հերթական էջերը: Մեր տանը միշտ հյուր էին լինում գրողներ, գրականագետներ, դերասաններ, ու մայրիկիս խոհանոցային արվեստի նմուշների ուղեկցությամբ` զարմանալի հետաքրքիր, համով-հոտով զրույցներ էին տեղի ունենում, որոնք մենք` երեխաներս, սպունգի պես կլանում էինք: Պարույր Սևակից ու Համո Սահյանից մինչև մեծ դերասաններ` Մհեր Մկրտչյանը, Խորեն Աբրահամյանը, Արմեն Ջիգարխանյանը, նկարիչ Սարգիս Մուրադյանը և մեր ժամանակների այլ մեծեր, մեր տան մշտական հյուրերն էին:

Artak-Kalantaryan2

Հատկապես շատ էի ուրախանում, երբ մեզ այցելում էր գիտնական, ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանը, չնայած նա երևի նույնքան փայլուն արվեստագետ էր` որքան գիտնական: Ես ինքս 9-12 տարեկան հասակում մասնակցել եմ բազմաթիվ հեռուստաբեմադրությունների, ինձ բախտ է վիճակվել խաղալ մեծ դերասանների հետ: Շատ եմ սիրել կարդալ դեռ փոքր տարիքից: Նաև թղթակցում էի «Պիոներ Կանչ» թերթին, չնայած, չեմ կարծում, թե առանձնապես տաղանդավոր պատանի դերասան կամ լրագրող էի:

Իմ եղբայրն ու քույրը գնացին հումանիտար ուղղությամբ, և բոլորը սպասում էին, որ ես էլ կգնամ: Բայց մեջս նաև այլ նախասիրություններ կային: Շատ էի սիրում մաթեմատիկա: Ինձ այն շատ հեշտ էր տրվում: Շատ էի սիրում տեխնիկա: Երբ երրորդ դասարանում էի, վերցրեցի ընկերոջս վեցերորդ դասարանի ֆիզիկայի դասագիրքը ու սկզբից մինչև վերջ կլանված կարդացի: Արդեն ավարտական դասարանում էի, բայց դեռ չէի որոշել մասնագիտությունս: Գնահատականներս լավ էին, այնպես որ, մնում էր միայն ընտրություն կատարել:

Վերջնական որոշումը կայացրի հետևյալ տրամաբանությամբ` երևի ինժեները հետագայում ավելի հեշտ կաշխատի` որպես գրող կամ դերասան, քան գրողն ու դերասանը` ինժեներ: Ծնողներս լրիվ համաձայն էին, միայն անհանգստանում էին, որ ինժեները դժվար մասնագիտություն է, և նրանք լավ ապրուստ չեն վաստակում: Ընտրեցի ռադիոինժեների մասնագիտությունը: Սակայն երկրորդ կուրսից հետո, ամռանը, երբ երեք ամսվա կրթաթոշակս էի ստացել, պատահաբար մտա հանրախանութ, որտեղ ծրագրավորող էլեկտրոնային հաշվիչ (կալկուլյատոր) էին ստացել:

Artak-Kalantaryan4

Ես դեռ 12 տարեկանից հասարակ հաշվիչ ունեի, որը հայրս, Աստված գիտի` ինչ դժվարություններով էր կարողացել իր արտասահմանյան ուղևորություններից մեկից բերել: Բայց այս մեկըգ Այս մեկը ոչ միայն քառակուսի արմատի, սինուսի ու լոգարիթմի կոճակներ ուներ, այլև` բազմաթիվ անհասկանալի ու գրավիչ այլ կոճակներ: Երեք ամսվա թոշակս մեկնեցի վաճառողին ու տուփը գրկած վազեցի տուն: Երկու շաբաթ տնից դուրս չեկա, ամբողջ օրը զբաղված էի հաշվիչովս: Սովորեցի դրանով ծրագրավորել հաշվարկային ծրագրեր ու նույնիսկ պարզունակ խաղեր: Այդ օրվանից համակարգիչներն ու ծրագրավորումն իմ անբաժան ուղեկիցներն են:

– Չէիք էլ կարող պատկերացնել, որ կարող եք հայտնվել աշխարհի խոշորագույն ծրագրավորման ընկերություններից մեկում: Ի դեպ, ինչպե՞ս եղավ:

– Շատ պատահական ստացվեց: 1996թ. մարտին մենք ապրում էիք Բոստոնում: Ես աշխատում էի մի փոքրիկ ընկերությունում` մի փոքրիկ ծրագրի վրա, որը կոչվում էր web browser: Համացանցը նոր էր սկսել տարածվել, և Microsoft-ը հանկարծ գլխի էր ընկել, որ հետ է մնում համացանցի բնագավառում: Մի ուրբաթ երեկո մեր ընկերության նախագահը գարեջրի մի տուփ ձեռքին այցելեց մեզ: Բայց գարեջուրը միակ նվերը չէր: Գրպանից հանեց ու մեզ մեկնեց ինքնաթիռի երկու տոմս, ասելով` մեկնեք Սիեթլ Microsoft` հարցազրույցի: Ես բացեցի քարտեզը` որոնելով այդ Սիեթլ ա քաղաքը…

Այդպես հայտնվեցինք Սիեթլում, ու սկսեցի աշխատել Internet Explorer ծրագրի ստեղծման վրա: Հետաքրքիրն այն է, որ երբ ես տեղափոխվեցի ուրիշ խումբ, 2002-ին, մի քանի ամիս հետո կինս սկսեց աշխատել Internet Explorer-ի թիմում: Մեր ընկերները կատակում էին, թե` ընտանեկան բիզնես եք դարձրել, իրար եք փոխանցումգ

– Ձեզնից առաջ Microsoft և Amazon ընկերություններում հայեր կայի՞ն:

– Հնարավոր է որ լինեին, որոնք իրենց ազգության մասին չէին հայտնում, բայց ես նրանց չեմ ճանաչել: Ես Microsoft-ում սկսել եմ աշխատել 1996-ին: 1998-ին արդեն մի քանի հայեր կային, ընդմիջմանը պարբերաբար հանդիպում էինք: Հիմա էլ նրանք հանդիպում են ամեն հինգշաբթի, ես համեմատաբար հեռու եմ ապրում, բայց աշխատում եմ տարին մի քանի անգամ այդ հավաքներին մասնակցել: Իսկ Microsoft-ից Amazon տեղափոխվեցի 2005 թվականին: Այնտեղ մի հայ մասնագետ կար, բայց նա էլ մի ամսից տեղափոխվեց Microsoft: Հիմա այնտեղ մի քանի հայեր կան:

– Ի՞նչ առանձնահատկություն ունի նման ընկերություններում աշխատելը: Գրված ու չգրված օրենքները շա՞տ են:

– Ամեն ընկերություն ունի իր ներքին մշակույթը: Զարմանալիորեն դա կարող է ավելի ուժեղ լինել, քան աշխատողների և նույնիսկ ղեկավարության կամքը: Microsoft-ը հենց սկզբից բավականին հետաքրքիր տեխնիկական և կազնակերպչական մշակույթ է ունեցել: Իհարկե, այդ մշակույթի հիմքում կան նաև շատ բացասական կողմեր: Եվ, ինչպես համարյա բոլոր մեծ ընկերություններում է լինում` կա բյուրոկրատիա, հիերարխիա և իներցիա` կառչածություն հնին ու կարծրացածին: Շատ բան կախված է կոնկրետ խմբից ու գործընկերներից:

– Հայաստանում գիտության զարգացումն ինչպե՞ս եք տեսնում, մանավանդ` Ձեր մասնագիտության ոլորտում:

– Արդեն Հայաստանի ծրագրավորողները բազմաթիվ հաջողություններ ունեն, և այդ ճյուղը հաստատ շարունակելու է զարգանալ: Մենք բախտավոր ենք, որ մեր բնագավառում ինչ-որ բան ստեղծելու համար թանկարժեք շինություններ ու սարքավորումներ պետք չեն: Բավական է համակարգիչ, այն էլ` պարտադիր չէ նորագույնը, համացանցի հետ կապ, երևակայություն ու համառ աշխատանք: Իրականում ոչ մի բանն էլ այդքան դժվար չէ, միայն կողքից է դժվար երևում: Մի անհանգստացնող միտում եմ նկատում վերջերս. շատերը ծրագրավորող են ցանկանում դառնալ միայն դրամ վաստակելու համար: Դրանում ինքնին որևէ վատ բան չկա, բայց իմ ճանաչած լավագույն մասնագետները բոլորն էլ առաջին հերթին` լավ ինժեներներ են: Ես, օրինակ, կնախընտրեմ աշխատանքի ընդունել խելացի, զարգացած մարդկանց, ովքեր մաթեմատիկա, ֆիզիկա և ընդհանրապես գիտություն լավ գիտեն, քան` մի քանի ծրագրավորման լեզու անգիր արած մեկին:

– Որոշ մարդիկ դուրսն աշխատելուց հետո վերադառնում են Հայաստան և ինչ-որ ծրագիր են իրականացնում. Դուք ունե՞ք նման մտադրություն:

– Անշուշտ, երևի դուրսն ապրող բոլոր հայերն էլ այդպիսի մտքեր գոնե ունենում են: Բայց ես չեմ պատրաստվում դա անել բիզնեսի տեսքով: Նախ` ես սիրում եմ ինքս աշխատել, ոչ թե ուրիշների աշխատանքները ղեկավարել: Երկրորդ` իմ կարծիքով` պետք չէ բիզնեսն ու բարեգործությունը խառնել իրար: Հայաստանում պետք է բիզնեսով զբաղվել միայն այն դեպքում, երբ այն ամենաճիշտ տեղն է այդ գործի համար: Իսկ դժբախտաբար, ո՛չ հարկային դաշտով, ո՛չ օրենքների գերակայությամբ Հայաստանը բոլորովին էլ իդեալական տեղ չէ բիզնեսի համար:

Artak-Kalantaryan3

Մենք` կնոջս և աղջկաս, ընտանիքի այլ անդամների և ուրիշ կամավորների հետ, շատ ժամանակ ենք տրամադրում հայ գրականության թվայնացման ու տարածման գործին: Դա սկսվեց հորս` Արտաշես Քալանթարյանի գրական ժառանգությունից: Տարիների ընթացքում մենք մեկ առ մեկ մուտքագրեցինք, խմբագրեցինք, ձևավորեցինք նրա համարյա բոլոր գրքերը, հոդվածներն ու պիեսները, և այդ ամենը Համացանցում անվճար տրամադրեցինք ընթերցողներին: Մենք նաև օգնեցինք ստեղծել այլ գրողների առցանց էջեր ու կայքեր: Իմ երկարաժամկետ նպատակն է` ամբողջ հայ գրականությունը տեսնել առցանց:

– Տեղյակ եմ, որ Ձեր երեխաները նույնպես ամերիկյան առաջատար ՏՏ ընկերություններում են աշխատում:

– Նախ` սկսեմ կնոջս աշխատանքային հաջողություններից: Մենք ծանոթացել ենք, երբ յոթ տարեկան էինք` 114 դպրոցի առաջին դասարանում: Նա մասնագիտությամբ կենսաֆիզիկոս է, սակայն հետագայում զբաղվում էր գրաֆիկ-դիզայնով: Երբ երեխաները մեծացան, սովորեց համակարգչային թեստավորում և աշխատանքի անցավ Microsoft-ում: Նա Հայաստանում ծնված առաջին կինն է, որ աշխատել է Microsoft-ում: Ուսանողական տարիներին նրա հետ ժամադրությունների մեծ մասն անցկացնում էինք Հանրային գրադարանում, որտեղ ես կարդում էի հռչակավոր «Ծրագրավորվան արվեստը» եռահատորյակը, իսկ Սյուզանը` «Տեսական կենսաֆիզիկայի հիմունքները»:

Մինչև հիմա զարմանում եմ, թե ինչպես նա համաձայնեց ինձ հետ ամուսնանալ: Աղջիկս նույնպես աշխատել է Microsoft-ում, այժմ Android սարքերի համար ծրագրեր է գրում «Դիսնեյի» համար: Տղաս էլեկտրաինժեներ է: Նա դեռ ուսանողական տարիներին աշխատել է Intel, IBM, Apple և Qualcomm ընկերություններում: Ավարտելուց հետո մշտական աշխատանքի հրավերներ ուներ այդ ընկերություններից, բայց գերադասեց կրթությունը շարունակել մագիստրատուրայում, գնալ գիտական ճանապարհով: Անցած սեպտեմբերից իր դոկտորականի վրա է աշխատում UCLA համալսարանում: Արդեն ունի պատենտ և գիտական հրապարակումներ:

Իր նախագծած սարքը մի ընկերություն պատրաստվում է շուկա մտցնել: 1997 թվականից ես ինքնուրույն եմ աշխատում: 2011-ին ինձ հաջողվեց կնոջս համոզել, որ Microsoft-ից դուրս գա ու միանա իմ ընկերությանը` որպես ծրագրավորող: Հիմնականում հեռախոսների ու պլանշետների ծրագրերով ենք զբաղվում: Աշխատում ենք տանը, ապրում ենք անտառում` ամենամոտիկ մթերային խանութից 15 կմ հեռավորության վրա…

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս