Ուկրաինայի ՊՆ-ը հաստատել է, որ ռուսամետ ակտիվիստները Դոնեցկի մարզում զավթել են 6 միավոր զրահատեխնիկա
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաք է մուտք գործել Ուկրաինայի զինված ուժերի 6 միավոր զրահատեխնիկա, որոնք գործել են հակաահաբեկչական գործողության պլանով:
Սակայն քաղաքի կենտրոնում շարասյան շարժումն արգելափակել են տեղաբնակները, որոնց թվում գտնվել են նաև ռուսական դիվերսիոն-ահաբեկչական խմբերի ներկայացուցիչներ:
Դրա հետևանքով ծայրահեղականներին հաջողվել է տիրել ռազմական տեխնիկային, և շարասյան ընթացքն ուղղել Սլավյանսկի ուղղությամբ: Դրա վրա հայտնվել են ռուսական դրոշներ:
Միևնույն ժամանակ Ուկրաինայի ՆԳՆ-ը հայտարարել է, որ վաղը Դոնեցկի մարզում պլանավորված հանրահավաքի ժամանակ արմատականները մտադիր են իրենց հակառակորդների հանդեպ ուժ (ավտոմատ զենք) կիրառել: