ՌԴ ԱԴԾ-ի աշխատակիցները մասնակցել են «Մայդանի» դեմ հատուկ գործողությունների ծրագրմանը
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վալենտին Նալիվայչենկոն հայտարարել է, որ բոլոր հիմքերը կան՝ կարծելու համար, որ Ռուսաստանի Անվտանգության դաշնության ծառայության (ԱԴԾ) աշխատակիցների խումբը մասնակցել է 2014 թվականի փետրվարին Կիևում բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ այսպես կոչված հակաահաբեկչական գործողության պլանավորմանն ու իրականացմանը:
Նա հավելել է, որ իրենց համար շատ կարևոր է Ռուսաստանի Հետաքննչական կոմիտեի պատասխանը. «Առաջին. 2013 թվականի դեկտեմբերի 20, Ոկրաինայի Անվտանգության ծառայության զորավարժարան, Ռուսաստանի ԱԴԾ-ի 26 աշխատակիցներ – խնդրում ենք պատասխանել, թե ինչով են զբաղվել նրանք, հայտնել նրանց կոչումներն ու պաշտոնները: 2014 թվականի հունվարի կես, 6 աշխատակից, Ռուսաստանի քաղաքացիներ: Ի՞նչ են արել նրանք, ինչպիսի՞ առաջադրանքներ են ունեցել և ի՞նչ են պլանավորել:
Երկրորդ հարցն առնչվում է նրան, որ Ուկրաինայի Անվտանգության ծառայության նախկին ղեկավար Ալեքսանդր Յակիմենկոյի անձնական հրամանով տվյալ խմբերին հատկացվել է ոչ միայն բնակատեղի, այլև՝ կառավարական կապ: Յակիմենկոն ինքը քանիցս զեկույց է ներկայացրել այդ խմբերին»:
Նալիվայչենկոն հայտարարել է, որ իրենք տեղի ունեցածի համար պատասխանատու են համարում Ուկրաինայի՝ տվյալ ժամանակվա նախագահ Վիկտոր Յանուկովիչին: