Ղազախստանի նոր վարչապետ է դարձել Կարիմ Մասիմովը
Tengrinews-ի փոխանցմամբ՝ Ղազախստանի մեջլիսը հաստատել է երկրի նոր վարչապետի թեկնածությունը: Այդ պաշտոնը զբաղեցրել է Կարիմ Մասիմովը, ով մինչ այդ գլխավորում էր նախագահի աշխատակազմը: Պատգամավորները միաձայն աջակցել են նրա թեկնածությանը:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ով առաջարկել էր նոր վարչապետի թեկնածությունը, արդեն իսկ ստորագրել է նրա նշանակման մասին հրամանը՝ ընդգծելով նրա արժանիքները կառավարությունում աշխատած տարիներին:
Նոր վարչապետն իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար և ընդգծել, որ եղել և մնում է նախագահի օգնականը: Մասիմովը 2007-2012 թվականներին գլխավորել է Ղազախստանի կառավարությունը, ինչից հետո դարձել է նախագահի աշխատակազմի ղեկավար:
Երեկ հրաժարական էր ներկայացրել Ղազախստանի վարչապետ Սերիկ Ախմետովը, ով տվյալ պաշտոնը զբաղեցնում էր 2012 թվականից: Ղազախական ԶԼՄ-ները կարծում են, որ նրա հրաժարականը կապված է ոչ վաղ անցյալում երկրում գրանցված արժեզրկման հետ: