Հերթական հիշեցումը, թե ինչ կլինի մեզ հետ, եթե չլինի Ռուսաստանը. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. Ռուսական հեռուստաալիքները, փաստորեն, «Ռոսիա 24»-ի գլխավորությամբ, վերջին օրերին տեսանյութեր են տարածել Քեսաբում հայերի կոտորածների մասին: Իբր թուրքերի աջակցությունը վայելող իսլամ ծայրահեղականները Քեսաբում հայ տղամարդկանց ծնկաչոք շարել են գետնին և հերթով կրակել գլխից: Նման դեպքեր իրականում տեղի չեն ունեցել, և փառք Աստծո, Քեսաբում ոչ մի հայ վերջին շրջանում չի զոհվել: Ինչու են, ուրեմն, ռուսական ալիքները նման տեսանյութեր տարածել: Գուցե սա ընդամենը թյուրըմբռնման, սխալ տեղեկատվություն ստանալու հետևա՞նք է: Եթե այդպես է, ռուսական լրատվամիջոցներին ոչինչ չէր խանգարում հերքում տալ, մանավանդ որ Հայաստանից ահազանգեր են հնչել հենց այդ հեռուստաընկերությունների կենտրոնակայաններ: Հերքումներ չեն հնչել, ինչը նշանակում է՝ տեսանյութը մտածված քաղաքականության արդյունք է:
Կարծում ենք, քննարկման արժանի է նաև այն վարկածը, որ վերը բերված ռեպորտաժը ռուսական հեռուստաալիքները տարածել են պրոֆիլակտիկ նպատակով: Ո՞րն է այդ նպատակը:
Թուրքիայի իրականացրած հայկական ջարդերը առանցքային տեղ ունեն հայ-ռուսական հարաբերություններում: 1915 թվականի Հայոց ցեղասպանությունն էլ՝ հայ-ռուսական հարաբերությունների ամենաողբերգական հետևանքն էր: Թուրքիայում ապրող հայերը առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում համակրում-դաշնակցում էին այդ երկրի հետ պատերազմի մեջ գտնվող Ռուսաստանին, և թուրքերը ռուսների ու նրա դաշնակիցների նկատմամբ ունեցած մուռը հանեցին այդ երկրում ապրող ազգային փոքրամասնություններից և առաջին հերթին մեզնից` հայերից:
Թուրքիայում տեղի ունեցած հայկական ջարդերը ուղղակի կապ ունեն ռուս-թուրքական պատերազմական ցիկլերի հետ: Ամեն անգամ մենք կոտորածների ենթարկվել ենք նաև այն պատճառով, որ մեր պաշտպանության հիմնական հույսը կապել ենք ռուսների, անգլիացիների ու ֆրանսիացիների հետ: Անգլիացիներն ու ֆրանսիացիները հընթացս դուրս են թռել մեր գիտակցությունից, և փաստն այն է, որ թուրքական գործոնը հիմա էլ է մեր ազգային գոյության ամենամեծ սպառնալիքը համարվում: Փաստ է նաև այն, որ մենք թուրքական գործոնից պաշտպանվելու ավելի գործուն մեխանիզմ չենք մտածել, քան Ռուսաստանն ու ռուսական ռազմական հզորությունն է:
Փաստն այն է, որ նույնիսկ ամենալիբերալ գործիչները, նույնիսկ նրանք, ովքեր համարվում են ոտով-գլխով ամերիկամետ և արևմտամետ, չեն համարձակվի պնդել, թե հայ-թուրքական սահմանից ռուսական բանակը պետք է հեռանա: Եթե նույնիսկ հիմա պնդեն, իշխանության հասնելու պարագայում չեն մտածի անգամ այդ մասին, եթե, իհարկե, ավանտյուրիստ չեն կամ Թուրքիայից պաշտպանվելու ավելի գործուն մեխանիզմ չեն մտածել: Բայց հայ-թուրքական սահմանին ռուսական զորքի առկայությունը և ապահովությունը Թուրքական կողմից՝ մեզ համար հնարավորություն էր, որ մեր անվտանգության հեռանկարների նոր համակարգերի, նոր ձևերի ու բովանդակության մասին մտածենք: Այդ ժամանակը ոչ միայն չօգտագործվեց ըստ նպատակի, այլև հիմա շատերը դեմ չեն լինի, եթե ռուսական զորքերը կանգնեն նաև Հանրապետության հրապարակում: Որովհետև հիմա իսկական թուրքի նկատմամբ մեր գենետիկ վախին ավելացել է ևս մեկը` այսպես կոչված ներքին թուրքի նկատմամբ վախը: Ու հիմա շատերը ռուսին ու Ռուսաստանին են համարվում ներքին թուրքի ճանկերից պրծնելու միակ հնարավորությունը, այնպես, ինչպես մտածում էին դարասկզբին: Այն ժամանակ նման մտայնության արդյունքը դարձավ հայրենիքի մեծագույն մասի կորուստը, այս անգամ զոհասեղանի վրա դրվում է պետականությունը, ինքնիշխանությունը: Հա, ի՞նչ կապ ունի այս ամենի հետ «Ռոսիա 24»-ի ռեպորտաժը: Դա կարող է լինել հերթական հիշեցումը, թե ինչ կլինի մեզ հետ, եթե չլինի Ռուսաստանը: Թերևս, Ռուսաստանում կարծում են, որ Երևանում ոմանք մոռացել են այդ մասին:

Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս