Ինչ խնդիր կարող է լուծել կառավարության հրաժարականը
«Կառավարությունն իրեն սպառել է»,- երեկ խորհրդարանի ամբիոնից հայտարարեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը: «Տարիներ շարունակ մենք ականատեսն ենք լինում կառավարության ոչ արդյունավետ գործունեության»,- նույն ամբիոնից հայտարարեց մեկ այլ ԲՀԿ-ական պատգամավոր` Վահե Էնֆիաջյանը: Թե Վահե Էնֆիաջյանը, թե Վահան Բաբայանը, հղում կատարելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ով հասարակական լայն համագործակցության կոչ է արել, իրենց հերթին՝ հասարակական կազմակերպություններին և խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունների երիտասարդական կազմակերպություններին համախմբման կոչ էին անում: Վահան Բաբայանն ասում է, որ այդ համախմբման նպատակը լինելու է կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը համակարգելը: Այդ նպատակով մարտի 28-ին ստեղծվելու է երիտասարդական օպերատիվ շտաբ:
Այսպիսով ԲՀԿ-ականները հայտարարում են, որ մարտի 28-ից սկսվելու է կառավարությանն անվստահություն հայտնելու միամսյակ, որի ավարտական արարը պետք է լինի ապրիլի 28-ին խորհրդարանում չորս ոչ իշխանական ուժերի կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու որոշման նախագծի քննարկումը: ԲՀԿ-ականներն ասում են, որ այս օպերատիվ շտաբի գործունեությունն ուղղված է լինելու համատեղ միջոցառումների կազմակերպմանը` երթեր, ցույցեր, հանրահավաքներ:
Մինչև այժմ կար խորհրդարանական չորս ոչ իշխանական ուժերի գործունեությունը համակարգող միասնական մարմին, որը քննարկում և համաձայնեցնում էր գործողությունների միասնական ծրագիրը: Բայց այդ մարմինն ավելի շատ խորհրդարանական գործունեության համար էր:
Քանի որ ԲՀԿ առաջնորդը խոսել է ավելի լայն համագործակցության անհրաժեշտության մասին, ապա պետք է ստեղծել մի հարթակ, որը հնարավորություն կտա կառավարությանն անվստահություն հայտնելու գաղափարի շուրջ համախմբել ոչ միայն խորհրդարանական չորս ոչ իշխանական կուսակցություններին, այլ նաև ոչ խորհրդարանական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնություններին, կառավարության գործունեությունից դժգոհ կամ տուժած քաղաքացիների տարբեր խմբերին:
ԲՀԿ-ականներն ասում են, որ իրենց նպատակն է լինելու՝ մեկ ամսվա ընթացքում ցույց տալ, որ կառավարությանն անվստահությունը ոչ միայն չորս կուսակցությունների, այլ հասարակության ամենատարբեր շերտերի պահանջն է:
Բայց եթե անգամ կառավարության գործունեությունից դժգոհ է հասարակության 80 և ավելի տոկոսը, միևնույն է, Հայաստանում կառավարության փոփոխության սահմանադրական միայն երկու ճանապարհ կա. երբ խորհրդարանի պատգամավորների մեծամասնությունն անվստահություն է հայտնում կառավարությանը՝ նրա գործունեությունը գնահատելով անբավարար, կամ՝ երբ նախագահն ինքն է անվստահություն հայտնում կառավարությանը: ԲՀԿ-ն և նրա գործընկերները խորհրդարանում չունեն բավարար թվով պատգամավորներ կառավարությանն անվստահություն հայտնելու համար, իսկ ՀՀԿ-ական մեծամասնությունը գոնե ֆորմալ առումով աջակցում է կառավարությանը և պատրաստ է պաշտպանել նրան: Այդ դեպքում այս շտաբի նպատակը կարող է լինել նախագահի վրա ճնշում գործադրելը, որպեսզի նա պարտադրված լինի անվստահություն հայտնել կառավարությանը: Հնարավոր է, որ նախագահ Սարգսյանը, ինչ-ինչ հանգամանքների բերումով՝ ինքը շահագրգռված լինի կառավարությանն անվստահություն հայտնելու հարցում:
Բավական հետաքրքիր ժամանակ է ընտրված կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը խորհրդարանի օրակարգ մտցնելու համար: Մայիսին կառավարությունը պետք է նախապատրաստած լինի Հայաստանի Հանրապետության՝ Մաքսային միությանն անդամակցելու փաստաթղթերի անհրաժեշտ փաթեթը: Ապրիլի 28-ին պահանջելով կառավարության հրաժարականը՝ խորհրդարանական քառյակը, ըստ էության, հարվածի տակ է դնում Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելու հեռանկարը, քանի որ, եթե Սերժ Սարգսյանն անվստահություն հայտնի կառավարությանը, ապա մեխանիկորեն կդադարեցվի անհրաժեշտ փաթեթի նախապատրաստման ընթացքը:
Նկատի ունենալով, որ այս չորս ուժերն էլ խիստ պրոռուսական են, փոքր-ինչ անհասկանալի է՝ ինչո՞ւ նրանք պետք է խոչընդոտեն Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու գործընթացը: Կա տեսակետ, որ Ռուսաստանն ինքն է հրահրում այս պրոցեսը, քանի որ առայժմ չի կարողանում Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելու հարցում ստանալ Ղազախստանի համաձայնությունը, և իր անկարողությունը չխոստովանելու համար փորձում է ձգձգման պատասխանատվությունը դնել Հայաստանի վրա:
ՄՄ-ին միանալու փաթեթը նախապատրաստող կառավարությանն անվստահությունը կարող է հետաձգման ամենահամոզիչ պատճառը դառնալ: