Սամվել Հարությունյանի պատասխանը՝ «Լիսկային հլու հնազանդ քոլատակի Սուրիկին». aravot.am
«ԵԿՄ Գորիսի կառույցի ղեկավարը՝ Սուրիկ Բաղդասարյանը ինձ հասցեագրել էր՝ ո՞վ ես, ի՞նչ մարդ ես, ո՞ր կուսակցությունից հռետորական հարցերը եւ աճապարել պատասխանել իր իսկ հարցերին: Հաշվենկատություն դրսեւորելու պարագայում չպետք է պատասխանեի, որովհետեւ քո ու քեզ նմանների՝ իմ հասցեին հնչեցրած քննադատությունը միայն բարձրացնում է վաստակածս հեղինակությունը: Սակայն, Լիսկայի ճիրաններից ազատագրելու, մարդասիրական մղումներից ելնելով, որոշեցի պատասխանել ոչ թե այդ մերկապարանոց հրապարակման իրական հեղինակին, այլ այն ստորագրողի ամոթալի բեռան տակ կքած քոլատակի Սուրիկին»,- aravot.am-ի փոխանցմամբ՝ իր նամակում գրել է Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը:
« Չեմ կասկածում, որ հոգուդ խորքում՝ ինչպես զոհված ավագ եղբայրդ՝ Վոլոդյան, նրա այրին, զավակները, ինչպես մյուս արվեստագետ ավագ եղբայրդ, իմ մասին ունես հրապարակվածին տրամագծորեն հակառակ կարծիք:
Ցավակցում եմ, որ լիսկայական վայրի կամայականությունների մեջ թաղված լինելուդ պատճառով չես հանդգնում բարձրաձայնել իրական համոզմունքիդ մասին: Ինչպես ասում են՝ մեղքը քո վիզը: Մանավանդ զոհված ազատամարտիկ եղբորդ հիշատակի հանդեպ հարգանքից դրդված՝ քանիցս օգտակար դիտողություններ եմ արել քեզ եւ առաջարկել հեռու մնալ Լիսկայի արտասովոր քրեական ընթացքից: Վերջին դիտողությունս արել եմ 2012 թվականի մայիսի 6-ին ՝ ՀՀ ԱԺ ընտրությունների օրը: Երեւի չես մոռացել, որ այն եղել է Գորիսի թիվ 3 դպրոցի մոտ: Դու ոչ միայն չես ընդդիմացել ինձ, այլեւ բազմաթիվ մարդկանց ներկայությամբ, քո նախաձեռնությամբ ողջագուրվել ես ինձ ու ականջիս փսփսացել՝ Հարությունյա՛ն, քեզ շատ եմ հարգում, բայց չեմ կարող չենթարկվել Սուրիկ Խաչատրյանի հրամանին: Իսկ այժմ, եթե ի վիճակի ես, դասեր քաղիր հետեւյալից: Իր վրա զայրացած ուսուցչի՝ ո՞վ ես դու հարցին, դպրոցական Նապոլեոն Բոնապարտը պատասխանել է՝ ես մարդ եմ: Ո՞վ ես, ի՞նչ մարդ ես, ո՞ր կուսակցությունից հարցերիդ, 60 ամյա տարիքում ես էլ պատասխանում եմ՝ ես մարդ եմ, գորիսեցի, սյունեցի հայ մարդ… Իմ կյանքում հիմնականում կատարել եմ ընտրովի աշխատանքներ, երբեւէ չեմ հպարտացել այն իրողությամբ, որ մայրաքաղաք Երեւանում հրաժարվել եմ բարձր պաշտոններ զբաղեցնելու, բարեկեցիկ կյանքով ապրելու հնարավորությունից, 1989-ի սկզբներին տեղափոխվել եմ իմ ծննդավայր Գորիս եւ ողջ կարողականությամբ մասնակցել տարածաշրջանի ինքնապաշտպանությանը: Սիրելի Սուրիկ, որքան էլ դժվար է , վերջապես ըմբռնիր՝ երբեւէ չեմ հեռացվել աշխատանքից: Ընտրված պաշտոններից՝ այդ թվում Գորիսի քաղաքապետի պաշտոնից ազատվել եմ իմ հոժար կամքով: Հակառակ քեզ օգտագործողների կողմից իմ նկատմամբ կիրառված բռնություններին՝ 1992 թվականի մայիսի 5-ին հեղինակությունս բավարարել է եռապատիկ ավելի ձայներով հաղթելու ՀՀ քաղաքական իշխող ուժի թեկնածուին եւ ընտրվելու Սյունյաց արծվաբույն Գորիսի քաղաքապետ, գորիսեցիների հետ պատվով դիմակայելու բոլոր փորձություններին: Հրապարակմանդ մեջ շեշտված քանի- քանի կուսակցություն չեմ փոխել, երբեք իմ կամ այլոց կուսակցական տոմսը չեմ պատռել…»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: