Ապրիլին դժվար է լինելու
Վերջապես պարզվեց, թե ինչ են մտադիր անել մեր կառավարության հետ խորհրդարանական հանրահայտ չորս ուժերը: Մինչդեռ մինչև երեկ պարզ չէր: Խորհրդարանական խմբակցությունները, չգիտես ինչու, ամիսներ շարունակ հասարակությունից թաքցնում էին իրենց ծրագրերը: Անընդհատ վանկարկում էին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու և կառավարությանը տհաճ անակնկալ մատուցելու մասին: Հիմա արդեն կարծես պարզ է:
Կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը կմեկնարկի ապրիլի վերջին կայանալիք խորհրդարանական նստաշրջանին: Բայց որպեսզի կառավարությունը մինչ այդ իրեն ապահով չզգա, մեկնարկելու է ստորագրահավաք: Կառավարության գործունեության դեմ ստորագրահավաք սկսելու լուրը համընկավ Ապարան-Երևան մայրուղին փակելու լուրի հետ: Սա, հնարավոր է, պատահականություն էր: Բայց միևնույն է՝ գարնան սկիզբը հարմար ժամանակաշրջան է գործադիր իշխանության դեմ բնակչության բողոքներն ի մի բերելու համար: Քաղաքաբնակները դեռ չեն մոռացել, որ վարչապետի բառերով ասած` «աննախադեպ ցրտի պատճառով շատ վճարեցին կոմունալ վարձերը»: Խոսքը նույնքան աննախադեպ գազի սակագների մասին է: Հայաստանյան ձմեռն աննախադեպ մի բաղադրիչ էլ ուներ՝ հունվարի 1-ից ոչ այն է` գործում է, ոչ այն է` չի գործում «Պարտադիր կուտակային» կոչված երևույթը:
Իսկ դրա դեմ հասարակական լուրջ դիմադրություն կա: Շարժում, որ մեր սոցիալ-տնտեսական կյանքում նոր ու քաղաքակիրթ տարրեր ներմուծեց: Արդի քաղաքականագիտամերձ բառապաշարով ասած՝ կրեատիվ տարրեր: Որոնց հանդեպ նույնիսկ մեր վարչապետը չկարողացավ անտարբեր մնալ:
Նա երեկ գովեստի խոսքեր շռայլեց այս շարժման հասցեին և «պատրաստակամություն հայտնեց երկխոսություն սկսել» շարժման հետ: Վարչապետն այնքան բարձր է գնահատում «Դեմ եմ» շարժման երիտասարդներին, որ կարծում է, թե այն «կվերաճի շարժման, որ կաշխատի հոգուտ Հայաստանի»: Փաստորեն, ըստ մեր իշխանությունների` մինչ այս եղած բոլոր շարժումները, մեղմ ասած, դավադրության պես մի բան են եղել, որոնց նպատակը Հայաստանին վնաս հասցնելն է եղել: Վերջին շրջանում մեր իշխանամետները կառավարությանը պաշտպանելիս միշտ նույն փաստարկն են բերում:
Ըստ նրանց` բարեփոխումների գնացող կառավարությունները ոչ մի երկրում էլ աջակցություն չեն վայելում: Սա, իհարկե, տարօրինակ ու չափազանցված ինքնարդարացում է: Այլապես ոչ մի ժողովրդավարական երկրում ոչ մի բարեփոխում ավարտին չէր հասցվի: Որովհետև այդ երկրներում կառավարությունները ձևավորվում են ընտրությունների արդյունքում: Բայց հիմա մեր իշխանությունները կամ մարտավարություն են փոխում, կամ այլ նպատակ ունեն:
Մինչ այս «Դեմ եմ» շարժմանը հստակ հաջողվել էր «չհամագործակցել» ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ և չքաղաքականանալ: Այս իմաստով վարչապետի մարտահրավերը նոր փորձություն է շարժման համար: Ցանկացած հասարակական շարժման համար անհամեմատ ավելի հեշտ է մերժել «խրամատավորվելու» և քաղաքական ուժերի հետ չկապվելու առաջարկը, երբ այդ առաջարկը ստանում է ընդդիմադիրներից: Այս առումով դեպքերի զարգացումը հետաքրքիր է լինելու: Հատկապես, որ այն ընթանալու է կառավարության գործունեության դեմ ստորագրահավաքի ֆոնին:
Իսկ ստորագրահավաքը գյուղական բնակավայրերում էլ բուռն է լինելու: Հիշեք թեկուզ անցած տարվա կարկտային գարունը, գյուղացիներին, որպես «օգնություն» բաժանվող դիզվառելիքի ու անորակ սերմացուի սկանդալները: Գյուղնախարարությունը հիմա անորակ սերմացուի ու մյուս` որպես աջակցություն ներկայացված ծրագրերի շրջանակում տասնյակ դատական գործեր է սկսել ֆերմերների ու պարզ գյուղացիների դեմ: Ուստի խորհրդարանական ուժերն իշխանություններին խոստացած տհաճ անակնկալը մատուցելու ճիշտ պահ են ընտրել:
Իսկապես հնարավոր է, որ ապրիլին դժվար է լինելու: Որովհետև մինչ այդ ահագին դեպքեր են լինելու: Միայն մարտի 22-ի «Դեմ եմ»-ի հանրահավաքն ահագին բան կճշտի: Ասեմ, որ ես անձամբ հավատալու եմ վարչապետի քաղաքակիրթ գնահատականներին: Հավատալու և ենթադրելու եմ, որ այդ հանրահավաքին հարազատ Ոստիկանությունն իրեն օրենքի շրջանակներում է պահելու:
Այսինքն` հանրահավաքի ու հնարավոր քայլերթի հանդեպ ուժ չի կիրառի: Իսկ դա ինձ համար խիստ կարևոր է: Ես պատրաստվում եմ ներկա գտնվել հանրահավաքին ու երազում եմ, որ բողոքի քայլերթ կլինի դեպի Բաղրամյան 26: Որովհետև արդեն մի քանի տարի է` Երևանի կենտրոնում Ռոդենի արձան կա տեղադրված: Արձանը կա, բայց ես չեմ տեսել: Ինչպես ձեզանից շատերը: Արդեն չեմ հավատում, որ մեր քաղաքային իշխանություններն այդ արձանը կտեղափոխեն ավելի պատշաճ մի վայր, ուր հնարավոր կլինի դիտել այն: Ուստի մարտի 22-ին կգնամ հանրահավաքի` Ռոդենի հեղինակած արձանը տեսնելու հույսով: