Լուկյանովը չի կարծում, որ ԼՂՀ-ը կօգտվի Ղրիմի նախադեպից և կդիմի Հայաստանին

Ռուսական Новые Известия թերթին տված հարցազրույցի ժամանակ Արտաքին ու պաշտպանական քաղաքականության խորհրդի նախագահ Ֆյոդր Լուկյանովն անդրադարձել է Ղրիմը Ռուսաստանի կազմում ընդգրկելու խնդրին.

«Ռուսաստանի ղեկավարությունը եկել է այն եզրահանգման, որ տվյալ հարցում մենք որևէ զիջման չենք գնա, անում ենք այն, ինչն անհրաժեշտ ենք համարում, իսկ Արևմուտքի արձագանքը մեզ չի հետաքրքրում. թող որքան ցանկանում են, այնքան էլ արձագանքեն:

Արևմուտքի հետ դիմակայությունը կարող է մի փոքր հեռու գնալ՝ կախված առաջին հերթին Արևմուտքի վճռականությունից, որը, ինչպես ինձ է թվում, ներկայումս գտնվում է որոշակի շփոթմունքի մեջ: Այնտեղ ակնհայտորեն պատրաստ չեն եղել իրադարձությունների նման զարգացմանը:

Մոսկվայում հասկացնել են տվել, որ Ուկրաինան կլինի յուրօրինակ «կարմիր գիծ», որն Արևմուտքը չպետք է հատի, սակայն Արևմուտքը, կարծես թե, դա լուրջ չէր ընկալել: Ինչ վերաբերում է Ռուսաստանին Մերձդնեստրի միանալուն, ապա դա չափազանց քիչ հավանական է:

Դա անգամ դժվար է պատկերացնել տեխնիկական առումով: Եթե Մերձդնեստրը գտնվեր Ռուսաստանի սահմանների մոտ, ապա տեսականորեն կարելի կլիներ քննարկել այդ տարբերակը: Սակայն այն էքսկլավ է, դրա համար էլ այն Ռուսաստանի կազմում ընդգրկելը հազիվ թե իրատեսական է»:

Լուկյանովին հարցրել են, թե արդյոք չճանաչված պետությունները չե՞ն փորձի օգտվել Ղրիմի նախադեպից՝ հասնելով իրենց կարգավիճակի վերանայմանը (օրինակ, Ղարաբաղը պաշտոնապես խնդրի իրեն ներառել Հայաստանի կազմում), ինչն էլ կմեծացնի լարվածությունը:

Ի պատասխան՝ Լուկյանովը հայտարարել է. «Ղարաբաղի հարցում, հազիվ թե, ինչ-որ բան տեղի ունենա. այնտեղ ամեն ինչ պահպանվում է չափազանց նուրբ հաշվեկշռի վրա: Բացի այդ, վերանայմանն առնչվող աշխարհաքաղաքական փոփոխությունները սկսվել են Ղրիմի դեպքերից շատ առաջ, հնարավոր է՝ Սերբիայից Կոսովոն անջատելիս: Ընդհակառակը, հենց այս իրադարձությունները հանդիսանում են այն փոփոխությունների հետևանքը»:

Տեսանյութեր

Լրահոս