«Նորմալ ապրելու ցանկությունը չի նշանակում՝ դեմ գնալ Ռուսաստանին»

Հարցազրույց ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի հետ (Սկիզբը` այստեղ.)

– Պարոն Զուրաբյան, Դուք նշում եք, թե համաձայն չեք, որ Մաքսային/Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցումն անշրջելի է: Դա, մասնավորապես, Հայ ազգային կոնգրես կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի տեսակետն է, որը շատերը համարեցին յուրօրինակ ուղերձ Ռուսաստանին: Ի՞նչ կարծիք ունեք սրա մասին:

– Յուրաքանչյուր քաղաքական այր ազատ է գործելու իր համոզմունքների շրջանակում և արտահայտելու այն մտքերը, որոնք ճիշտ և նպատակահարմար է համարում: Այս դեպքում հարցը վերաբերում է ՀԱԿ առաջնորդին: Ես չեմ կիսում այդ մոտեցումը, գտնում եմ, որ այս գործընթացը շատ արագ և շատ հստակ շրջելի է: Ընդ որում, Մաքսային միությունը՝ լինելով անհեթեթ, արհեստածին միավոր, ինքն իրեն կարող է փլուզվել: Էլ չխոսենք այն մասին, որ, եթե Հայաստանում լինի Հայաստանի շահը սպասարկող իշխանություն, ապա այդ փոփոխությունն ակնհայտորեն շատ արագ տեղի կունենա, որովհետև չեմ կարծում, թե որևէ բանական էակ, ով իր քաղաքական ապագան չի կապում Ռուսաստանի հետ, Հայաստանի զարգացումը տեսնի Մաքսային միության շրջանակներում: Բավական է նշել, որ քաղաքակիրթ պետությունների ընտանիքում Բելառուսը, Ղրղըզստանը կամ նույն Ռուսաստանը տեղ չունեն:

Ցավով եմ սա ասում, կցանկանայի, որ այդ պետությունները նույնպես ընթանային ժողովրդավարացման ճանապարհով: Եվ այդ պարագայում մենք որևէ խոչընդոտ չէինք տեսնի Ռուսաստանի հետ միասին ընթացք ունենալու և համատեղ գործելու հարցում: Բայց ցանկացած ողջամիտ մարդ ցանկանում է ապրել ժողովրդավարական հասարակության կանոններով, ցանկանում է, որ իր երկիրն ունենա նորմալ տնտեսություն, ոչ թե այն, ինչ առկա է Հայաստանում, և դա տեսնում է ոչ թե Մաքսային միությունում, այլ մեկ այլ հարթությունում:

– Հնարավոր համարո՞ւմ եք այսպիսի վարկած` ընդդիմադիր ուժերը պարզապես խելամիտ չեն համարում Ռուսաստանին, Ռուսաստանի քաղաքականությանը դեմ գնալը, և Տեր-Պետրոսյանի նման ուղերձները ծառայում են հենց այդ նպատակին:

– Ցանկացած ձևով կարելի է գնահատել: Կարելի է նաև ճշմարտությունը թաքցնել, փորձել քողարկել և այլն, բայց ճշմարտությունը չի դադարում ապրել, իսկ ճշմարտությունն այստեղ մեկն է: Ռուսաստանին դեմ գնալու հարց, որպես այդպիսին, չկա: Ներեցեք, մեր նորմալ ապրելու ցանկությունը չի նշանակում` դեմ գնալ Ռուսաստանին: Երբ խոսքը գնում էր ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու մասին, Հայաստանը չէր հայտարարում, թե Հայաստանը դուրս է գալիս այս ռազմաքաղաքական դաշինքից և մտնում է մեկ այլ ռազմաքաղաքական դաշինքի մեջ կամ խզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ո՛չ, նման բան չկար:

Հայաստանը Ռուսաստանի հետ պահպանում էր բարիդրացիական հարաբերությունները, նույն Եվրոպական միությունը չէր դրել նման պահանջ, որ Հայաստանը պետք է ինչ-որ փոփոխություններ կատարի անվտանգության և ռազմաքաղաքական հարցերում: Խոսքը վերաբերում էր տնտեսական ասոցիացմանը, որը կարող էր դառնալ Հայաստանի տնտեսության զարգացման հիմնաքարը: Եվ այդ հարցում որևէ քայլ կատարելը չէր կարող հակասել Ռուսաստանի շահերին: Կրկնում եմ` նույն Ռուսաստանի նախագահը ոչ վաղ անցյալում հայտարարեց, թե շատ լավ կլինի, որ ազատ առևտրի գոտի ստեղծվի Մաքսային միության և Եվրամիության երկրների միջև:

Ստացվում է՝ Ռուսաստանի համար ցանկալի է Եվրամիության հետ ազատ առևտրի գոտու ստեղծումը, իսկ Հայաստանը կամավոր հրաժարվո՞ւմ է այդ հնարավորությունից: Թե՞ այդպիսով ինչ-որ հավատարմության ռևերանս է անում Ռուսաստանին, կամ Ռուսաստանն է պարտադրում Հայաստանին հրաժարվել դրանից: Այստեղ չեմ տեսնում որևէ նպատակահարմարություն, որևէ խելամտություն, ինչպես որ խելամտություն չեմ տեսնում Ռուսաստանի դիրքորոշման մեջ` Ուկրաինայի հարցի հետ կապված, որովհետև, միևնույն է՝ Ռուսաստանը չի կարող Ուկրաինայի ժողովրդի փոխարեն որոշել, թե որտեղ պետք է գտնվի Ուկրաինան:

Մի օր Հայաստանի հասարակությունը նույնպես կկարողանա իր կամքը թելադրել Հայաստանի իշխանություններին, իսկ եթե դա չհաջողվի, ապա կհեռացնի այդ իշխանություններին և կձևավորի իշխանություն, որը կարտահայտի հայ հասարակության կամքը:

– Իսկ Ձեր կարծիքով` ինչո՞ւ է «Մայդանը» գնահատվում` որպես հակառուսական երևույթ:

– Այս ամենը Ֆրեյդի տեսությանն է շատ նմանվում, որովհետև այստեղ թաքնված բան կա: Եթե Ռուսաստանը բարձրաձայն հայտարարեր, որ ինքը հետադիմության կրողն է, հասարակությունների ժանդարմն է և այլն, այդ ժամանակ շատ բնական կլիներ, որ «Մայդանը» հակառուսականություն է: Բայց այս ամենը քողարկված է, և որևէ շարժում դեպի լույս այնտեղ ընկալվում է որպես հակառուսականություն:

– Անդրադառնանք ներքաղաքական վերջին զարգացումներին: Ոչ իշխանական ուժերն անցկացնում են ակտիվ հանդիպումներ` քննարկելով հասարակության ու քաղաքական ուժերի համախմբման կամ, ինչպես իրենք են բնորոշում, կոնսոլիդացիայի հարցը` ԲՀԿ- Դաշնակցություն, ՀԱԿ-ԲՀԿ, ԲՀԿ-Ժառանգություն: Ըստ Ձեզ` սա կարո՞ղ է որևէ արդյունք տալ` հակաիշխանական պայքարի իմաստով:

– Մեծ ակնկալիքներ չունեմ, որևէ դեմ բան էլ չեմ ուզում ասել: Այդ հանդիպումները, որոշակի հարցերի շուրջ միասնաբար հանդես գալու հնարավորությունը՝ որպես երևույթ, բացասական գնահատել չի կարելի: Թե հաջողության պարագայում ինչպիսի փոփոխությունների կհասնեն այդ ուժերը, արդեն այլ հարց է: Չեմ կարծում, որ դրանք ընդգրկուն կլինեն կամ այնպիսին, ինչպիսին ես կցանկանայի: Ցավոք, մենք նորից գնում ենք մի ճանապարհով, որն անցել ենք բազմիցս, և բոլոր նրանք, ովքեր գնացել են այդ ճանապարհով, անհաջողության են մատնվել:

Իսկ ճանապարհը հետևյալն է` գաղափարական սկզբունքները, մոտեցումները ստորադասվում են քաղաքական ինչ-որ նպատակի: Իմ համոզմամբ` շատ քիչ, բացառիկ դեպքեր կան, երբ նպատակը կարող է արդարացնել միջոցները: Իհարկե, քաղաքական ուժերի և նրանց առաջնորդների մոտեցումները տարբեր են, մի մասի համար դա երկրորդական է, և նրանց համար ընդունելի է ցանկացած միջոց` հանուն նպատակի: Երևի այս հարցում մենք տարբերվում ենք:

Ցավում եմ, որ քաղաքական գործիչներից մի մասի շուրթերից նույնիսկ դադարել է հնչել «ընդդիմություն» բառը, սկսել է ավելի շատ շրջանառվել «ոչ իշխանական ուժեր» եզրույթը: Բնականաբար, սա տուրք է մեկ քաղաքական ուժի, որը չի հայտարարում, թե ինքն ընդդիմություն է: Իհարկե, կա մեկ այլ վտանգ, որ ներկայիս ուժին փոխարինի նմանատիպ մեկ այլ ուժ, այդ դեպքում մենք շատ լուրջ հարված կստանանք: Բայց հուսանք և հավատանք, որ այդպես չի լինի:

– Իսկ այս գործընթացներում որտե՞ղ է իրեն պատկերացնում ՀՀՇ-ն` որպես ընդդիմադիր կուսակցություն:

– ՀՀՇ-ն բոլոր գործընթացներում, բնականաբար, լինելու է այնտեղ, որտեղ հասարակությունն է, մեր հասարակության այն հատվածը, որը մշտապես մասնակցում է բոլոր քաղաքական գործընթացներին և, ցավոք, հիասթափված է դուրս գալիս այդ գործընթացներից:

Վերջին գրեթե երկու տասնամյակում հասարակությունը մշտապես մասնակցել է քաղաքական գործընթացներին, ընտրություններին, հանրահավաքներին, և ազնվորեն կատարել է իր պարտքը, ընտրել է ընդդիմությունը ներկայացնող քաղաքական այրին կամ այրերին, սակայն հիասթափվել է, երբ իր ընտրության արդյունքն առարկայական չի դարձել: Բայց կարծում եմ, որ դա պատճառ չպետք է դառնա, որ հասարակությունը դադարի պայքարել: Եվ մենք լինելու ենք մեր հասարակության կողքին, լինելու ենք այնտեղ, որտեղ կա այդ պայքարը` հանուն Հայաստանն ավելի լավ պետություն դարձնելու:

Տեսանյութեր

Լրահոս