«Եվրոպական ալյանսի» նպատակն է ՀՀ-ում եվրոպական ուղղության ամրացումն ու կոնկրետ գործողությունների իրականացումը
Հարցազրույց ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի հետ
– Նախօրեին ՀՀՇ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որում առաջ է քաշվում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Հայաստանի անդամակցության պայմանների վերանայման, ինչպես նաև Հայաստանում ռուսական ռազմակայանի ներկայությունն ապահովող իրավապայմանագրային հիմքի վերաիմաստավորման անհրաժեշտությունը: Ինչո՞վ է պայմանավորված ՀՀՇ-ի այս քայլը:
– Այսօր բոլորս հետևում ենք Ուկրաինայում ծավալվող իրադարձություններին, գիտենք, որ Ռուսաստանը և Ուկրաինան դարեր շարունակ բարեկամական հարաբերություններ են ունեցել, ինչն այսօր չի խանգարում Ռուսաստանին` ընդհուպ մինչև ռազմական անեքսիայի դիմել և զորքեր տեղակայել Ուկրաինայի տարածքում, մասնավորապես` Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում: Եվ այս գործընթացը, փաստորեն, ստեղծում է նոր բաժանարար գծեր, ինչը չափազանց վտանգավոր գործընթաց է: Մի պահ այդ վտանգը եղել է դեռևս ռուս-վրացական իրադարձությունների ժամանակ, երբ Հայաստանը, նույն Ռուսաստանի հետ լինելով ՀԱՊԿ անդամ, ռազմական գործողությունների ընթացքում պետք է իր վերաբերմունքը, տեսակետն արտահայտեր և քայլերն աներ ինչ-որ պայմաններում:
Փառք Աստծո, որ այն ժամանակ ամեն ինչ ավարտվեց ավելի մեղմ ձևով, քան կարող էր լինել: Հակառակ պարագայում, մենք, անկախ մեր կամքից, կարող էինք ներքաշվել այնպիսի իրադարձությունների մեջ, որոնք անշրջելի կլինեին Հայաստանի համար, որովհետև Վրաստանը Հայաստանի հարևան և բարեկամ երկիր է: Նույնը տեղի է ունենում Ուկրաինայի պարագայում: Ընդ որում, եթե նկատել եք, Հայաստանի իշխանությունները որևէ տեսակետ չեն արտահայտում այս ամենի վերաբերյալ, գոնե հայ հասարակության համար անհայտ է` մեր իշխանություններն ընդունո՞ւմ են ողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից ընդունված Ուկրաինայի ժամանակավոր իշխանություններին, թե՞ ոչ:
– Ի դեպ, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 10-ի ասուլիսում Հայաստանի դիրքորոշման մասին նշել է հետևյալը. «Մենք հուսով ենք, որ կձեռնարկվեն բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի իրավական դաշտում խաղաղ ճանապարհով լուծումներ գտնվեն, որոնք կնպաստեն լարվածության նվազեցմանը և կուտակված հարցերի լուծմանը»:
– Կարելի է այսպես գնահատել` «Ես այս հարցի վերաբերյալ ասում եմ ամեն ինչ` ոչինչ չասելով», կամ` հակառակը: Հիմա դուք հետևություն արեք: Եվ սրա պատճառը շատ պարզ է` Հայաստանը կորցրել է իր ինքնիշխանությունը ոչ միայն այս ռազմաքաղաքական դաշինքի շրջանակներում, այլ ընդհանրապես բոլոր հարցերում: Հայաստանը մտահոգված է նույնիսկ որևէ կարծիք արտահայտելու իրավունք ունենալու առումով, որովհետև տվյալ պարագայում Ռուսաստանին կարող է դուր չգալ որևէ տեսակետ, որ Հայաստանի իշխանությունը կարող է արտահայտել: Եվ մեր իշխանություններն, ըստ ամենայնի, ցայտնոտի մեջ են, ինչի արդյունքում մենք, փաստորեն, ընկնում ենք այն շրջանակի մեջ, որում Ռուսաստանն է:
Իսկ Ռուսաստանն իր գործողություններով կարող է հանգեցնել այն վիճակին, որ միջազգային հանրությունը պատժամիջոցներ կիրառի նրա դեմ, ինչի նախանշաններն արդեն տեսնում ենք: Այդ պարագայում տուժելու է ոչ միայն Ռուսաստանը, այլև դա խիստ բացասաբար է անդրադառնալու նաև ՀՀ-ի վրա: Սա միայն իմ տեսակետը չէ, այդ մասին, եթե չեմ սխալվում, այսօր խոսել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարը:
Եվս մի կարևոր հանգամանք այս պայմանագրի վերաբերյալ. եկեք հիշենք` երբ երկարացվեց ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի տեղակայման մասին պայմանագիրը: 2010-ին այն դեռ գործողության մեջ էր, և պայմանագրի ժամկետի ավարտին 8-10 տարի կար: Եվ կողմերը, փաստորեն, ձեռնարկեցին գործընթաց, որի հետևանքով պայմանագիրը երկարացվեց 49 տարով:
Կարծում եմ` սա պայմանավորված էր նրանով, որ ռուսական կողմը վստահություն չուներ և պարտադրեց երկարաձգել և նորացնել այդ պայմանագիրը: Սա, ըստ էության, աննախադեպ երևույթ է: Ռուսաստանն` ինքը, մշտապես փոփոխությունների մեջ է. ամեն 20-30 տարի Ռուսաստանում ինչ-որ մի բան է կատարվում, որի հետևանքով ողջ Ռուսաստանը շրջվում, հեղափոխվում է: Սրանում կարող ենք համոզվել, եթե նայենք Ռուսաստանի վերջին հարյուր տարվա պատմությանը: Եվ այսօր էլ հայտնի չէ, թե տվյալ պայմանագրի ավարտի պահին որտեղ կլինի Ռուսաստանը, և ինչպիսին նա կլինի:
Սրանով է նաև պայմանավորված մեր կողմից այս հարցը բարձրացնելը:
Բայց ՀՀՇ-ի կողմից այս հարցի բարձրացման ամենակարևոր հիմքն այն է, որ սեպտեմբերի 3-ին Հայաստանը, փաստորեն, շատ լուրջ փոփոխության ենթարկեց իր արտաքին քաղաքական կուրսը` ինչպես տնտեսական զարգացման, այնպես էլ` քաղաքական-քաղաքակրթական հարթությունում: Հայաստանը, որը գնում էր դեպի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման, մեկ օրում կտրուկ շրջադարձ կատարեց և ընդգրկվեց Մաքսային միության անդամակցության գործընթացում: Այստեղ հերթական անգամ արտահայտվեց այն իրողությունը, որ Հայաստանի իշխանությունները ոչ ադեկվատ վիճակում են և չեն սպասարկում Հայաստանի հասարակության շահերը: Դրա մասին կարելի է շատ երկար խոսել, բայց պետք է ընդգծեմ, որ Հայաստանի իշխանությունները կատարեցին այս շրջադարձը` ևս մեկ անգամ իրենց ստրկական նվիրվածությունը Ռուսաստանին ապացուցելու համար, այն դեպքում, երբ դրան նախորդող ժամանակահատվածում` մոտ 3-4 տարի, Եվրոպայի հետ մեծ աշխատանք էր կատարվել:
– Իսկ ի՞նչ է «Եվրոպական ալյանսը», որի մասին նշվում է ՀՀՇ-ի հայտարարությունում:
– Այսօր Հայաստանում ունենք այսպիսի իրավիճակ. կա ռուսամետ իշխանություն, որը Հայաստանի շահերից առավել սպասարկում է Ռուսաստանի շահը Հայաստանում, ունենք ընդդիմություն, և պետք է ցավով նշեմ, որ ընդդիմության մի զգալի մասի համար դեպի Մաքսային միություն ընթացքն «անշրջելի է», և ինչ-որ տեղ, հավանաբար, ողջունելի կամ հաստատ ողջունելի է:
Մենք չենք կիսում այս մոտեցումը և գտնում ենք, որ Հայաստանում կան թե՛ անհատներ, թե՛ հասարակական խմբեր, վստահ եմ` կլինեն նաև կուսակցություններ, որոնք Հայաստանը տեսնում են եվրոպական քաղաքակիրթ ազգերի ընտանիքում, որտեղ հարգվում են մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները: Համոզված եմ, որ Հայաստանի ապագան հենց այդ ընտանիքում է, սա քաղաքակրթական ընտրության հարց է: Եվ մենք ցանկանում ենք այս նախաձեռնությունը՝ «Եվրոպական ալյանսը», ծառայեցնել նրան, որպեսզի եվրոպական ուղղվածությունը Հայաստանում հնարավորինս ամրանա, համակարգվի և դառնա կոնկրետ ծրագրեր ու գործողություններ մշակող և իրականացնող հարթակ:
Մենք գտնում ենք, որ այս հարթության մեջ շատ լուրջ աշխատանք կա կատարելու: Հայաստանի ներկայիս քաղաքական ներկապնակը շատ միաբևեռ է, և այս քայլն ուղղված է այդ ներկապնակի դիվերսիֆիկացմանը: Համոզված եմ, որ շատ-շատերը կմիանան այս նախաձեռնությանը, որովհետև, միևնույն է, այստեղ է ապագան, և Հայաստանն այս ուղղությամբ է շարժվելու: Եթե նույն Ռուսաստանը հնարավորություն ունենար վերափոխվելու, կարծում եմ` ինքն էլ կցանկանար այս ուղղությամբ շարժվել:
Բազմիցս ասել եմ, բայց կրկնեմ` ինքը` Վլադիմիր Պուտինը, երբ դեռ առաջին անգամ պատրաստվում էր նախագահական ընտրությունների, հայտարարում էր, թե Ռուսաստանը տեսնում է ՆԱՏՕ-ի և Եվրամիության կազմում: Հավանաբար, Ռուսաստանը չէր համապատասխանում այն չափորոշիչներին, որոնք անհրաժեշտ են նշված կառույցների ու համակարգերի մեջ մտնելու համար, և դա տեղի չունեցավ: Բայց պատկերացնենք՝ այդ գործընթացը ծավալվում էր, այդ ժամանակ, չեմ կարծում, որ Հայաստանը կփորձեր Ռուսաստանից առանձնանալ և հայտարարել` ոչ, մենք չենք գնում այս ուղղությամբ:
– Պարոն Զուրաբյան, Դուք հարցը, փաստորեն, կապեցիք ուկրաինական դեպքերի հետ: Հետևաբար, հարց է առաջանում` ի՞նչ երաշխիք ունենք մենք, որ Մայդանի նման հակաիշխանական հզոր շարժման դեպքում ռուսական ռազմաբազան նույնպիսի գործողություններ չի կատարի նաև Հայաստանում, ինչպես եղավ Ղրիմում:
– Հարցը հենց այդտեղ է, որևէ երաշխիք չկա, որ դա տեղի չի ունենա: եթե հիշում եք` նույն Պուտինը` ժամանելով Գյումրի, ոչ թե խոսեց այն մասին, որ մենք պետք է զարգացնենք Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, մեր բարեկամությունն անքակտելի է, և այլն, այլ հայտարարեց, թե «Ռուսաստանը չի պատրաստվում լքել Կովկասը»: Նման հայտարարություն անում են մի դեպքում, երբ այցելում են իրենց ֆորպոստ, իրենց զորամաս, բայց ոչ բարեկամ պետություն, որովհետև բարեկամ պետության հետ ունենում են արժանապատիվ, իրավահավասար հարաբերություններ: Իսկ նմանատիպ հայտարարությունները չեն վկայում դրա մասին: Եվ, ընդհանրապես, ռուսական կողմից բազմաթիվ հայտարարություններ ենք լսել` համեմատություն Կալինինգրադի մարզի հետ, «ֆորպոստ» և այլն:
– 2011թ. դեկտեմբերին Մոսկվայում ՀԱՊԿ գագաթաժողովում ընդունվել է մի արձանագրություն` «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների տարածքներում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին», որը 2012-ի աշնանը վավերացվել է ՀՀ Ազգային ժողովում: Ըստ այդ արձանագրության` ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքում ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկրների ռազմական օբյեկտների տեղակայման համար այժմ անհրաժեշտ է ՀԱՊԿ անդամ-պետությունների համաձայնությունը: Բացի այդ` ՀԱՊԿ շրջանակներում արդեն ստեղծվել են «արագ արձագանքման հավաքական ուժեր», որոնց նպատակն անհրաժեշտության դեպքում ներքաղաքական ճգնաժամերին միջամտելն է: ՀՀՇ-ի նախաձեռնությունը նաև այս հարցերին վերաբերո՞ւմ է:
– Միանշանակ վերաբերում է նաև դրանց: Տեսեք` ինչպիսի անհեթեթություն է, դիցուք` Հայաստանն ու ՆԱՏՕ-ն եկել են համաձայնության` Հայաստանում կառուցել ռազմական հոսպիտալ, որտեղ այս կամ այն հիվանդությունը պետք է բուժեն, կամ, օրինակ, պետք է անցկացվեն հակաականապատման միջոցառումներ Հայաստանում, կամ կրթական կենտրոն ստեղծվի, և մենք դրա համար պետք է այլ պետությունների թույլտվությունը ստանանք: Սա անհեթեթություն է: Իսկ արագ արձագանքման ուժերի մասին խոսելն այս պայմաններում ընդհանրապես ավելորդ է: Եթե այն մի փոքր էլ առարկայական դառնա, կնշանակի, որ ՀԱՊԿ անդամ երկրներում վերանում է բռնապետությունը փոխելու որևէ հնարավորություն, գոնե, քանի դեռ կա Ռուսաստանի Դաշնությունը: Դուք շատ ճիշտ նշեցիք այս խնդիրների մասին, և սրանք այն պատճառներից են, որոնք մեզ ստիպում են հանդես գալ նման նախաձեռնությամբ: